

Հողային, ջրային և անտառային պաշարների կորուստը և դրա հետևանքով առաջացած պարենային անվտանգությունը դարձել են ժամանակակից աշխարհի հիմնական խնդիրները, որոնք խորանում են կլիմայի փոփոխության, ռազմական և քաղաքական կոնֆլիկտների պայմաններում։ Այս խնդիրները լուծելու փորձերը կարող են հաջողություն ունենալ միայն քաղաքական կամքի դրսևորման դեպքում, որը կդիմակայի արագ գումար ստանալու մոլուցքին և բնական ռեսուրսների ոչնչացմանը:
Հայաստանը լուծումներ է առաջարկում՝ միանալով կանաչ նախաձեռնություններին, վավերացնելով բնապահպանական կոնվենցիաներ և հայտարարություններ անելով կանաչ տնտեսության անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս են այս հարցերը լուծվում իրականում։ Անդրադառնանք հանքարդյունաբերության ոլորտին, որի մասին կառավարության 5-ամյա ծրագրում (2021-2026թթ.) ասված է. «Ապահովել ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը՝ բացառելով բնական պաշարների գերշահագործումը»:
2022 թ-ի հունվարի 1-ի դրությամբ տրվել է մետաղական հանքավայրերի արդյունահանման 23 լիցենզիա։ Փաստացի շահագործվում է 6-7 հանքավայր։ Մնացած հանքավայրերը կամ չեն շահագործվում, կամ ժամանակ առ ժամանակ են շահագործվում, այսինքն, ընկերությունները չեն կատարում իրենց պարտավորությունները պետության և ազդակիր համայնքների նկատմամբ։
Կառավարության կողմից փորձ արվեց դադարեցնել նման ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները։ Հինգ նման ընկերություններից երկուսը ճանաչվեցին սնանկ, իսկ երեք ընկերություններ դատական կարգով վերականգնեցին իրենց իրավունքները։ Այս ընտրովի որոշումներին հաջորդեցին օրենսդրական բարեփոխումները, որոնք խրախուսում են անպատասխանատու բիզնեսը, հատկապես ազդակիր համայնքների հետ հարաբերություններում:
2022 թ-ի մայիսի 25-ին ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանափակվում են քաղաքացիների՝ բողոքի ակցիաներ անցկացնելու, որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքները, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և Օրհուսի կոնվենցիայով և հակասում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 7-րդ կետին: Այդ փոփոխությունները վատթարացրել են քաղաքացիական հասարակության իրավական դիրքը:
Հանքարդյունաբերության զարգացման նոր ռազմավարությունը մշակվում է այն բիզնես ընկերությունների մասնակցությամբ, որոնք ուղղակի և անուղղակի շահույթ են ստանում հանքարդյունաբերությունից: «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ («Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն»: Դրամաշնորհների ծրագիր II, թիվ TF0B3556 դրամաշնորհ): Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Ծրագրով նախատեսված աշխատանքները համակարգում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ռազմավարության մշակումն իրականացվել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՀ), «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ-ի (ՀՀ), «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի (ՀՀ) և «Գլոբալ Ռեսուրս: Ինժեներինգ» ՓԲԸ-ի (ԱՄՆ) համատեղ գործունեության շրջանակներում, որտեղ որպես հիմնական խորհրդատու հանդես է եկել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն: Ցանկում բացակայում են այն փորձագետներն ու շահագրգիռ հանրությունը, ովքեր արդեն մի քանի ամիս դիմում են փաստաթուղթը մշակողներին հանքարդյունաբերության ոլորտում հավասարակշռված մոտեցման և գործունեության այնպիսի կարգավորման առաջարկներով, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրերում նշված նպատակներին, կանաչ տնտեսության, բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակներին՝ կայուն զարգացման և հարմարվողականության ու հետևանքների մեղմացման համար կլիմայական քաղաքականության տեսանկյունից: Ռազմավարության մեջ այս կետերի մասին խոսք չկա։ Ընդհակառակը, վերացվում են հանքարդյունաբերական բիզնեսի համար այն սահմանափակումները, որոնք սահմանված են ելնելով բնապահպանական օրենսդրությունից: Օրինակ, բնության հատուկ պահպանվող տարածքներում հանքարդյունաբերության արգելքը։ Ռազմավարության նախագծով առաջարկվում է թույլատրել ընդերքի օգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Հատկապես նշենք ընդգծված բացասական դիրքորոշումը հանքարդյունաբերության ոլորտում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության նկատմամբ։ Թույլատրվում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ապատեղեկատվությունը բնապահպանական ակտիվիստների կողմից» կամ իրավական հետևանքների կոչը հանրային լսումների անցկացումը խոչընդոտելու դեպքում: Սա նշանակում է, որ մշակվող Ռազմավարության հեղինակներն առաջարկում են հրաժարվել որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցության ապահովման մեխանիզմից, որը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով։ Այս մեխանիզմը հանրությանը հնարավորություն է տալիս արտահայտել իր անհամաձայնությունը խնդրահարույց նախագծերի վերաբերյալ։ Սակայն Ռազմավարությունը նախադրյալներ է ստեղծում բնապահպանական հանրության օտարման համար, ինչն անընդունելի է ռազմավարական փաստաթղթում։ Ծայրահեղ վիճելի է Ռազմավարությամբ առաջարկվող մեխանիզմը՝ ընդերքօգտագործողներին միասնական եղանակով տրամադրել հող և ընդերքօգտագործման լիցենզիա: Այս հարցն առաջարկվում է լուծել «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ մտցնելով՝ նախատեսելով հողօգտագործման պայմանագրի կնքումը պարտադիր հիմունքներով, օրինակ, «Բացառիկ՝ գերակա հանրային շահ»-ի մեխանիզմի օգնությամբ, որը բազմիցս ենթարկվել է քննադատության որպես հակասահմանադրական և չի համապատասխանում սեփականատերերի շահերին: Այսպիսով, համայնքներից և ֆիզիկական անձանցից խլվում է հողի սեփականության իրավունքը և իրավունքը որոշելու՝ տրամադրել հող ընդերքօգտագործման համար, թե՝ ոչ, ինչը հակասում է մի շարք հիմնարար օրենքների՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ հողային օրենսգրքին, մարդու իրավունքներին վերաբերող ողջ օրենսդրությանը:
Ընդերքօգտագործման, երկրաբանական հետախուզման և ուսումնասիրությունների աշխատանքների լիցենզիաների մասին։
Երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիաները տրվում են չափազանց ակտիվ և անվերահսկելի կերպով, այդ թվում այն ընկերություններին, որոնք այս բիզնեսում ունեն ոչ բարենպաստ պատմություն՝ կապված չկատարված պայմանագրային պարտավորությունների, սոցիալական և բնապահպանական քաղաքականության պարտավորությունների, պետական և համայնքային բյուջե չկատարած վճարումների և այլնի հետ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացի շրջանակներում բացահայտվել են ընկերությունների սեփականատերերի անունները, այդ թվում՝ անբարեխիղճ սեփականատերերի: Սակայն անբարեխիղճ սեփականատերերը ոլորտից չեն հեռացվել, և տրամադրված նոր արտոնությունները տարածվում են ամբողջ հանքարդյունաբերական բիզնեսի վրա։ Բացակայում են երաշխիքները՝ կապված պարտավորությունների կատարման, տարածքների և ջրերի աղտոտման, առողջության վտանգների և փոխհատուցման տրամադրման հետ: Մեր կարծիքով, որպես երաշխիք կարող են ծառայել ապահովագրական հատուկ հիմնադրամների ստեղծման մասին պայմանագրերը, վնասների փոխհատուցման համար վերցված ուղղակի պարտավորությունները կամ սոցիալական և բնապահպանական ծրագրերի իրականացման համար պայմանագրային պարտավորությունները։ Սակայն այս թեմայի շուրջ քննարկումները փակվում են առաջարկվող հանքարդյունաբերական նախագծերի կողմնակիցների և հակառակորդների միջև լարվածության և կոնֆլիկտի մթնոլորտում: Օրինակ բերենք ընդերքօգտագործման այն դեպքերը, որտեղ դիտվում են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են բազմապատկվել և ձեռք բերել անվերահսկելի լայնածավալ բնույթ։
Թեմատիկ ուսումնասիրություն /Case study/ - Թեղուտ. բացառիկ՝ գերակա հանրային շահ
2007 թ-ի նոյեմբերի 1-ին ընդունվեց ՀՀ կառավարության N1279 որոշումը Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների 81.483 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահի մասին։ Գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխվեց ընդերքօգտագործման հողի կարգավիճակի՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Կառավարության որոշմամբ այս հողատարածքների համար սեփականատերերը ստացան աննշան գումարներ, որոնք չէին համապատասխանում իրենց իրական արժեքին՝ 1 քմ-ի դիմաց մոտ 40 դրամ: Սա 4 լուցկու տուփի գին է։ Թեղուտ և Շնող գյուղերում բնակվող 423 ընտանիք զրկվեցին իրենց հողերից: Նրանցից 106 սեփականատերեր հրաժարվեցին ընդունել այսպես կոչված փոխհատուցումը և դիմեցին դատարան, որը կայացրեց վճիռ ի օգուտ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության: Տեղական դատարաններում արդարություն չգտնելով՝ որոշ սեփականատերեր շարունակեցին պաշտպանել իրենց իրավունքները միջազգային ատյաններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց բավարարել սեփականատերերի պահանջները։ Տասնյակ հազարավոր եվրոյի չափով գումարներ (կախված «Բացառիկ՝ գերակա հանրային շահի» անվան տակ ընկերությանը տրված հողատարածքի չափից) պետք է վճարի պետությունը՝ անօրինական փոխհատուցման վերաբերյալ իր որոշման համար։ Պետությունը վնաս է կրում նաև աղտոտման կանխարգելման, սոցիալական և Թեղուտի ծրագրի ենթակառուցվածքների զարգացման համար հատված անտառների վերականգնման վերաբերյալ ընկերության պարտավորությունների հետ կապված իր բացթողումների համար։ Հանքավայրի շահագործումից ընդամենը 3 տարի անց ընկերությունն աշխատանքից ազատեց 1190 աշխատողներից 1035-ին և դադարեցրեց իր գործունեությունը։ 357 հեկտար անտառ հատվեց և չվերականգնվեց: Շնող և Թեղուտ գյուղերը հայտնվեցին թունավոր արտանետումների և արտադրական թափոնների ազդեցության տակ։ Շնող և Դեբեդ գետերն ունեն ծանր մետաղներով աղտոտվածության բարձր մակարդակ, իսկ Դուքանաձոր և Խառատանոց գետերն անհետացել են։
Թեմատիկ ուսումնասիրություն /Case study/ - Գլաձոր. թույլատրված մանիպուլյացիաներ և կանխատեսելի հետևանքներ
Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հետ կապված կոնֆլիկտներն ավելի քան 8 տարի է չեն դադարում, իսկ համայնքների՝ մեկ խոշորացված Եղեգնաձոր համայնքի մեջ միավորվելուց հետո դրանք անցել են նոր փուլ։ 2017 թ-ին «Վայկ մետալ» ընկերությունը ստացավ լիցենզիա Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար, սակայն նախնական լսումների ժամանակ Գլաձոր և Վերնաշեն գյուղերի բնակիչները հրաժարվեցին ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր: Նրանք հիմնավորեցին իրենց մերժումը տնտեսական և բնապահպանական նկատառումներով՝ առաջին հերթին կապված բարձրորակ «Վերնաշեն» գինու արտադրության համար վտանգների և արդյունաբերական թափոններով գյուղատնտեսական հողերի և ջրերի աղտոտման հետ: Գլաձոր համայնքի ավագանին կայացրեց համապատասխան որոշում, որը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների, համարվում է հրամայական համայնքի տարածքում ցանկացած գործունեության համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին ընկերությանը մերժեց տրամադրել ՇՄԱԳ եզրակացություն հանքավայրի շահագործման համար: 2021 թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հայտ ներկայացվեց «Գլաձորի» հանքավայրի գրասենյակային (առանց դաշտային աշխատանքների) երկրաբանական հետազոտությունների անցկացման համար «Մետալ Գոլդ» ընկերության անունից, որի ներկայացուցիչները նույն անձիք էին, ովքեր ժամանակին ներկայացնում էին «Վայկ մետալ» ընկերությունը: Գրասենյակային ուսումնասիրությունները հանրային լսումներ չեն նախատեսում: Ընկերությունը, ստանալով նման լիցենզիա, այնուամենայնիվ կատարեց բազմաթիվ փորձեր՝ կազմակերպելու հանրային լսումներ: Սա նշանակում է, որ տրամադրելով համաձայնություն, համայնքը գործնականում չեղարկում է հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած աշխատանք մերժելու իր նախկին որոշումը, և ընկերությունը հնարավորություն է ստանում անարգել իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն: 2021 թ-ին Գլաձոր համայնքը բացասական կարծիք տվեց ցանկացած դաշտային աշխատանքի անցկացման համար:

2022 թ-ին համայնքների խոշորացումից և նոր ավագանու ձևավորումից հետո ընկերությունը նոր փորձ կատարեց հետագա գործողությունների համար համաձայնություն ստանալու: Հունիսի 22-ին ԷկոԼուրի թիմը մասնակցեց Եղեգնաձոր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպմանը: Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում են Գլաձոր և Վերնաշեն գյուղերը: Հանդիպմանը նաև մասնակցում էին «Հայաստանի կանաչների միության» նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, ինժեներ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, Երևանի պետական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոմիկ Հարությունյանը, «Վայկ մետալ» ընկերության ներկայացուցիչներ, համայնքի անդամներ։ Հանդիպման ժամանակ թեժ քննարկում ծավալվեց ուսումնասիրվող տարածքում գտնվող մակերևութային և ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտման խնդրի շուրջ։
Հրավիրված մասնագետները, հիմք ընդունելով կազմակերպության գրասենյակային ուսումնասիրության նախագծով ներկայացրած հանքային դաշտի քարտեզը և իրենց կողմից կատարված ակնադիտական ուսումնասիրությունները, պնդում էին այդ տարածքներում առկա ջրաղբյուրների առկայությունը, մինչդեռ կազմակերպությունները հերքում էին իրենց քարտեզները և չէին ընդունում ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում հրավիրված մասնագետների կազմած ակտը։ Հրավիրված փորձագետները, հիմնվելով գրասենյակային ուսումնասիրության նախագծում ներկայացված օգտակար հանածոների հանքավայրի քարտեզի և սեփական տեսողական ուսումնասիրությունների վրա, հայտարարեցին ուսումնասիրվող տարածքում աղբյուրների առկայության մասին: Ի պատասխան «Վայկ մետալ»-ի կողմից հրավիրված երկրաբան Վահե Մալխասյանը հայտարարեց, որ իրենց իսկ նախագծում ներկայացված քարտեզը ճիշտ չէ, և այդ տարածքում ջրի աղբյուրներ չկան։ Ներկա մասնագետները տեղի բնակիչների ուղեկցությամբ ուսումնասիրեցին տարածքը և կազմեցին հետևյալ ակտը՝ «Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Վերնաշեն բնակավայրի Թեքսար լեռան տարածքում ջրային պաշարների ուսումնասիրության արձանագրություն»: Ակտում նշված է.
1. Թեքսար լեռան ընդերքից սկիզբ առնող Վերնաշեն գետն օգտագործվում է ոռոգման նպատակով։
2. Գլաձոր համալսարանից 1.5-2 կմ հեռավորության վրա կան աղբյուրներ, որոնք սկիզբ են առնում Թեքսար լեռան ընդերքից:
3. Կորեկի կիրճի տարածքում՝ 1965-68 թթ-ին կառուցված տների մոտ, ջրի հոսքը կազմում է մոտ 50 լ/վրկ։
4. Թեքսար լեռան վրա 2500 մ բարձրության վրա գտնվող աղբյուրում ջրի ելքը կազմում է 0.5 լ/վ:
5. Թեքսար լեռան ընդերքից ջրի ելքերը հյուսիսային լանջին հանդիսանում են Հեր-Հեր գետի ակունքները:
Ակտը ստորագրել են «Հայաստանի կանաչների միության» նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, ինժեներ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, Երևանի պետական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոմիկ Հարությունյանը, տեղի բնակիչներ Հայկ Իսախանյանը, Միքայել Բաղդասարյանը, Սիմոն Մովսեսյանը: Պատմությունը չի ավարտվել:



Եզրակացություն. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային լսումների անցկացման պատշաճ կանոնակարգման և ընթացակարգի բացակայությունը հանգեցնում է համայնքներում լարված իրավիճակի, որն առաջանում է առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բիզնես նախագծերի քննարկման ժամանակ։ Կոնֆլիկտը ծագում է ընկերության կողմնակիցների միջև, որոնց ընկերությունը խոստանում է աշխատատեղեր, աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչը սոցիալապես անապահով համայնքում բուռն արձագանք է ստանում, հատկապես դեռևս չկայացած երիտասարդների շրջանում։ Կոնֆլիկտի մյուս կողմը, որպես կանոն, հանդիսանում են այն մարդիկ, ովքեր ունեն այլընտրանքային բիզնես զբոսաշրջության, գինեգործության, գյուղատնտեսության, էկոլոգիապես մաքուր արտադրության և այլ ոլորտներում։ Այսինքն, կայուն եկամուտ ունեցող մարդիկ:
Հուլիս 20, 2022 at 16:15
