

Հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիների 2 տոկոսը ստացող ազդակիր համայնքների համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սահմանել է միջոցառումների ուղղություններ, որոնց համար կարող են ծախսվել այդ գումարները: Այդ ուղղությունները «Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում են, որը նախարարությունը շրջանառության մեջ է դրել www.e-draft.am կայքում:
Համայնքները կարող են այդ գումարները ծախսել հետևյալ ուղղություններով.
1) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ
2) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում
3) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում
4) կրթություն և գիտություն
5) առողջապահություն
6) սոցիալական ապահովություն
7) մշակույթ, սպորտ և կրոն
8) բնակարանային կոմունալ տնտեսություն
9) վառելիքաէներգետիկ համալիր
10) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն
11) հանքարդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, շրջակա միջավայրի պահպանություն ու կլիմայի փոփոխություն, շինարարություն
12) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն:
Հիշեցնենք, որ 2022թ-ի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց համաձայն՝ 2023թ-ի հունվարի 1-ից հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերը ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիից 2%-ի չափով մասհանում կստանան: Օրենսդրական փոփոխությամբ ռոյալթիից մասհանումը պետք է բաշխվի տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի ազդակիր բնակավայրերի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր բնակավայրերի միջև` 50/50 հարաբերակցությամբ։
Հուլիս 20, 2022 at 13:31