

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը բացասական եզրակացություն է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» վերաբերյալ: Սույն թվականի օգոստոսի 18-ին Եղեգնաձոր խոշորացված համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն նախաձեռնել էր հանրային քննարկումներ անցկացնել այդ ծրագրի վերաբերյալ:
Ի պատասխան «Վայոց ձորի էվոլյուցիա» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Առաքելյանի հարցման՝ Եղեգնաձորի համայնքապետարանը հայտնել է. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ուղարկված նամակում նշված է. «Ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 18:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում տեղի ունեցան «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:
Քննարկումները մեկնարկեցին նախատեսվածից 1,5 ժամ ավելի ուշ, պատճառն այն էր, որ Եղեգնաձորի համայնքապետարանի ներկայացուցիչը և մի շարք քաղաքացիներ առաջարկում էին չեղարկել հանրային քննարկումները, հաշվի առնելով այն, որ այդ օրը ՀՀ-ում հայտարարված էր սգո օր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով և զոհերի թվում էին նաև Եղեգնաձոր համայնքի բնակիչներ: Սակայն նախաձեռնողը և համայնքի բնակիչների մի մասը չընդունեցին այդ առաջարկը, և հանրային քննարկումները մեկնարկեցին:
Հանրային քննարկումները ձեռնարկող «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ներկայացրին ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ: Քննարկումն անցավ խիստ կոնֆլիկտային և թեժ մթնոլորտում, փոխադարձ վիրավորանքների ֆոնի ներքո, ինչը հնարավորություն չտվեց ներկա բոլոր բնակիչներին լիարժեք կարծիք արտահայտել նախատեսվող ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես, լիարժեք չկարողացան արտահայտել իրենց կարծիքը ծրագրին դեմ արտահայտվող բնակիչները ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի և առկա ճնշող մթնոլորտի պատճառով:
Քննարկման վերջում նախագծին կողմ քաղաքացիները ստորագրում էին նախաձեռնողների կողմից ներկայացված մասնակցության ցուցակում, որտեղ նշում էին կատարում ծրագրին կողմ լինելու մասին, այդ «դեմ և կողմ» գործընթացին չմասնակցեցին ծրագրին «դեմ» հանդես եկող քաղաքացիները և զուգահեռ իրականացրեցին այլ ստորագրահավաք՝ նշելով, որ դեմ են նախատեսվող երկարաբանական ուսումնասիրությունների ծրագրին, և այդ փաստաթուղթը ներկայացվել է Եղեգնաձորի համայնքապետարան:
Տեղի ունեցած հանրային քննարկումների կոնֆլիկտային ձևաչափը թույլ չի տալիս ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի համայնքապետարանին լիարժեք եզրահանգումներ անել ՀՀ Վայոց ձորի մարզի, Եղեգնաձոր համայնքի, մասնավորապես Գլաձոր բնակավայրի, ինչպես նաև այլ բնակավայրերի բնակիչների «ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրին» կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ:
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից, կարևորելով Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի և այլ ազդակիր բնակավայրերի բնակիչների բոլոր տեսակի կարծիքների արտահայտման իրավունքը, կարևորելով այն փաստը, որ ընդունվելիք որոշումը պետք է հստակ արտահայտի համայնքի բնակիչների կարծիքը, որն այս փուլում հնարավոր չէ:
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը տալիս է բացասական եզրակացություն ս.թ. օգոստոսի 18-ին իրականացված «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» և իրականացված հանրային քննարկումների վերաբերյալ»:
Սեպտեմբեր 02, 2022 at 12:39