ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Գեղանուշի պոչամբարն ամեն տարի գրավում է 10 հա նոր տարածքներ: Հիմնականում դրանք Գեղանուշ համայնքի վարչական տարածքներն են: Ըստ գեղանուշցիների՝ գյուղապետարանի և պոչամբարը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր պոչամբարի տարածքը մեծացնելու համար:
Գեղանուշի պոչմաբար տարեկան լցվում են ընդհանուր քանակությամբ /պինդ/ 568624.0 տոննա պոչեր, և բնակիչների խոսքով՝ պոչամբարի տարածքն ուղղահայց դեռ 15 մետր պետք է բարձրանա:
Մինչ 2011թ. «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը Գեղանուշի պոչամբարը համարվում էր առաջին դասի վտանգավորության պոչամբար: Սակայն այս օրենսգրքով պոչամբարները դիտարկվում են ոչ թե որպես վտանգավոր թափոններ, այլ որպես տեխնածին հանքավայրեր, և ոչ ոք պարտավոր չէ փոխհատուցել բնակիչներին այն վնասը, որը նրանք կրում են՝ գտնվելով պոչամբարի ազդեցության տակ:
«Մեր համայնքում 10 հոգուց 8-9-ը հիվանդ են...Մեր միսը, կարտոֆիլը, կանաչին չեն առնում շուկայում...Մենք սկզբից էլ դեմ ենք եղել այս պոչամբարի վերակառուցմանը...ամիսներով ծանր տեխնիկան կանգնացել ենք, բայց ինչ օգուտ...», - բողոքում էին գեղանուշցիները:
Պատշաճ փոխհատուցման բացակայության պայմաններում նրանց սփոփում է միայն ընկերության բարի կամքի դրսևորումը: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն տարեկան 3 միլիոն դրամ փոխանցում է 21 հա հողի վարձակալության համար: Բացի դրանից, վերջին երեք տարիներին ընկերությունը 10 միլիոնի դրամի ծրագրեր է իրականացնում գյուղում:
«Անցյալ տարի մեր ակումբի շենքի տանիքը փոխել է: Այս տարի էլ ներսը ամբողջությամբ վերանորոգել է: Գյուղի դպրոցի համար բեմ է կառուցել՝ մոտ 1 միլիոն 200 հազար դրամի: Նախանցած տարի էլ 10 միլիոն տվել է գյուղի ճանապարհը վերանորոգելու համար», - ԷկոԼուրին ասացին Գեղանուշի գյուղապետարանում:
Սակայն այս ծրագրերի մասին Գեղանուշում տարաձայնություններ կան:
«Որ իրա ամբողջ եկամուտն էլ տա գյուղին, մեզ ինչ, եթե մենք հիվանդ ենք», - ասում էին բնակիչները:
Ի տարբերություն բնակիչների՝ Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդյանը այդքան էլ լավ չէր պատկերացնում պոչամբարի ռիսկերը և վնասները:
«Խոսակցությունները, որ պոչամբարը թունավոր է և թույն է արտադրում, տպավորվում է մարդու ուղեղի մեջ… Նման տարաձայնություններից գեղանուշցու մթերքը չեն առնում…Ինչո՞վ է թունավորված Գեղանուշի տարածքը, ո՞վ է ապացուցել, ապացուցեք՝ ի՞նչ վնաս է տալիս պոչամբարը մեր ժողովրդին…լրագրողները ավելի շատ վնաս են տալիս, քան պոչամբարը, - ասաց Իվան Կոստանդյանը, - Ես գրություն ուղարկեցի Կապանի բուժհամալիրի գլխավոր տնօրենին, պահանջեցի հիվանդների քանակը: Անցյալ տարվա դրությամբ 144 այցելու է եղել մեր գյուղից տարբեր հիվանդություններով, որոնցից երեքը անբուժելի»:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Գեղանուշն ունի 356 բնակիչ:
«Եթե կառավարություն լինի, մենք իմանանք՝ կառավարությունը մեր գյուղապետարանին մի բան տրամադրելու է, դրոշակով կգնանք, կպայքարենք, բայց որ գիտենք կառավարություն չկա, ով ինչ տալիս է՝ ասում ենք լավ է… հիմա մենք ջուր չունենք խմելու, էտ մարդը պիտի մի հարյուր մետր խողովակ տա, որ ջուր բերենք, դրա համար էլ ձեն չենք հանում», - ասացին գյուղի բնակիչները:
Նոյեմբեր 25, 2014 at 16:30