Շրջակա միջավայրի նախարարությունը կայացրել է անթույլատրելիության որոշում Ավանում ձուլարան կառուցելու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը կայացրել է անթույլատրելիության որոշում Ավանում ձուլարան կառուցելու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունն անթույլատրելի է համարել «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում նախատեսվող ձուլման տեղամասի գործունեության իրականացումը: Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը 2023թ. հունվարի 9-ին N3/26.7/115 գրությամբ հայտնել է Ավանի բնակիչ Նինա Հաջոյանի հարցմանն ի պատասխան: 

Փոխնախարարի պատասխանում նշված է. 

«Ի պատասխան Ձեր 2022թ. դեկտեմբերի 30-ի գրության՝ կապված «Քոփփեեռ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հետ՝ հայտնում եմ, որ որ շրջակա միջավայրի նախարարության 2022թ. սեպտեմբերի 22-ի  N3/26.7/12699 գրությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն, կայացվել է անթույլատրելիության որոշում՝ «Քոփփեեռ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի գործունեության իրականացման վերաբերյալ»: 

Հիշեցնենք, որ Երևանի Ավան վարչական շրջանի մի շարք քաղաքացիներ հարյուրավոր բնակիչների ստորագրությամբ նամակներով դիմել էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին՝ պահանջելով չթույլատրել Ավան վարչական շրջանում մետաղների ձուլման տեղամասի կառուցումը, իսկ ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին բացասական եզրակացություն տալ: 

2022թ. օգոստոսին բնակիչները Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանից ստացված նամակից տեղեկացել էին, որ վերջինս բացասական կարծիք ունի տվյալ նախագծի վերաբերյալ և ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ Ավան վարչական շրջանի բնակիչների առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքները պաշտպանելու համար: 

Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 28-ին ընկերության կողմից նախաձեռնված ձուլման տեղամասի ՇՄԱԳ հայտի երկրորդ հանրային լսումների ժամանակ Երևան քաղաքի բնակիչները դեմ արտահայտվեցին «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների՝ ձուլման տեղամաս կառուցելու ծրագրին և հրաժարվեցին լսել նրանց փաստարկները:

 

Հունվար 12, 2023 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր