

Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն։ Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպման ժամանակ։ Համաշխարհային բանկի պատվիրակության կազմում էին հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և ավագ խորհրդատու Բրայան Լենդը։
Հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, իրականացված և իրականացվող բարեփոխումները, ՀՀ կառավարության առաջնահերթություններն այս ոլորտում, Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի և ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է պետության և մասնավոր սեկտորի միջև արդյունավետ համագործակցությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունն ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների և կարողությունների զարգացումը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնել և զարգացնել:
Մարտ 31, 2023 at 11:56