«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն ցանկանում է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն ցանկանում է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը։ Սույն թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ին, Մեղրիի համայնքապետարանում նշանակված է ԶՊՄԿ-ի ներկայացրած Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի առաջին քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից։ Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հայտի քննարկման ժամկետ նշված է մարտի 29-ը՝ ժամը 15։00-ը։

Լիճքի պղնձի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքից` 25 կմ, Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 40 կմ, իսկ Քաջարան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։ Ըստ հայտի՝ հանքավայրը նախատեսվում է շահագործել բացահանքով՝ ապահովելով սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերի արդյունահանում տարեկան 2 միլիոն տոննա քանակությամբ։ Հանքավայրի շահագործական պաշարները կազմում են 4629 միլիոն տոննա։ Տարեկան 2 միլիոն տոննա արտադրողականության պարագայում հանքավայրը կշահագործվի 23 տարի։

Լիճքի պղնձի հանքավայրի ռեսուրսային և տնտեսական ներուժը վերջին անգամ գնահատման է ենթարկվել 2015 թվականին։ «Հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման արդյունքներով՝ հանքաքարերի ընդհանուր պաշարներում տարանջատվել են սուլֆիդային, խառը և օքսիդացած տիպի հանքաքարերը, որոնք բնութագրվում են պղնձի համապատասխանաբար մինչև 20%, 20-ից 50% և 50%-ից բարձր օքսիդացման աստիճանով», - նշված է հայտում: Սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերը, բացահանքի հարակից տարածքում առաջնային խոշոր ջարդումից հետո, նախատեսվում է տեղափոխել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ կազմակերպվելու է դրանց վերամշակումը ֆլոտացիայի եղանակով՝ պղնձի խտանյութի ստացմամբ:

Ըստ հայտի՝ բացահանքում նախատեսվում է կիրառել մակաբացման ապարների արտաքին լցակույտավորմամբ: Բացահանքում հեռացվող մակաբացման ապարները և արդյունահանվող օքսիդացած հանքաքարը նախատեսված է կուտակել բացահանքի արևելյան թևում ձևավորված արտաքին լցակույտում և հարավ-արևելյան ուղղությամբ հակադիր լանջի ժամանակավոր պահեստում: Լցակույտի հանրագումար տարողությունը կազմելու է շուրջ 24464.3 հազար խմ։

Հանքավայրի հյուսիային սահմանով անցնում է Մեղրի գետը, իսկ հարավային սահմանով՝ նրա վտակ հանդիսացող Այրիգետը։ Ըստ հայտի՝ մթնոլորտային ջրերի թափանցումը դեպի բացահանք, լցակույտ և օքսիդացած հանքաքարի ժամանակավոր պահեստ կանխելու նպատակով կկառուցվի ջրհավաք և ջրհեռացնող համակարգ, որը կներառի նշված օբյեկտների հարևանությամբ գտնվող և դրանցից ավելի բարձր տեղադիրք ունեցող ջրհավաք առուներ, ինչպես նաև այդ առուները բնական մակերևույթային ջրահոսքերի հետ կապող արագահոսեր:

Հիշեցնենք, որ Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը 2013 թվականին տրվել էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ին՝ մինչև 2028 թվականը ժամկետով։ Սակայն հանքավայրում իրականացվող աշխատանքները 2018 թվականի մայիսի 24-ից դադարեցվել էին։ Իսկ 2021 թվականի մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը: Որպես ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման պատճառ հրամանում նշվում է հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չիրականացնելը: Իսկ նոր ներկայացված հայտում նշված է «Լիճքի պղնձի հանքավայրի վերին հորիզոններում նախկինում իրականացված լեռնակապիտալ աշխատանքների արդյունքում արդեն իսկ հեռացվել են մոտ 589 հազար խմ մակաբացման ապարներ»։

Նշենք, որ 2018 թվականին Մեղրի համայնքի բնակիչները Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ հանրագիր պատրաստեցին՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում «Լիճք» շարժումը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է «Մեղրի համայնքի բնակիչները մեկ անգամ արդեն հստակ ձևակերպել են իրենց բացասական դիրքորոշումը Լիճքի հանքավայրի մասին և 4000 ստորագրությամբ հաստատված փաթեթը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խնդրում ենք չանտեսել այս կարևոր փաստը: Հանրագրում նշվել է.

1. Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:                                                                                                                                  

2. Հանքավայրը գտնվում է Արևիկ ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:                            

3. Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4. Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը։

5. Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը»:

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 21,875% պատկանում է ՀՀ կառավարությանը։ Հանքավայրի մնացած բաժնետերերը ՌԴ քաղաքացիներ են՝ Գլեբ Տրոցենկոն՝ 40.21%,  Միրզաազիզ Մուսախանովը՝ 10.05% և Միխայիլ Զուրաբովը՝ 12.49% մասնակցությամբ։ 

Մարտ 27, 2023 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր