

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխել շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի օգտագործման համար լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը։
Նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը։
Ըստ նախագծի հեղինակների՝ պետք է սահմանել միատեսակ և հստակ ընթացակարգ՝ միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ազդակիր համայնքների համար ստեղծել նպաստավոր պայմաններ բնապահպանական ծրագրերի համաձայնեցման հստակ և արդյունավետ ընթացակարգի ապահովման համար։ Նաև, ըստ նախագծի, միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման առավել սեղմ ու հստակ ժամկետների սահմանումը կնպաստի ՀՀ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը։
Ըստ նախագծի՝ համայնքի ղեկավարը միջոցառումների իրականացման առաջնայնությունները մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հունիսի 1-ը, իսկ դրանց փոփոխությունները՝ մինչև ծրագրի իրականացման տարվա հոկտեմբերի 31-ը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով պետք է ներկայացնи լիազոր մարմիններին՝ համաձայնեցման։
Նշված ժամկետներից հետո լիազոր մարմիններին համաձայնեցմանը ներկայացված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները լիազոր մարմինների կողմից չեն համաձայնեցվում։
Լիազոր մարմինները միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տալիս են համաձայնություն, ներկայացնում շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտներում համայնքի առաջնահերթություններից բխող առաջարկություններ։ Լիազոր մարմնի կողմից առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ սահմանված ժամկետներում համաձայնություն չտալու, առաջարկություններ չներկայացնելու կամ առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները չվերադարձնելու դեպքում դրանք համարվում են լիազոր մարմնի կողմից համաձայնեցված։
Համայնքի ղեկավարը, ներկայացված առաջարկությունները ստանալուց հետո դրանք ամբողջությամբ կամ մասնակի ընդունելու դեպքում, 10-օրյա ժամկետում լրամշակում և լիազոր մարմինների համաձայնեցմանն է ներկայացնում միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների լրամշակված տարբերակը։ Առաջարկությունները չընդունելու դեպքում համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները կրկին ներկայացնում է առաջարկություն ներկայացրած լիազոր մարմնի համաձայնեցմանը՝ կցելով պարզաբանում՝ առաջարկությունների չընդունման վերաբերյալ կամ ձեռնպահ է մնում միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխություններ ներկայացման նախաձեռնությունից։
Առաջարկվող կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մայիս 19, 2023 at 16:34