

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Արաքս գետի ավազանում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու դեպքերի բոլոր հանգամանքները։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի կայքից:
Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացրել էին չափագրում և արձանագրել, որ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանում է իրականացվել: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012թ․ տրամադրված, ապա՝ 2014թ․ փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։
Լուսառատ գյուղի տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների օգտագործման միջոցով, ընկերության կողմից արդյունահանվել է ընդհանուր՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա 146.156 դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 716,1 խմ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 դրամի չափով պետական տուրքը։
Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ Հիշյալ գործողությունները հանգեցրել են նաև հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որն առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացումը, ինչպես նաև խախտվել է Արաքս գետի հունը:
Բացի այդ, ընկերության տնօրենի վերոնշյալ գործողությունների հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել համայնքային սեփականության՝ 1379քառ.մ մակերեսով ջրային ֆոնդի և 11953 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Արդյունքում՝ 13332 քառ.մ մակերեսով հողային ռեսուրսներին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։
Միևնույն ժամանակ, ՍՊ ընկերության տնօրենը, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չի վճարել գանձման ենթակա 5.000.000 դրամի չափով տուգանքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով և 381-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6․500․000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյեմբեր 17, 2023 at 13:25