

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, «Վալլեքս գրուպ»-ի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն մտադիր է հանրային քննարկում անցկացնել Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։
Հանրային քննարկման մասին տարածված տեղեկատվության մեջ նշված չէ, թե ինչ մետաղներ է հավակնում որոնել ընկերությունը։
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում բացակայում են տվյալներ Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի վերաբերյալ, սակայն կա տեղեկատվություն Բերդ համայնքի տարածքում Մովսեսի կապար-ցինկի հանքավայրի վերաբերյալ։
«Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Մովսեսի կապար-ցինկի հանքավայրի հանքաքարերի և ապարների հանքային և պետրոգրաֆիկ հետազոտությունները» հաշվետվության համաձայն՝ Մովսեսի հանքավայրը տեղակայված է Բերդ քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում գտնվում են Մովսես, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերը։
Հանքավայրը մանրակրկիտ նկարագրված է տարբեր գիտական և հետազոտական հրապարակումներում և բնութագրվում է որպես կապար-ցինկի հանքավայր՝ հագեցված երկաթի օքսիդներով և մագնիումով։
Նշենք, որ հանքանյութը, որը պարունակում է կապար, մեծ հավանականությամբ կարող է պարունակել նաև ռադիոակտիվ տարրեր՝ ուրան և թորիում։ Գրականության մեջ կապարը նկարագրվում է որպես ուրանի և թորիումի իզոտոպների քայքայման վերջնական պրոդուկտ։ Խորհրդային տարիներին պատրաստած հաշվետվության մեջ չկան տեղեկություններ ռադիոակտիվ տարրերի մասին, քանի որ հաշվետվությունը կազմվել է 1950-ականների սկզբում՝ մինչ ԽՍՀՄ-ում ռադիոակտիվ հումքի մասշտաբային որոնումների աշխատանքների մեկնարկը։
Կապարը շրջակա միջավայրի աղտոտիչ է։ Կապարի պարունակությունն արյան մեջ անգամ ամենափոքր կոնցենտրացիայով բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի նյարդային, իմունային, սրտանոթային համակարգերի և երիկամների վրա։ Կապարի երկարաժամկետ ազդեցությունն առաջացնում է ստամոքս-աղիքային հիվանդություններ, ազդում գլխուղեղի վրա։ Օրգանիզմի համար կապարի անվտանգ մակարդակ չկա։
Լուսանկարը՝ hy.wikipedia.org
Հոկտեմբեր 24, 2023 at 14:03