

«Ասսաթ» ՍՊԸ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության և պայմանագրի ժամկետները՝ 2024 թվականից մինչև 2032 թվականը։
Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Հայտի երկրորդ հանրային լսումներն անցկացվել են սույն թվականի հոկտեմբերի 5-ին՝ Քարաբերդ բնակավայրում։
Քարաբերդի ոսկու հանքավայրը գտնվում է Փամբակ գետի ձախ ափին՝ Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում։ Զբաղեցնում է 20․3 հեկտար տարածք։
Ընկերության՝ 2013 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է հանքավայրի Կենտրոնական տեղամասի N1 և N3 հանքային մարմինները մշակել երկու փուլով՝ վերին հորիզոնները՝ բաց եղանակով, ստորին մասերը՝ ստորգետնյա:
Ըստ հայտի՝ հանքավայրի արտադրողականությունը և տեխնոլոգիան անփոփոխ են մնալու։ Ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունը 30․000 տոննա է, բացահանքինը՝ 12․500 տոննա։
N1 և N3 հանքային մարմինների բացահանքում ընդհանուր հանքաքարի ծավալը 13389․6 խմ է, ոսկու քանակը՝ 2013․4 կգ, արծաթի քանակը՝ 362․2 կգ, հանքաքարում ոսկու պարունակությունը՝ 6․37 գրամ/տոննայում, արծաթինը՝ 11․0 գրամ/տոննայում։ Հանքաքարը մշակվում է Արարատի կամ Մասիսի ոսկու կորզման ֆաբրիկաներում։
Մակաբացման ապարների ընդհանուր քանակը հանքավայրի համար հաշվարկված է 72500 խմ, ապրանքային հանքաքարի աղքատացումը հաշվի առնելով, հաշվարկված է 71.34 հազար խմ։ Ըստ հայտի՝ վերականգնվող հողերի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 2․6 հեկտար, որի ռեկուլտիվացման արժեքը հայտում գնահատված է 2.403 հազար դրամ:
Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանն ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ հանրային լսումների ժամանակ տեղի բնակչությունը դրական կարծիք է հայտնել «Ասսաթ» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ։ «Ժողովուրդը դրական ելույթ ունեցավ, բոլորը ստորագրեցին, որ կողմ են», - ասաց նա։
Յուրիկ Շավելյանը նշեց, որ ընկերությունից նախկինում ստացել են աջակցություն, հիմա էլ ակնկալում են որոշ ծրագրեր։ «Մեզ օգնել են միշտ, գրասենյակ, ակումբ, փողոցների լույս են արել, տեխնիկա են ուղարկել, ճանապարհ են սարքել։ Հիմա էլ աղոթատեղի ունենք, գերեզմաններ, պետք է ցանկապատեն։ Մնացածն էլ հետագայում կորոշենք մեր խոշորացված համայնքի հետ», - ասաց Քարաբերդի վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերին չեխական «Առնիկա» կազմակերպության մասնագետները Հայաստանի գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ Քարաբերդից վերցրել են հողի, գետի հատակային նստվածքի, մարդկանց մազերի և մեզի փորձանմուշներ, որոնք ուսումնասիրվել են Չեխիայի Ուստի նադ Լաբեմի սերտիֆիկացված լաբորատորիայում։ Հավատարմագրված մեթոդներով փորձանմուշներում վերլուծվել է ծանր մետաղների՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), երկաթի (Fe), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb), վանադիումի (V), ցինկի (Zn) պարունակությունը:
Վերլուծությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ Քարաբերդի հանքավայրի մոտակայքում հողում ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն բարձր է մաքուր հողերի և Քարաբերդ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատ։
Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում նույնպես հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն՝ շատ դեպքերում գերազանցելով հողի համար նախատեսված ցուցանիշները։ Օրինակ, մկնդեղի պարունակությունը փորձանմուշներում 2-2,5 անգամ գերազանցում է նորման, կապարինը՝ 2-ից 10 անգամ։
Բոլոր փորձանմուշների վերլուծությունների մանրամասն արդյունքները կներկայացվեն «Առնիկա»-ի և նրա գործընկերների կողմից՝ ամբողջ ուսումնասիրության ավարտից հետո։
«Ասսաթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է դեռ 1999 թվականին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Իրական շահառուների վերաբերյալ վերջին՝ 2023 թվականի մարտի 22-ի հայտարարագրի համաձայն ընկերությունն ունի 4 իրական սեփականատեր։
Առաջին երեքը Չեխիայի քաղաքացիներ են՝ Դանիել Տռնովեցը, Ռադկա Կրչմաժորվան, Պավել Լուկեսը՝ 24-ական տոկոս բաժնեմասով։ Չորրորդը ՀՀ քաղաքացի Մհեր Պողոսյանն է՝ 20 տոկոս բաժնեմասով։ Մնացած 8 տոկոս բաժնեմասի սեփականատերը բացահայտված չէ։
Հոկտեմբեր 06, 2023 at 15:59