Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները գալիս են Հայաստան՝ ներկայացնելու արդյունաբերական տարածքների քիմիական աղտոտվածության հետազոտության արդյունքները

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները գալիս են Հայաստան՝ ներկայացնելու արդյունաբերական տարածքների քիմիական աղտոտվածության հետազոտության արդյունքները

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Երևանում (Հոլիդեյ Ինն Էքսպրես, Բուզանդի փող․, 97/2) տեղի կունենա համաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող Հայաստանի համայնքների քիմիական անվտանգությանը։

Համաժողովի ընթացքում չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները կամփոփեն «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի արդյունքները, որն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Ծրագիրն իրականացվում է հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ։

Միջոցառման ժամանակ՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն կներկայացնի «Հայաստանի չորս հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգ և քարտեզագրում» հաշվետվությունը։

«Երկու տարիների ընթացքում մենք ջրի, հողի և կենսաբանական նյութերի փորձանմուշներ էինք վերցնում Արարատի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Մենք ուսումնասիրեցինք թունավոր ծանր մետաղների տարածման ուղիներն այնպիսի աղտոտման աղբյուրներում, ինչպիսիք են Քարաբերդի ոսկու բաց հանքավայրը, Մեղրաձորի ոսկու բաց հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և հարակից Արարատի ցիանային պոչամբարը, Թուխմանուկի ոսկու հանքավայրը և հարակից երեք պոչամբարները: Ընդհանուր առմամբ, հավաքել և վերլուծել ենք 55 փորձանմուշ՝ վերցված հողից և գետերի հատակի նստվածքներից, ինչպես նաև ուսումնասիրել ենք տեղի բնակիչներից վերցված 83 կենսաբանական նմուշներ»,- ասաց Վալերիա Գրեչկոն։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը կանցկացնի քննարկում «Հանքարդյունաբերության ազդեցությունն ազդակիր համայնքներում ապրող բնակիչների առողջության վրա և անհրաժեշտ բարեփոխումները» թեմայով։

«Քիմիական աղտոտվածության ենթարկված բնակիչների առողջական հարցերը գնալով ավելի մտահոգիչ են դառնում: Առողջապահության նախարարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և իրականացնի հանքարդյունաբերության թափոններով աղտոտված տարածքներում բնակվող մարդկանց առողջության խորը հետազոտություններ և գնահատում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։

Հետազոտության արդյունքների նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերել տեղի բնակիչները, ովքեր անմիջականորեն մասնակցել են փորձանմուշներ վերցնելու գործընթացին։

Դեկտեմբերի 11-13-ը «Առնիկայի» փորձագետները և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների թիմերը կայցելեն Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ, Ապարանի խոշորացված համայնքի Մելիքգյուղ, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր և Արարատ խոշորացված համայնքի Արարատի բնակավայրեր և կներկայացնեն բնակիչներին վերցված նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակության մասին։ Նաև քննարկումներ կանցկացվեն բացահայտված բնապահպանական և առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու վերաբերյալ:

Նշենք, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել շրջակա միջավայրում այնպիսի թունավոր տարրերի ծանրաբեռնվածություն և տարածվածություն, ինչպիսիք են մկնդեղն ու կապարը: Ընդհանուր առմամբ, չեխական Ուստի նադ Լաբեմի և Պրահայի լաբորատորիաներում փորձաքննվել է մկնդեղի, կադմիումի, քրոմի, պղնձի, երկաթի, սնդիկի, մոլիբդենի, նիկելի, կապարի, վանադիումի և ցինկի առկայությունը:

Դեկտեմբեր 08, 2023 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր