

Արարատ համայնքի Արարատ և Սուրենավան բնակավայրերում շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։ Տարածքը բնութագրվում է որպես մկնդեղով չափավոր աղտոտված:
Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում՝ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Արարատ համայնքի տարածքում շահագործվում են Արարատի ոսկու կորզման գործարանը, Արարատի ցիանային պոչամբարը, Արարատի ցեմենտի գործարանը։
2023 թվականին փորձագետները փորձանմուշներ են վերցրել այս արդյունաբերական տարածքների հարակից հողերից, Կախանովի ջրանցքից, ձկներից, տեղի բնակիչների այգիներից և կենսաբանական նմուշներ բնակիչներից։ Փորձանմուշները հետազոտվել են Չեխիայում՝ պետական սերտիֆիկացված լաբորատորիաներում:
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Արարատ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն ներկայացրեց հետազոտության արդյունքները։
Նա նշեց, որ հետազոտվել են 10 մետաղների պարունակությունը և ներկայացրեց ամենամեծ ազդեցություն ունեցող տարրերի պարունակության վերաբերյալ տվյալները։
Մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում, որը 241,2 մգ-ով բարձր է եղել այլ նմուշներում մկնդեղի միջին պարունակության միջակայքից՝ <0,1-ից մինչև 67 մգ մկնդեղ` 1 կգ չոր քաշի դիմաց: Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Նիկելի կոնցենտրացիաները հողի փորձանմուշներում միջինում կազմել են 57.8 մգ նիկել` 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է ինչպես համաշխարհային տիրույթի (13–37 մգ նիկել`1 կգ չոր քաշի համար), այնպես էլ Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Քրոմի կոնցենտրացիան հողի փորձանմուշներում փոքր-ինչ գերազանցում է Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Պղնձի կոնցենտրացիան հողի նմուշներում միջինում կազմում է 115,7 մգ պղինձ`1 կգ չոր քաշի դիմաց, ինչը գերազանցում է Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Կենսաբանական նմուշների հավաքագրմանը մասնակցել են վերարտադրողական տարիքի կանայք։
Մկնդեղի կոնցենտրացիան մեզի բոլոր նմուշներում միջինում կազմել է 14,28 մկգ`մկնդեղի 1 գ կրեատինինի համար, ինչն ավելի բարձր է, քան բնակչության եվրոպական խմբերում: Մազերում մկնդեղի կոնցենտրացիաները չեն վկայում կրիտիկական քրոնիկ ազդեցության մասին:
Կապարով աղտոտվածություն է հայտնաբերվել մեզի նմուշների 40%-ում`1 գ կրեատինինի դիմաց 4,29 մկգ կապարի միջին արժեքով:
Կադմիում հայտնաբերվել է հետազոտված մազերի փորձանմուշների 60%-ում և մեզի 4 նմուշներում: Նրանց թվում հայտնաբերվել են կադմիումի առավելագույն թույլատրելի արժեքներից բարձր պարունակությամբ աղտոտվածություն ունեցող անձինք։
Նիկելը հայտնաբերվել է մեզի նմուշների գրեթե 80%-ում`միջինը 0,61 մգ նիկել`1 կգ քաշի դիմաց:
Ծանոթանալով համայնքում ծանր մետաղների մեծ ռիսկայնություն ներկայացնող տվյալների հետ՝ Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը նշեց. «Թեև համայնքում գործող ընկերություններն ունեն սոցիալական պատասխանատվության պարտավորություններ, տարբեր ծրագրեր են իրականացնում համայնքում, բայց դրանով այսօր բարձրացված առողջապահական խնդիրները չեն լուծվելու»:
ՏԻՄ ներկայացուցիչը կարևորեց այս արդյունքներով պետության հետ երկխոսելու նոր մոտեցումներ որդեգրելը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության եզրակացության չափորոշիչները պետք է ավելի խստացվեն։ Պետք է ստիպել կոնկրետ հանքարդյունաբերական ձեռնարկություններին պարբերաբար փորձաքննական արդյունքներ ներկայացնել: Պետք է անկախ փորձաքննություն իրականացվի և իրական տվյալներ լինեն: Այդ ամենին համապատասխան՝ ընկերություններն իրենց միջոցներով բնակչության պարբերական բուժզննում պետք է իրականացնեն»,- ասաց Արթուր Իսաջանյանը:
Քննարկման արդյունքում որոշում ընդունվեց պատրաստել ընդհանուր փաթեթ:
«Պետք է բոլորս միավորվենք և առաջարկենք, որ պետությունն ավելի խստացնի իր քաղաքականությունն այս ոլորտում օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի տարբերակով: Մեզ համար ամենակարևորը մարդն է։ Եթե մարդն իր առողջությունը կորցրեց, մնացածը երկրորդական է դառնում», - նշեց Արթուր Իսաջանյանը:
Դեկտեմբեր 15, 2023 at 15:08