Երևանի մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրները

Երևանի մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրները

Սեպտեմբերի 7-ին նշվեց «Մաքուր օդի միջազգային օրը»: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։

Երևանում մթնոլորտային օդի՝ փոշով, ազոտի երկօքսիդով աղտոտվածությունը հաճախ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը։

Երևանի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են շինարարությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, դեգրադացված հողատարածքները, Նուբարաշենի աղբավայրը, արտադրությունները, էներգետիկան։

Ըստ Երևանի 2023թ․ զարգացման ծրագրի՝ Երևան քաղաքում հաշվառված է մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցություն առաջացնող շուրջ 400 կազմակերպություն:

Շինարարություն

Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալների վերլուծությունը փաստում է, որ մայրաքաղաքում շինարարությունը մեծ թափ հավաքեց 2018թ-ից հետո։

2023թ-ին տրամադրվել է 4448 շինթույլտվություն, 599 ավարտական ակտ, 2023 նախագծման թույլտվություն։

2022թ-ին տրամադրվել է 4014 շինթույլտվություն, 591 ավարտական ակտ, 2173 նախագծման թույլտվություն:

2021 թ-ին տրամադրվել է 3044 շինթույլտվություն, 529 ավարտական ակտ, 1863 նախագծման թույլտվություն:

2020 թ-ին տրամադրվել է 2964 շինթույլտվություն, 374 ավարտական ակտ, 1600 նախագծման թույլտվություն:

2019 թ․ տրամադրվել է 2612 շինթույլտվություն, 497 ավարտական ակտ, 1853 նախագծման թույլտվություն

Նախորդող մինչև 2014թ-ի թույլտվությունների տվյալները՝ Երևանի քաղաքապետարանի պատրաստած գրաֆիկում։

Գրաֆիկից երևում է, որ շինթույլտվությունների աճին զուգահեռ չի աճել ավարտական ակտերի քանակը։ Սա վկայում է շինթույլտվությունների տրամադրման և կատարման խնդիրների մասին։

Շինարարության ծավալների մեծացմանը զուգահեռ ավելացավ Երևանում մթնոլորտային օդի՝ փոշով աղտոտվածությունը։ Այս ոլորտից փոշու արտանետումների նվազեցման համար Երևանի ավագանին 2023թ հունիսի 27-ի N 815-Ն որոշմամբ հաստատեց, որ շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում կառուցապատողը պետք է կազմակերպի շենքերը և շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ` 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը, շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ։ Մայրաքաղաքում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ բոլոր կառուցապատողներն են պատշաճ կատարում այս պահանջները։

Տրանսպորտ

Ըստ Երևանի 2023թ․զարգացման ծրագրի՝ Երևան քաղաքում շարունակաբար ավելացող տրանսպորտային միջոցների թիվը կազմում է շուրջ 600 000։

Երևանի քաղաքապետարանը ձգտում է դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտը փոխել կապույտ վառելիքով աշխատող տրանսպորտի։ Ըստ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վարդգես Պապյանի՝ դիզելային տրանսպորտը 140 միավոր է, իսկ կապույտ վառելիքով տրանսպորտը՝ 490։ Ստանալու են կապույտ վառելիքով աշխատող նոր 171 ավտոբուս։ Նպատակն է ամբողջությամբ անցնել կապույտ վառելիքի, որ նվազեցնեն օդի աղտոտվածությունը։

Երևանի կենտրոնի բեռնաթափման, դրանով պայմանավորված օդի աղտոտման նվազման համար իրականացվում է Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագիրը, որի շրջանակում 2023թ․ նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, արգելվել է երթևեկությունը առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Սահմանափակումները գործում են առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն:

Երևանի ավագանու 2023թ դեկտեմբերի 26-ի 43-Ն որոշմամբ բարձրացվել են ավտոկայանատեղիների վարձավճարները։ Նպատակներից էր բարձր վարձավճարի շնորհիվ Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափումը, մթնոլորտային օդի աղտոտվածության մեղմումը։

Հանքարդյունաբերություն

Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր են հանքերը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2024թ․ Երևանում 17 ոչ մետաղական հանքի շահագործման համար ընդերքօգտագործման  իրավունք է տրված 14 կազմակերպության։ Դրանք են.

1․ Երևան, Ջրվեժի գիպսատար կավերի հանքավայրի 2-րդ հանքամարմին, շահագործող՝ «Գաջ» ՓԲԸ   

2․ Երևան,Ավանի աղի հանքավայր, շահագործող՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ

3․ Երևան,Աստղիկի գիպսատար ապարների և բազալտի հանքավայր (բազալտի տեղամաս), շահագործող՝ «Կվարց» ԱԿ

4․ Երևան,Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի գիպսատար կավերի արևելյան տեղամաս, շահագործող «Կվարց» ԱԿ

5․ Երևան,Սպանդարյանի բազալտ «Ամելիա մայնինգ Քամփնի» ՓԲԸ

6․ Երևան,Սարի թաղի գիպսատար կավի հանքավայրի հարավ-արևելյան տեղամաս, «Գաջեգործ» ՓԲԸ

7․ Երևան,Սպանդարյանի բազալտ, «Երևանյան բազալտ» ՍՊԸ

8․ Երևան,Սպանդարյանի բազալտներ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ

9․ Երևան,Վարդաշենի բազալտ, «ԱՎԱ-2000» ՍՊԸ

10․ Երևան, Հաղթանակի բազալտ, «ԻՔՍ-ԻԳՐԵԿ» ՍՊԸ

11․ Երևան, Աստղիկի գիպսատար ապարի և բազալտի հանքավայրի 1-ին տեղամասի պաշարի հավելաճ, «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ

12․ Երևան, Ողջաբերդի  անդեզիտաբազալտ /Լեսնոյ տեղ./, «ԲԱԶԱԼՏ ԲՐՈԿԵՆ»  ՍՊԸ

13․Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայր(Երևան,«ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ» ՍՊԸ: Անվանափոխվել է «ՄԵԳԱՍԹՈՆ» ՍՊԸ

14․ Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամաս (Երևան), «ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ» ՍՊԸ: Անվանափոխվել է «ՄԵԳԱՍԹՈՆ» ՍՊԸ

15․ Ք. Երևան, Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի բազալտի 3-րդ տեղամաս, «ԴՈՐՈԺՆԻԿ Ա» ՍՊԸ

16․ Ք. Երևան Գաջահանի գիպսի հանքավայր (Էրեբունի վարչ. Շրջան,), «ԳԱՋ»   ՓԲԸ

17․ Ք. Երևան Սպանդարյանի բազալտների հանքավայր, «ՇԻՐԻՆՇԻՆ» ՍՊԸ

Հանքերից արդյունհանվում է բազալտ, գիպսատար ապար, կավ, քարաղ։ Հանքերը տեղակայված են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հարավային, հարավ-արևելյան հատվածներում, Աջափնյակ վարչական շրջանի  արևմտյան, Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային հատվածներում, Ավանում։ Հանքերից միայն Ավանի աղի քարհանքն է շահագործվում փակ եղանակով։  

Ընդերքօգտագործման պայմանագիրը ընդերքօգտագործողի համար պարտավորություն է սահմանում ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի  շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից։

Այս պարտավորությունը պատշաճ չի կատարվում՝ հսկայական ազդեցություն թողնելով Երևանի շրջակա միջավայրի վրա։

Գրեթե բոլոր ոչ մետաղական հանքավայրերը մոտ են գտնվում քաղաքի բնակելի թաղամասերին: Հանքերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում է ռելիեֆի էական փոփոխություններով։ Դեգրադացվում է հողը, առաջանում են գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, մթնոլորտային օդի էական աղտոտումներ։ Հանքերը շահագործող ընկերություններն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերով չունեն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցմանն ուղղված պարտավորություններ: Այս ընկերությունների կողմից չեն իրականացվում բնապահպանական միջոցառումներ, փոշու արտանետումների մեղմման, կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ:

Ընդերքօգտագործողները պարտավոր են, ՀՀ կառավարության 2018 թ․փետրվարի 22-ի N 191-Ն որոշման համաձայն, ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումներ իրականացնել և արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։ Երևանում ընդերքօգտագործում իրականացնող 14 կազմակերպությունից միայն 4-ը՝ «Երևանյան բազալտ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԻՔՍ-ԻԳՐԵԿ», «ՇԻՐԻՆՇԻՆ» ՍՊԸ-ներն են ներկայացրել հաշվետվություն։ Միևնույն ժամանակ, այս որոշմամբ որևէ պատասխանատվություն նախատեսված չէ նման հաշվետվություն չներկայացնելու դեպքերի համար։

Կանաչապատում

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 2022-2023թթ․ ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 35 հեկտարով։  Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը պաշտոնական տվյալով 6760 հեկտար է, որից 906․8 հեկտարը հանրային կանաչ տարածքներն են։ Մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքը 8․3 քմ է։

2024 թ-ին Երևանում մեկնարկեց ծառերի փոխարինման ծրագիրը։ Երևանի կենտրոնի բազմամյա ծառերը հատվեցին, փոխարենը տնկվեցին նորերը, որոնք լինելով փոքր և չունենալով սաղարթ, չեն կարող լիարժեք փոշեկլանիչ ֆունկցիա իրականացնել։ 

«Երևանի կայուն քաղաքային տրանսպորտի ներդնում» ծրագրի շրջանակներում Ասիական Զարգացման Բանկի Հայաստանում մշտական առաքելության կողմից Երևանի քաղաքապետարանին են տրամադրվել օդի որակի մոնիթորինգի սենսորներ, որոնցով Երևանի քաղաքապետարանը մշտադիտարկում է մթնոլորտային օդը։ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է առցանց պորտալ, որտեղ երևում են մայրաքաղաքի մթնոլորտային օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշները։ Ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» շրջանակում բարելավվել է  օդի որակի քաղաքականության, մեթոդաբանության և մշտադիտարկման համակարգը։ «Մեզ չեն բավարարում պետական մոնիտորինգի տվյալները, որը չի չափում փոշու առանձին տեսակները և ավտոմատ չէ։ 2022 թվականին Երևանում տեղադրվեցին օդի որակի մոնիտորինգի 5 սարքեր, այնուհետև ավագանու որոշմամբ կառուցապատողների առջև դրվեց պարտավորություն տեղադրել մոնիտորինգի սարքեր։ Կառուցապատողների մի մասն իրականացրել է այդ պարտավորությունը», - ասել է Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևանում ունի 45 դիտակետ և 5 դիտակայան:  ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում հիմնականում փոշու սահմանային թույլատրելի խտության գերազանցումներ են դիտվում Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։ 

Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայր

Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր է Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայր։ Այն գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։ Այն անընդմեջ ինքնայրվում է, վերջին տարիներին աղբավայրում հաճախակի են դարձել հրդեհները, որոնք մթոնոլորտային օդը կարող են աղտոտել են տոքսիկ նյութերով՝ դիօքսիններով, պոլիքլորացված բիֆենիլներով, պոլիարոմատիկ ածխաջրածիններով և այլ աղտոտիչներ։

Աղբավայրը ենթակա է փակման։ 2015թ. ՀՀ կառավարությունը վարկային համաձայնագրեր կնքեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ իրականացնելու «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը»։ Այդ ծրագրով նախատեսվում էր Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացում, նոր աղբավայրի կառուցում։  2024թ․ գարնանը այս ծրագիրը չեղարկվեց։  Քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։

Որքանով է իրականացվել «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը»․ քննարկում քաղաքացիական հասարակության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ

Սեպտեմբեր 09, 2024 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր