

Լարիսա Փարեմուզյան, Հետք
Լոռու մարզի Մղարթ գյուղի խմելու ջուրը գալիս է «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի տարածքից: Այն վատ համ ու հոտ ունի:
«Էդ ջուրը խմի, մարդը առողջություն կունենա՞: Էդ էլ մեր գյուղապետի շնորհքով բերին, բայց էդ ջուրը չի օգտագործվում, խմելու համար պիտանի չի: Ջուրը գյուղի անասուններն էլ չեն կարում խմեն»,- ասաց մղարթցի Վանիկ Մեհրաբյանը:
Համայնքապետ Վաչիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ ոսկու հանքավայրի մոտից ջուրը 5 տարի առաջ են բերել գյուղ, երբ հանքավայրը դեռ չէր շահագործվում: Այդ ժամանակ էլ սանէպիդկայանը ստուգումներ է կատարել:
«Հանքավայրի շահագործումից հետո հիմա արդեն ջուրը չի խմվի, որովհետեւ ջրի վերեւում գտնվող ոսկու հանքը բաց է: Էդ ջրից գյուղում ով ռիսկ է անում` խմում է, ով էլ ռիսկ չի անում` չի խմում: Հիմնականում անասուններն են խմում, մեկ էլ լվացքի համար են օգտագործում»,- ասաց համայնքապետը:
Ջուրը երբեք չի հետազոտվել, համայնքապետը ցանկալի համարեց գյուղի ջրի հետազոտումը:
«Մեր գյուղը էնքան բնական ջուր ուներ, որ կոլխոզի անասուններին գոմերում էինք ջուր տալիս: Մեր հին ջուրը գետնի տակին ա, քանդվել ա, խողովակ չկա, 50 տարի ա, գյուղի ջրի ներքին ցանցը չի փոխվել: Հարկավոր ա էդ ջուրը գտնել ու վերականգնել»,- ավելացրեց Վանիկ Մեհրաբյանը: Վերջինս խնդրեց գրել նաեւ գյուղի գազաֆիկացման խնդրի մասին:
Համայնքապետ Վ. Նավասարդյանն ասաց, որ սեփական միջոցներով չեն կարող այդ հարցը լուծել: «Մտածում եմ, 100 տեղ եմ դիմել, 2009 թ. խոստացել էին տալ, չտվեցին: Գազը գյուղ հասցնելու համար 25-28 մլն դրամ է հարկավոր: Համայնքի բյուջեից դրա 15 տոկոս ներդրման գումարը ես ունեմ եւ պահում եմ: 2009 թ. խոստացել էին տալ, չտվեցին: Պետբյուջեից 2011 թ. խոստացել են, կհատկացնեն այդ գումարը»:
Վաչիկ Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը մեկ տարի առաջ աջակցել է` ապահովելու գյուղի դպրոցի դասասենյակների ջեռուցումը: Այլ հարցերում ընկերությունից աջակցություն չեն ստացել:
«Գյուղի անանցանելի ճանապարհի բարեկարգման համար մի քանի անգամ դիմել եմ «Մուլտի գրուպ»-ի փոխտնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ասել ա` հա, կօգնեմ, բայց ոչնչով էլ չի օգնել»,- ասաց համայնքապետը: Մղարթի հիմնական դպրոցում սովորում է 55 աշակերտ: Դպրոցը չունի 5-րդ դասարան:
«Էդ տարի ծնունդ չի եղել, դպրոց չեն ընդունվել»,- բացատրում է տնօրեն Լյովա Հարությունյանը: Բոլոր ուսուցիչները բարձրագույն կրթություն ունեն: Սակայն անգլերենի դասաժամերը պարապում է աշխարհագրության ուսուցչուհին: Առաջին դասարանում սովորում է 10 աշակերտ:
«Հետո կսկսի պակասել, երիտասարդները չեն մնում գյուղում, մնացողներն էլ երկու երեխայից ավել չեն ունենում»,- ասաց Լ. Հարությունյանը: Դպրոցի շենքը կառուցվել է 1967 թ. եւ առայսօր հիմնանորոգման չի ենթարկվել: Անմխիթար վիճակում են տանիքը եւ սպորտդահլիճը: Իր ուժերով սպորտդահլիճը վերանորոգելու տնօրենի փորձերը արդյունք չեն տվել:
Հոկտեմբեր 26, 2010
