

«Զով-Գուժ» ՍՊԸ-ն մտադիր է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան հատվածները։
Երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների վերաբերյալ նոր հանրային լսումները կկայանան 2025թ․ օգոստոսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
Սույն թվականի հուլիսի 9-ին Քարաբերդ բնակավայրում նախաձեռնված հանրային լսումներն ընթացան բավական լարված մթնոլորտում։ «Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան հատվածների տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների վերաբերյալ կազմակերպված հանրային լսումը չկայացավ: Բնակիչները և շահագրգիռ հանրությունը լսեցին «Զով-Գուժ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին, բայց քանի որ բնակիչների մեջ առաջացավ տարաձայնություն, համայնքի ղեկավարը դադարեցրեց լսումներն իրավիճակը հարթելու նպատակով»,- նշված է հանրային լսման արձանագրության մեջ։
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայքում հանրային լսման վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է․ «Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցվի նվազագույնի»:
Նույն կայքում նախորդ լսումների հայտարարությանը կցված է նաև «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նամակը՝ ուղղված Սուրեն Կոստանդյանին։ Դրանում բերված է ընկերության կողմից նախատեսվող գործունեության նպատակն ու նկարագիրը։
Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հուլիսի 9-ին նախաձեռնված լսումներին ներկայացրել էր «Զով-Գուժ» ընկերության ներկայացուցիչը։
Ըստ այդմ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում՝ Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ուսումնասիրվող տարածքն ունի բլոկային կառուցվածք և գտնվում է սեյսմիկ ակտիվության բարձր մակարդակով գոտում։ Նա ընդգծել էր, որ տարածքը հայտնի է իր օգտակար հանածոներով, ներառյալ ոսկի, պղինձ և մետաղների այլ խմբեր։
Ընկերության ներկայացուցիչը նաև հիշեցրել էր, որ 2002-2008 թթ. ընթացքում իրականացվել են ուսումնասիրություններ՝ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան տեղամասերում։ «Հանքավայրի Արևմտյան տեղամասը գտնվում է բուն Քարաբերդի ոսկու հանքավայրից արևմուտք՝ 100-150 մետր հեռավորության վրա և ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք մոտ 1800-2000 մետր: 2007-2008թթ. կատարված որոնողական աշխատանքների արդյունքում մակերեսային լեռնային փորվածքներով մերկացվել են մի շարք երակային տիպի հանքային մարմիններ՝ քվարց-բազմամետաղային և քվարց-մալախիտ-բազմամետաղային կազմով: Խորքում հանքայնացումն ուսումնասիրվել է 70 մ խորությամբ թիվ 1 հորատանցքով։ Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան տեղամասը հայտնաբերվել է 2007թ. որոնողական աշխատանքների արդյունքում և գտնվում է բուն հանքավայրից 1.0-1.1 կմ դեպի հարավ-արևելք: Ընկերությունը մտադիր է մշակել տեղամասի արդյունաբերական նշանակության վերաբերյալ արդիականացված տեղեկատվական համակարգը, հաշվարկել և հիմնավորել կոնդիցիաների նոր պարամետրերը և իրականացնել Կենտրոնական տեղամասի պաշարների վերագնահատում»,- ասաց նա։
Փամբակի համայնքապետարան ներկայացված փաստաթղթում նշվում է, որ բնապահպանական միջոցառումներից ընկերությունը նախատեսում է իրականացնել փոշու առաջացման կրճատում և վերահսկողություն՝ հորատման լուծույթների կիրառման, հորատման հարթակների ջրցանման, ռեկուլտիվացիայի եղանակով։ Հողերի պահպանության նպատակով հորատման հարթակներից հողաբուսական շերտը նախապես հեռացվելու է և պահեստավորվելու՝ հետագա կենսաբանական ռեկուլտիվացիայի ժամանակ օգտագործելու համար։
Հուլիսի 9-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը նշեց․ «Նախ մենք ենք իմանալու, թե տվյալ տեղամասում՝ ինչ ունենք՝ քար ունենք, ոսկի ունենք, ջուր ունենք։ Դրանից հետո, եթե օգտակար հանածո հայտնաբերվեց, դրա համար էլ են գալու։ Դուք կորոշեք՝ թույլ տալ այստեղ արդյունահանեն, թե՝ ոչ»։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ասաց․«2021թ․ սկսած Քարաբերդի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով արդեն 11-րդ հանրային լսումն են անցկացնում։ Միգուցե արդեն հինգերորդ ընկերությունն է, որ գալիս է։ Չորս տարի թիրախավորված այս գյուղի վրա անընդհատ փորձեր են կատարվում։ Ուղղակի քանի՞ անգամ մարդիկ կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել։ Պարոն համայնքապետ, հասկանում եմ, որ օրենքի պահանջ է, երբ դիմում է նախաձեռնողը, բայց դուք կարող եք տեղեկացնել, որ արդեն տասն անգամ մերժել են կամ չի ստացվել։ Քարաբերդում շահագործվել է հանքավայր, կա քարի հանք։ Գյուղն էկոլոգիապես ծանրաբեռնվածության տակ է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանի 2010 թվականի ուսումնասիրությունը կա, ըստ որի՝ այս տարածքը ուրանակիր գոտի է»։
Նա նաև տեղեկացրեց, որ Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները 2022թ․ նմուշառումներ են կատարել Քարաբերդի տարածքում։ Արդյունքում շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։
«Մենք այստեղ իրականացրել ենք հետազոտություններ։ Առկա է նաև կապար, որն առանց ուրանի չի կարող առաջանալ։ Ծանրաբեռնվածություն կա։ Մենք ուզո՞ւմ ենք գյուղը դարձնել ամբողջությամբ հանքավայրային։ Մարդիկ այստեղ հյուրանոց, բիզնես են սարքում, գյուղատնտեսության հեռանկարներ կան։ Այս տարածքում բոլոր տեղերն էլ ոսկի, բազմամետաղներ կան, հարուստ է, բայց դա չի նշանակում, որ ամբողջ երկիրը կարելի է հանքավայրի վերածել»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։
Քարաբերդի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը, դիմելով ընկերության ներկայացուցիչներին, նշեց․ «Բոլորդ էլ գնացող եք, մնալու է այս գյուղի ժողովուրդը։ Քանի որ մեր տարածաշրջանն ուրանի գոտում է հայտնված, էդ ուրանը ոչ միայն մեզ է վնաս, այլ՝ առաջին հերթին Փամբակի, Մեղրուտի ու Վանաձորի ժողովրդին։ Վտանգավոր է իր ամեն ինչով։ Ես մասնագետ չեմ, որ բացատրեմ, թե ինչով է վնաս, ապացուցված բան է մեր բնապահպանների կողմից։ Որպես այս գյուղի բնակիչ՝ դեմ եմ այս ամեն ինչին։ Որպես վարչական տարածքի ղեկավար՝ դուք որոշե՛ք, ես ձեր հետ եմ»։
Բնակիչներից մեկն արձագանքեց․ «Մեր գյուղացիներից ոչ մեկն էլ համաձայն չի, որ հանք բացեն»։
Նրա խոսքից հետո հանրային լսումների մթնոլորտը լարվեց, հաջորդեց քաշքշուկ, հրմշտոց՝ մասնակցիների միջև։ Վեճը տեղափոխվեց շենքի տարածքից դուրս։
Տեսնելով, որ հանքավայրի ծրագրին դեմ և կողմ բնակիչներին հնարավոր չէ հանդարտեցնել՝ Սուրեն Կոստանդյանը նշեց․ «Քանի որ մի գյուղի բնակիչները չեն կարողանում կողմնորոշվել, երիտասարդությունը մի կողմում են, մեծերը՝ մյուս կողմում, չեմ ուզում այս գյուղում որևէ խնդիր լինի։ Այս պահին լսումները դադարեցնում ենք, բոլորս գնում ենք մեր գործերով»։
Ի պատաասխան բնակիչներից արձագանքեցին․ «Մենք էլ լսումներ չենք ուզում ընդհանրապես, թող չգան, էս գյուղին տրորում են»։
Հուլիս 18, 2025 at 14:19