

CEE Bankwatch Network
Մագդա Վիեյակ (Magda Wiejak)
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովն (COP17) ավարտվեց, և ակամայից հարց է առաջանում․ որքանո՞վ իրական ազդեցություն կտեսնենք բնության վրա՝ խոստումներով և միջազգային պարտավորություններով լի հերթական COP-ից հետո:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր քարոզարշավի մասնակիցները Հայաստանում էին՝ Երևանում, որպեսզի ուշադրություն հրավիրեն մեր կողմից բարձրաձայնվող մի շարք հրատապ խնդիրների վրա՝ սկսած էկոլոգիական ցանցերից մինչև շրջանաձև տնտեսություն և վնասակար սուբսիդիաների կանխարգելում։ Ճակատագրի հեգնանքով, COP17-ի բացումից մեկ շաբաթ առաջ Հայաստանի իշխանությունները կանաչ լույս վառեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի համար, ինչը սպառնալիք է տարածաշրջանի կենսաբազմազանության, այդ թվում՝ վտանգված վայրի տեսակների, գետերի և Սևանա լճի համար։ Կենսաբազմազանությունը, չնայած ներքին և արտաքին պարտավորություններին, կարծես թե խոչընդոտ է, որը պետք է վերացվի, որպեսզի հանքարդյունաբերական նախագիծը շահույթ բերի։
Այդ իսկ պատճառով, COP17-ի ընթացքում մենք՝ տեղական քաղաքացիական հասարակության խմբերի հետ համատեղ, կոչ արեցինք Հայաստանի կառավարությանը և հանքավայրին աջակցող միջազգային ֆինանսական կառույցներին՝ դադարեցնել շինարարությունը և հարգել միջազգային պարտավորությունները։
Ամուլսարը միակ հեգնանքը չէ այս տարվա COP17-ից հետո։ Երկշաբաթյա բուռն քննարկումներից հետո ընդունվեց «Երևանյան ուղին» (Yerevan Pathway)՝ յուրահատուկ ցանկությունների ցուցակ երկրների համար այն մասին, թե ինչպես արագացնել բնության պահպանությունը, սակայն առանց պարտադիր կատարման ենթակա պարտավորությունների: Ուստի, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ժամանակին իրագործվելու 2030 թվականի թիրախները, որոնք նախատեսում են տարեկան 200 միլիարդ ԱՄՆ դոլար մոբիլիզացնել կենսաբազմազանության համար և 500 միլիարդ դոլարով կրճատել վնասակար սուբսիդիաները։
Համաժողովի հիասթափեցնող կողմերից էին նաև հարակից միջոցառումները, որոնց մեծ մասը կենտրոնացած էր կենսաբազմազանության պահպանության կեղծ լուծումների՝ փոխհատուցումսերի (offset), ածխածնային վարկերի և այլ մեխանիզմսերի վրա, որոնք բնությանը վերաբերում են որպես վաճառքի ենթակա ակտիվ, երբ գործարքը բավականաչափ շահավետ է։ Այդ պատճառով մեր ջանքերն ուղղված էին նաև էկոլոգիական ցանցերի (Չեռնոգորիայի օրինակի վրա հիմնված) և «անձեռնմխելի» գոտիների (no-go zone) պաշտպանությանը, որոնք զերծ են պահում բնությունը վնասակար տնտեսական գործունեությունից։
Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այս տարվա համաձայնագրերը կհարգվեն, և արդյո՞ք բնությունը կդառնա առաջնահերթություն՝ կառավարությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների համար: Թեև նմանատիպ նախորդ միջոցառումներն աչքի են ընկել բավականին մեծ խոստումներով և չնչին առաջընթացով։
Առանց հավաքական գործողությունների և հանրային միջոցների մոբիլիզացման՝ երկարատև քննարկումներն ու պաշտոնական համաձայնագրերը փոփոխություն չեն բերի։ Մենք կշարունակենք պահանջել բնության պահպանության և վերականգնման հավակնոտ ու իրատեսական միջոցառումների իրականացում այնքան ժամանակ, քանի դեռ վտանգված են եզակի կենսամիջավայրերն ու տեսակները:
Դուք կարող եք ավելին կարդալ COP17-ի ընթացքում մեր բարձրաձայնած խնդիրների ու առանձին դեպքերի մասին՝ մեր հատուկ կայքէջում:
Լուսանկարը՝ CEE Bankwatch Network-ի
Նոյեմբեր 05, 2026 at 13:01
