ՆԱՀԱՏԱԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԻ

ՆԱՀԱՏԱԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԻ

ԷկոԼուր

Metal Prince LTD կորորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն «ԷկոԼուր»-ին նամակ է ուղարկել, որտեղ անհամաձայնություն է հայտնում «ԷկոԼուր»-ի ահազանգերին` Ճոճկանի պոչամբարի վթարային վիճակի վերաբերյալ (պոչամբարի պաշտոնական անվանումը Նահատակ է): Ընկերությունը մասնավորապես պնդում է, որ պոչամբարը պարունակում է 1,1 միլիոն, այլ ոչ թե 22 միլիոն խորանարդ մետր պոչ: Ընկերությունը նաեւ կասկածում է, որ պոչեը թունավոր պարունակություն ունեն. «Ի՞նչ հետազոտությունների հիման վրա է այդ բնորոշումը»,- նշված է նամակում: Նաեւ ընկերությունը պնդում է, որ պոչամբարի դրենաժային համակարգը, որի  անպետքության մասին բազմիցս արտահայտվել է «ԷկոԼուր»-ը, արդեն ստուգված եւ վերականգնված է:

Մեր հերթին ուզում ենք նշել, որ մեզ անչափ անհանգստացնում է այն փաստը, որ 2010թ. պոչամբարը պետք է գործարկվի հետագա շահագործման համար, իսկ փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննություն: Պոչամբարը կոնսերվացվել է դեռեւս 1988թ. (ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վիճակի մասին» 2002թ. ազգային զեկույց, էջ 61): Փաստացիորեն,  այդ ողջ ժամանակի ընթացքում, որպեսզի պոչամբարը պահվեր աշխատանքային վիճակում, պետք է ծախսվեին միլիոնավոր դոլլարներ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գեոքիմիկ Սերգեյ Գրիգորյանի հաշվարկներով, որպեսզի  պոչամբարն աշխատանքային վիճակում պահվի, 1 տոննա պարունակության համար տարեկան պահանջվում է միջինը 1,4 դոլար: Հետեւաբար, եթե նույնիսկ հիմք ընդունենք ընկերության թվերը, այլ ոչ անկախ փորձագետներինը, ապա ամեն տարի պետք է ծախսվեր ամենաքիչը 1 միլիոն դոլար: Մենք հստակ գիտենք, որ պետական բյուջեից այդ գումարները չեն ծախսվել: Եթե ընկերությունն է ծախսել այդ գումարները, ապա կցանկանայինք ծանոթանալ համապատասխան փաստաթղթերի հետ: Իսկ եթե նա գումարներ չի ծախսել, ապա այդ ժամանակ խոսքը ոչ թե վերաշահագործման մասին է, այլ բարդ հիդրոտեխնիկական կառույցի վերակառուցման, որը 22 տարիների ընթացքում լքված է եղել: Այդ դեպքում, ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենիքի, փաստաթղթերը պետք է անցնեն պարտադիր գործընթաց` բնապահպանական պետական փորձաքննության եզրակացություն ստանալու համար:

Նահատակի պոչամբարում 22 միլիոն տոննա պարունակության գնահատականի մասին:  Մեր գնահատականը հիմնված է անկախ փորձագիտական գնահատականների վրա, որոնք հրակարակայնորեն հնչեցրեց ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը 2010թ. օգոստոսի 26-ի կլոր սեղանի ժամանակ: Միանգամից նշենք, որ ընկերությունը խոսում է խորհանարդ մետրերի մասին, իսկ մենք խոսում ենք տոննաների մասին, եւ համեմատել 2 տարբեր ցուցանիշներ ճիշտ չէ: Պարունակության իրական ծավալի հստակեցման համար անհրաժեշտ են նաեւ անկախ փորձագետների հետազոտություններ, ովքեր կպարզեն, թե ինչ է կուտակել պոչամբարը այդ 22 տարիների ընթացքում, ինչպիսին են այդ պարունակության սահմանները, այդ պարունակությունը գերազանցում է պոչամբարի սահմանները, թե ոչ եւ ընդունակ է այն թափոններ կուտակել հետագայում:

Այն հարցի մասին, թե մենք որտեղից ենք վերցրել, որ թափոնները տոքսիկ են: Նույն 2002թ. ազգային զեկույցում Նահատակի պոչամբարը, ըստ պարամետրերի, ամենաբարձր վտանգավորության դասի օբյեկտներին է պատկանում` 1-ին դասին: Գլխավոր պարամետրերից մեկը տոքսիկ թափոնների պարունակությունն է: Նահատակի պոչամբարում այդ ցուցանիշն ամենաբարձր բալլն ունի:

Դրենաժային համակարգի վերանորոգման մասին: Մենք կասկածի տակ չենք դնում մասնագետների որակավորումը, ովքեր ընկերության պատվերով տեխնիկական հաշվարկներ են անցկացրել: Բայց եւ այնպես, քանի որ խոսվում է բարձր վտանգավորության դաս ունեցող օբյեկտի մասին, ապա ընկերության պնդումը, թե դրենաժային համակարգը վերանորոգված է, անշուշտ, անկախ փորձագետների գնահատականի կարիք ունի, ինչպես նաեւ գնահատման համար պետք է ներկայացվի բնապահպանական պետական փորձաքննության:   

Դիտողության մասին, թե պոչամբարը շահագործման է հանձնվել ոչ թե 1965թ. (հղում «ԷկոԼուր»-ին), այլ 1971թ.: Շնորհակալ ենք  ճշտման համար եւ ներողություն ենք խնդրում թույլ տված սխալի համար:

Առաջարկում ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բնապահպանական պետական փորձաքնության համար պարտադիր կերպով ներկայացնել ողջ փաստաթղթերը եւ տեխնիկական հաշվարկները:

Շնորհակալ ենք «Ախթալայի լեռնահրաստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին կոմբինատ այցելելու առաջարկության համար: Վստահ ենք, որ անկախ դիտարկումները կնպաստեն ոչ միայն շրջակա միջավայրի պահպանմանը, այլ նաեւ ընկերության վարկանիշի բարձրացմանը, որն իր կայքում հայտարարել էկոլոգիական քաղաքականության մասին:

Նոյեմբեր 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր