ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՆՑԵԼ Է

ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՆՑԵԼ Է

Aysor.am

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Իգա Զառաֆյանը Սյունիքի մարզից Aysor-ի թղթակցին ասաց, որ կարող է հայտարարել` Քաջարանում վթարը չեզոքացված է: Խոսքը մոտ մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 14-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի վնասման հետևանքով Ողջի գետի աղտոտման մասին է:

«Ես կարծում եմ, որ բնապահպանության նախարարությունը պետք է ոչ միայն գրի, թե ինչ չափի վնաս է կրել բնությունն ու որքան են տուգանել պղնձամոլիբդենային կոմբինատին, այլև հրապարակի լաբորատոր տվյալներ, թե ի՞նչ նյութեր են թափվել գետը և ի՞նչ քանակությամբ, որքա՞ն է դրանց վտանգավորության ասիճանը և այլն, որպեսզի մենք նույնպես կարողանանք ռիսկի գնահատում անել»,- ասում է ՀԿ-ի նախագահը:

Հիշեցնենք, որ ասօր Բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, թե պոչատար խողովակի հատակային մասը ճեղքվել էր 36 մմ և այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել էր Ողջի գետ: «Կախյալ նյութերը, ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության, կազմում են 9.990 միլիգրամ լիտր: Բնության հասցված վնասը կազմել է 650.000 դրամ, և կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում»:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը հրաժարվեց մասնավորեցնել կախյալ նյութեր հասկացությունը` պարզաբանելով, թե այդպես են կոչվում ջրում չլուծվող նյութերը և ասաց, որ կախված ջրի հոսանքից` արագ թե դանդաղ, ցածր թե բարձր դիրքում, կարող է փաստել` «վտանգն արդեն միանշանակ անցել է»:
«Քանի որ ապարախյուսը պինդ հատկություն ունի, անընդհատ տեղափոխվելիս` մաշեցրել էր պոչատարի բետոնե հատակն ու անցք բացել: Կոմբինատի աշխատակիցներն էլ բացել էին պահեստային պոչատարը, որի միջոցով ջուրը տեղափոխովում էր 35 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկի պոչատար»,- պատմեց Պետրոսյանը:

Նա դժվարացավ ասել, թե երբ է վերանորոգվել պոչատարը, սակայն ասաց, որ պետք է մշատեպս հետևել ու վերանորոգել այն: Ի դեպ, պոչատարի անվտանգ աշխատանքի հսկումը կոմբինատի լիզորության մեջ է մտնում (վթարի ժամանակ կոմբինատի տնօրենը գտնվել է արձակուրդում, և հսկողությունն իրականացրել է տնօրենի տեղակալը):

«Օրհուս» կենտրոնի էկոիրավաբան Աիդա Իսկոյանն ասում է, որ ջրային ռեսուրսների աղտոտվածության դեպքում, քանի որ ջուրը դինամիկ է, դժվար է պարզել «մեղավորի» պատասխանատվության աստիճանը, քանի որ պետք է առաջին հերթին պարզաբանեն պատճառահետևանքային կապն ու վնասի աստիճանը: Չնայած, որ օրենքով սահմանվում է «էական» վնաս հասկացություն, դժվար է նույնիսկ միջազգային պրակտիկայում հստակեցնել այդ «Էական» բառը: Իսկ օրենքի տեսակետից պատասխանատվության ենթարկելն, ըստ էության, նաև կանխարգելիչ բնույթ է կրում:

Նոյեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր