

Վահրամ Օրբելյան, «Սյունյաց երկիր»
Հարցազրույց «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինի հետ
– Սերգե՛յ Պետրովիչ, արդյոք հաղթահարվա՞ծ են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Խնդրեմ` երեւույթը ներկայացրեք Ձեր ձեռնարկության օրինակով:
– Ճգնաժամն ուժգին հարվածեց բոլոր արդյունաբերական ձեռնարկություններին, այդ թվում` մեր ընկերությանը: Խոշոր պարտքեր կուտակվեցին, պարապուրդներ եղան, հասարակության մեջ լարվածություն ստեղծվեց: Այժմ վիճակը շտկվում է: Ես չեմ ասում, որ ձեռնարկությունը հասել է իդեալական հանգրվան, բայց կարող եմ ասել, որ լարվածությունը մնացել է հետեւում: Հիմա ձեռնարկությունում բնականոն, սովորական ընթացք է: Մեր առջեւ կոնկրետ խնդիրներ են դրված, սահմանված են դրանց իրագործման ժամկետներն ու հաջորդականությունը:
– Պարո՛ն Պոլովինկին, 2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը Ձեր ընկերությանը հատկացրեց 14 մլն դոլար վարկ: Հիմա, երբ ճգնաժամը հետեւում է մնացել, ի՞նչ կասեք այդ վարկի նշանակության մասին:
– Անկեղծ ասած` շատ դժվար կլիներ մեզ համար առանց այդ վարկի: Չլիներ պետական վարկը, դժվար թե կարճ ժամանակամիջոցում հաղթահարեինք ճգնաժամը, եւ ավելի ծանր վիճակում կհայտնվեինք:
– Կուզեինք Ձեր ասածը հիմնավորելու համար բերեիք մի քանի թվական տվյալներ: Վերջերս հաճախ են նախաճգնաժամային շրջանի հետ համեմատություններ անում, որոնց հեղինակների հավաստմամբ` Ագարակի կոմբինատը, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ, կրկնակի ավելացրել է արտադրության ծավալները:
– Ճիշտն ասած` այնքան էլ կողմ չեմ համեմատություններին, քանզի, ասենք, ճգնաժամի ընթացքում ձեռնարկությունը վեց ամիս չաշխատեց: Հետո մակաբացման աշխատանքների ծավալները հասան նվազագույնի, նույնիսկ անհարմար է այդ առումով որեւէ թիվ հիշատակել: 2006 թվականին իրականացվել են 1.5 մլն խորանարդ մետր մակաբացման աշխատանքներ, երբ այսօր ամսական պլանը 250 հազար խորանարդ մետր է:
– Իսկ համաշխարհային շուկայում մետաղների գների առումով վիճակը, կարծեք, վատ չէ:
– Իրավիճակն իսկապես նորմալացել է, մետաղների գները հավասարվել են նախաճգնաժամային սանդղակին, դեռ ավելին` պղնձի գնի աճ է նկատվում, իսկ մոլիբդենինն ինչպես կար, այնպես էլ մնացել է: Ինչեւէ, ներկա պայմաններում հնարավոր է շարունակել ձեռնարկության նորմալ գործունեությունը, պլաններ նախանշել, բնագծեր նվաճել: Ես 2010-ի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ մենք մտքերով ու խոհերով արդեն 2011 թվականի հետ ենք, որովհետեւ հաջորդ տարի նախատեսվել է հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցումը, որը տարվա վերջին պիտի ավարտին հասցնենք:
– Ուզում ենք ենթադրել, որ այլեւս աշխատողների կրճատումներ չեն լինի:
– Վերջին կրճատումները եղել են մեկուկես տարի առաջ, դրանից հետո աշխատանքների կայունացմանը զուգահեռ կայունացել է ամեն ինչ: Այնուամենայնիվ, կադրային բնական հոսք կա, մարդիկ են ազատվում աշխատանքից, նորերն ընդունվում են աշխատանքի, իսկ նոր կրճատումներ չեն նախատեսվում:
– Վերահսկիչ պալատը «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունում ստուգումներ էր անցկացրել, մտահոգիչ երեւույթներ արձանագրել: Ընկերությունն էլ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Վերահսկիչ պալատը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից` խախտելով ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածն ու Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը: Հնարավո՞ր է, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն անդրադարձներ ունենա նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործերի վրա, քանի որ Ձեր ձեռնարկությունը նույնպես այդ ընկերության մեջ է:
– Մեր ընկերությունն ինքնուրույն իրավաբանական անձ է, ունենք առանձին իրավաբանական, փոստային հասցե, առանձին հաշվարկային հաշիվ: Օրենսդրականության տեսակետից «Գեոպրոմայնինգ գոլդի» հետ ոչ մի հարաբերություն չունենք: Բայց քանի որ նույն խմբի մեջ ենք, հետեւում ենք նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ ցավ ապրում, եթե այնտեղ պրոբլեմներ են առաջանում:
– Այն, որ հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցումն առաջնային, օրախնդիր հարց է, մեկ տարի առաջ նշել է «Գեոպրոմայնինգ» խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը մեր թերթին տված հարցազրույցում («Սյունյաց երկիր», 10 հոկտեմբերի 2009թ.): Նույնիսկ խոսվում էր նոր ֆաբրիկայի կառուցման մասին:
– Նոր ֆաբրիկայի կառուցումը համալիր մոտեցում է պահանջում: Պարզաբանեմ միտքս: Մենք ակտիվորեն երկրաբանահետախուզական աշխատանքներ ենք իրականացնում: Բանն այն է, որ երկրաբանության մեջ պղնձամոլիբդենային պաշարները բաժանվում են երեք կատեգորիայի` 2010 թվականին խնդիր էր դրված «Ց-2» կատեգորիայից «Ց-1» կատեգորիայի հասցնել, այսինքն` համալրել պաշարները, որքանով կլրացվեն պաշարները, այնքանով հեռանկար կբացվի հանքահարստացուցիչ նոր ֆաբրիկայի կառուցման համար: Դա երկրորդ նպատակն է: Այսօր առաջնային խնդիրը գործող ֆաբրիկայի վերակառուցումն է: Եթե դա տեղի ունենա, նախ` կիջնի արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի ծավալը կաճի, որից հետո միջոցները կարելի է կենտրոնացնել եւ մտածել նոր ֆաբրիկայի շինարարության մասին: Իսկ այժմ ժամանակն է, անհրաժեշտ է գործող ֆաբրիկան վերակառուցել, ներդնողների մեջ հետաքրքրություն առաջացնել: Հստակ պլաններ են մշակված, ժամանակ եւ միջոցներ են անհրաժեշտ դրանք իրագործելու համար:
– Վերջին ամիսներին Սյունիքում բնապահպանական շարժում է սկսվել` կապված ուրանի հանքավայրի որոնողական աշխատանքների հետ: Եվ ընդհանրապես լեռնահանքային արդյունաբերությունն ինքնին բնապահպանական խնդիրներ է առաջացնում: Կուզենայինք իմանալ, թե Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը բնապահպանական ի՞նչ քաղաքականություն է վարում:
– Մենք հիմա ծրագիր ենք մշակում, որ Արաքս գետի մեջ արտանետումները բացառվեն: Բայց դրա համար մեծ գումարներ են պահանջվում, շինմոնտաժային մեծածավալ աշխատանքներ պիտի իրականացնենք: Կարծում եմ` հաջորդ տարի այդ կնճռոտ խնդիրը կլուծվի վերջնականապես: Այլ կերպ ասած` արտանետումների հետ այլեւս ոչ մի առնչություն չենք ունենա:
– Ովքե՞ր են իրականացնում կոմբինատի բնապահպանական քաղաքականությունը, ձեռնարկության բնապահպանական թիմն ի՞նչ մասնագետներով է համալրված:
– Այստեղ` Ագարակում, զուտ բնապահպանության մասնագետներ չունենք: Բանն այն է, որ բնապահպանական քաղաքականության իրականացումը վերապահված է «Գեոպրոմայնինգ» ընկերության ընդհանուր ղեկավարությանը: Բնապահպանության մասնագետները նստած են Երեւանում: Ստեղծվել է բնապահպանության խումբ, որը ղեկավարում է ընկերության փոխնախագահը: Պիտի ասեմ, որ խումբը սակավամարդ չէ, նրա անդամները մեզ մոտ պարբերաբար բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող մոնիտորինգ են անցկացնում եւ գործնական խնդիրներ լուծում: Կառավարման այդ կարգը, համենայնդեպս, թույլ է տալիս ոլորտը ճիշտ հունով տանել:
– Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունեք բնապահպանության ոլորտում, բացի նրանից, որ ասացիք Արաքս գետը աղտոտելու առնչությամբ:
– Ինչպես արդեն նշեցի, Արաքսին առնչվող հարցը մեզ շատ է մտահոգում. դեռեւս արտանետումներ են լինում Արաքսի մեջ, թեեւ դրանք պարբերաբար բնույթ չեն կրում: Բայց հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիան այնպիսին է, որ հնարավոր չէ խուսափել վթարներից: Ֆաբրիկան հնացել է, բնականաբար, չենք կարող խուսափել վթարներից, ինչը նույնպես բնապահպանական խնդիրներ է երբեմն հարուցում:
– Ձեռնարկությունն առանց տեխնիկական վերազինման չի կարող հեռուն գնալ: Նախորդ տարում կոմբինատը, որքանով տեղյակ ենք, ձեռք է բերել 55 տոննանոց «Բելազներ», ինչի շնորհիվ զգալիորեն թարմացել է մեքենայական հավաքակայանը: Իսկ կոմբինատի մյուս արտադրամասերի արդիականացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
– Այդ «Բելազները» մեզ շատ անհրաժեշտ էին, ինչ վերաբերում է մյուս ոլորտների տեխնիկական վերազինմանը, դա ամենօրյա գործընթաց է եւ ընթանում է բոլոր ուղղություններով: Դա ե՛ւ էլեկտրական ենթակայանների նորացումն է, ե՛ւ բուլդոզերային հավաքակայանի համալրումը եւ այլն: Այսօր արդեն կոմբինատում քննարկվում են, թե 2011-ին ինչ ենք ձեռք բերելու: Այդ նպատակով կհատկացվի երեք միլիոն դոլար:
– Եթե մետաղական բորսայում պղնձի եւ մոլիբդենի գինը բարձրանում է, դա անդրադարձներ ունենո՞ւմ է մարդկանց աշխատավարձի վրա:
– Գիտե՞ք, պղնձի եւ մոլիբդենի գինը եւ աշխատավարձը պայմանավորված չեն միմյանցով: Աշխատավարձն ուղիղ համեմատական կապի մեջ է աշխատանքի արտադրողականության հետ: Եթե մարդը սկսում է ավելի շատ արտադրանք տալ, ասենք, երկու անգամ ավելի, ուրեմն պիտի նույնքան անգամ ավելի վարձատրվի: Ենթադրենք` պղնձի գինը բարձրացավ, բայց դիզվառելիքի գինը մնաց նույնը, չէ՞, պահեստամասերի գինը` նույնպես: Ավտոդողերը, օրինակ, երկու անգամ թանկացան: Այո՛, մետաղների գները բարձրացան, իսկ եթե վաղը համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գներն ընկնեն, աշխատավարձը պիտի իջեցնե՞նք, ի՞նչ է:
– Անցնող տարում Ձեր ընկերությունում լարված մթնոլորտ էր ստեղծվել արհկոմի ղեկավարի շուրջ: Հուլիսի 1-ին, ի վերջո, արհմիութենական կազմակերպությունում նոր ղեկավարություն ձեւավորվեց: Արդյոք հիմա ամեն ինչ նորմա՞լ է:
– Եկեք չխորանանք այդ օրերի իրադարձությունների մեջ եւ չքննարկենք արհկոմի նախկին ղեկավարության գործունեությունը: Դա անցած փուլ է: Հիմա կա նոր ղեկավարություն, արհկոմի նոր նախագահ` Սամվել Միքայելյան, որի հետ կա սերտ համագործակցություն` ի շահ ընկերության:
– Այդ բոլորով հանդերձ` բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է տիրում կոլեկտիվում:
– Մարդիկ տեսնում են, որ ներդրումներ են արվում, նոր տեխնիկա է գնվում, արտադրությունն ընդլայնվում է, մակաբացման աշխատանքներ են տարվում, մանավանդ այս վերջինը շատ ծախսատար աշխատանք է, եւ թող ներվի ասելու, տասնամյակներ ի վեր կարգին չեն իրականացվել նման աշխատանքներ: Այդ ամենը հույս է ներշնչում, որ ձեռնարկությունը բնականոն հունի մեջ է, գոյատեւելու է, եւ, բնականաբար, մարդիկ լավատեսորեն են նայում ապագային: Կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում:
Դեկտեմբեր 02, 2010
