ՔԱՋԱՐԱՆ. Ե՞ՐԲ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ԻՆՉՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՎԵԼ ՎԹԱՐԸ

ՔԱՋԱՐԱՆ. Ե՞ՐԲ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ԻՆՉՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՎԵԼ ՎԹԱՐԸ

Արմինե Ավագյան, Սյունյաց Երկիր

«ԶՊՄԿ» ՓԲԸ կողմից Ողջի գետի հերթական աղտոտման հասցրած վնասը պետական մարմինները 650 հազար դրամ են գնահատում: 100 հազար դրամի չափով էլ վարչական տուգանքի է ենթարկվել ընկերության պոչուկատարի պետը, որը ժամանակին չի նկատել բետոնե խողովակի մաշվածությունը:

Ինչքան էլ մեկ շաբաթվա ընթացքում փորձում էինք Սյունիքի բնապահպանական տեսչությունից պաշտոնական տվյալներ ստանալ տեղի ունեցած վթարի ժամկետների մասին եւ հակասական պատասխաններ լսում, փաստն այն է, որ նոյեմբերի 15-ի առավոտյան նկատելով Ողջի գետի գույնն ու նրանով հոսող թափոնների արդեն կուտակված նստվածքը գետի հունում՝ հենց մենք ենք ահազանգել տեսչություն` հարցնելու համար, թե ինչ է կատարվում: Պարզվեց, մենք ենք տեղյակ պահում… Ցանկացանք պարզել վթարի վայրը: Մեզ տեսչությունից ուղղորդեցին դեպի Գեղի՝ ասելով, որ սովորաբար այնտեղով անցնող պոչուկատարից է արտահոսք լինում: Հասանք Գեղվա խաչմերուկ, Գեղի գետը մաս-մաքուր խառնվում էր Ողջիին, իսկ սա արդեն Քաջարանից աղտոտված էր հոսում: Քաջարանի մուտքի մոտ տրակտոր ու բեռնատար մեքենա էին աշխատում, արգելապատնեշ էին սարքել քարերից գետի հունում ու դրա մոտ կուտակված թափոններն էին տեղափոխում:

Ցավալի, տխուր վիճակ էր Քաջարանի տարածքում Ողջի գետին նայելիս. առանց այդ էլ գրեթե ջրազուրկ այս սեզոնում գետի հունում հաստ շերտով թափոններ էին նստած, եւ գետը փոքրիկ պոչամբար էր հիշեցնում: Այստեղից սկսած մոտ 30կմ Ողջին հոսել է Քաջարան, Կապան քաղաքների միջով, բայց ՏԻՄ օրենսդրությունը համայնքին հասցված վնասի փոխհատուցում չի ենթադրում, տուժել են քաղաքների վարչական տարածքները, տուգանքը մուծվում է պետբյուջե… Գետի հունն էլ կսպասի` այնքան ջուր հոսի, որ ինքնամաքրվի…

Պաշտոնական տվյալներով վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան` ժամը 4:00-ին, եւ արտահոսքը տեւել է մոտ կես ժամ, դրանից հետո թափոններն ուղղվել են դեպի թափոնատարի պահեստային խողովակաշար: Ողջի գետ մոտ 50տ թափոն է լցվել:

Մեր այցի պահին` ամսի 15-ի առավոտյան, Քաջարանի Աբովյան փողոցում, որտեղից եղել էր արտահոսքը, խողովակի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Մասնագետ չենք, եւ միգուցե մեզ մեղադրեն սուբյեկտիվիզմի, ոչ մեր ոլորտ քիթներս մտցնելու մեջ, բայց գետի նստվածքներին նայողը դժվար թե հավատա, որ դա ընդամենը կես ժամվա արտահոսքի արդյունք է, մանավանդ որ դեռեւս դրանից չորս օր հետո դեռ Ողջիի ջրերը չէին պարզել, մանավանդ որ հենց նույն տեսչությունից մեր ահազանգի օրը վթարի ժամի ու վայրի մասին տարբեր վարկածներ լսեցինք, մանավանդ որ քաջարանցիներն ասում են, որ դեռեւս նոյեմբերի 13-ին են արտահոսքին ականատես եղել, մանավանդ որ դժվար է հավատալ, որ գիշերվա ժամը 4:00-ին ինչ-որ մեկն արթնացել ու հատուկ այցելել է թափոնատարի տվյալ հատված, մթության մեջ տեսել արտանետումներն ու դրա դեմն իսկույն առել:

Ի դեպ, Սյունիքի բնապահպանական պետական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանից հարցրեցինք, թե ճշտվել է արդյոք կենդանական աշխարհին հասցված վնասը: Նա պատասխանեց, թե իրենք միայն ջրային ավազանին հասցված վնասն են հաշվարկում, իսկ կենդանական աշխարհի վերաբերյալ դիտարկում չեն անում, քանի որ այն ծավալի արտանետումներ չեն եղել, որ ձկները վնասվեն: Եվ օրինակ էլ բերեց, թե տարիներով նույն թափոններով Արծվանիկի պոչամբարում ձկներ են աճում…

Եթե Արծվանիկի ձկները, տարիների ընթացքում մուտացիայի ենթարկվելով, հարմարվել են պոչամբարում ապրելուն, եւ խոշոր, տհաճ հոտով, մարդկանց առողջության վրա կասկածելի հետեւանքներ ունեցող մուտանտ այդ ձկներն անարգել Կապանի փողոցներում վաճառվում են շատ ժամանակ անտեղյակ կապանցուն, դա դեռ չի նշանակում, թե նույն ձեւով դիմացկուն են դարձել Ողջիի ձկները …

Խմբագրության կողմից
Մի բան պիտի գոնե ուշացումով ճշտենք: Լեւոն Պետրոսյանն ու իր գլխավորած տեսչությունն ուղտի ականջում քնա՞ծ են, թե՞ պարզապես գրպանային են:

Դեկտեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր