

ԱրմԻնֆո
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալու` «Գեգամետ» ընկերության ծրագրերը կարող են բախվել էկոլոգների դիմադրությանը:
Ինչպես «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հայտնեց «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը, էկոլոգները մտադիր են ՀՀ բնապահպանության նախարարություն ուղարկել հայտարարություն, որում կբարձրաձայնեն ընկերության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրացման եւ տեսակավորման բաց արտադրություն: Չնայած նրան, որ տվյալ գործունեությունն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով, այս տարի ոչ միայն արտադրությունը կառուցվել է, այլեւ հաջողությամբ գործել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացակայության ֆոնի վրա:
«Մենք փորձեցինք բնապահպանական պետական տեսչության ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, սակայն նրա կողմից որեւէ քայլ չձեռնարկվեց»,- նշեց Ի. Զարաֆյանը:
Ըստ երեւույթին, հասարակայնության ակտիվ միջամտության պատճառով «Գեգամետ»-ն, այնուամենայնիվ, որոշեց խորամանկել` փաստաթղթերում փոխելով «վերամշակում» բառը «մանրացում եւ տեսակավորում» բառերով:
Հավանաբար ընկերությունում իսկապես հույս ունեն, որ դա կարող է շրջանցել «Սեւանա լճի մասին» օրենքի հոդվածը, որտեղ արգելվում է վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում:
«Մանրացումը եւ տեսակավորումը հումքի վերամշակման միեւնուն գործընթացն են, այնպես որ մենք մնում ենք այն կարծիքին, որ տվյալ գործունեությունն անօրինական է»,- ընդգծեց Ի. Զարաֆյանը: Նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-ին` Շորժայի գյուղապետարանում: Սակայն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիլվա Ադամյանի կարծիքով, դժվար է այդ միջոցառումը «հասարակական լսումներ» անվանել, քանի որ մասնակցում էին մի քանի մարդ, նրանք էլ ձեռնարկության աշխատողներն էին, ովքեր հետո հեռացան ծառայողական մեքենայով:
Էկոլոգների տեղեկատվությամբ` «Գեգամետ» ձեռանարկության թիկունքում կանգնած է ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, Յունիբանկի ղեկավարությունը եւ այլ ազդեցիկ դեմքեր:
Դեկտեմբեր 09, 2010
