

ԷկոԼուր
«GeoProMining Gold» ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու հանքավայրի շրջակայքի տեսքը փոփոխվում է հանքանյութի արդյունահանման ավելացմանը համապատասխան: Միայն 2009թ. արդյունահանվել է 476,2 հազար տոննա հանքանյութ (ըստ ընկերության տվյալների): Այդ հանքանութի հիմնական մասը թափվում է հողաշեղջերի եւ դատարկ ապարների տեսքով: Եթե ուշադրություն դարձնենք ընկերության հայտարարությանը, որ նա մտադիր է ավելացնել հանքահանման ծավալը մինչեւ 1,5-2 միլիոնի, ապա հարց է առաջանում՝ որտեղ է ընկերությունը լցնելու միլոնավոր տոննաների հասնող հողաշեղջերը: Սահման տանող ճանապարհն արդեն սկսել է փակվել (տես ֆոտոռեպորտաժը):
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գեոքիմիկ Սերգեյ Գրիգորյանի գնահատականով՝ Սոտքի դատարկ ապարների ծավալները կարող են հասնել հարյուրավոր միլիոն տոննաների: Այդ ապարները պայմանական են դատարկ անվանում, քանի որ նրանցում քիչ քանակությամբ, բայց, միեւնույնն է, առկա են տոքսիկ բաղադրամասեր՝ ծանր մետաղներ, անտիմոն, մկնդեղ, ծծմբաքար: Մթնոլորտային տեղումների հետ խառնվելով՝ ծծմբաքարն առաջացնում է ծծմբաթթու, որը քայքայում է շրջակա ապարները եւ առաջացնում է շղթայական ռեակցիա, որի արդյունքում թունավոր տարրերն ու միացությունները նորանոր տարածքներ են գրավում: Փխրուն բնահողը, որը բնորոշ է հանքավայրի տարածքին, ի վիճակի չէ հավաք վիճակում պահել այդ ապարները, եւ մթնոլորտային տեղումների հետ տոքսիկ տարրերը ներթափանցում են ստորգետնյա եւ գրունտային ջրերի մեջ, իսկ նրանց միջոցով՝ Սեւան:
Մեզ ուղեկցող Վարդենիսի բնակիչը հիշում է, որ 2008թ., երբ «GeoProMining Gold» ընկերությունը նոր էր իր գործունեությունը սկսել, խոստացել էր, որ ամեն ինչ չի լինի այնպես, ինչպես նախորդ սեփականատերերի ժամանակ («Sterlite Industries Limited» հնդկական ընկերություն): «Այդ ժամանակ նրանք մեզ խոստումներ տվեցին, որ կբարձրացնեն աշխատավարձը, հանքավայրը ռացիոնալ կերպով կշահագործեն, աշխատանքային պայմանները կբարելավեն: Իսկ հիմա միեւնույն բանն է: Բոլոր նրանք, ովքեր աշխատում են, լռում են, եթե մի բառ ասեն, կհեռացվեն աշխատանքից: Եվ ոչ ոք պաշտպան չի կանգնում: Իսկ աշխատողների անվտանգությո՞ւնը: Ոչ ոք չի մտածում այդ մասին: Եթե վախենում ես անդունդն ընկնել, գնա, ուրիշները կգան»,- ասաց մեզ մեր ուղեկիցը:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված «ԷկոԼուր»-ի հարցմանը, թե ինչպես է գնահատվում ձեռնարկության գործունեության հասցված վնասը, որն աղտոտում է Սեւանա լճի ջրահավաք ավազանը, նախարարությունը պատասխանեց, որ ձեռնարկությունն աշխատում է նորմերին համապատասխան: Հարց է առաջանում, թե ինչ նորմեր ի նկատի ուներ նախարարությունը, եթե ՀՀ վերահսկիչ պալատը հայտնաբերել է խախտումներ, որոնց համար պահանջել է ընկերությանը զրկել արտոնագրից: Իդեպ, մենք այդպես էլ Բնապահպանության նախարարությունից չլսեցինք թեկուզ եւ փոքր մեկնաբանություն Վերահսկիչ պալատի հայտարարության առնչությամբ բնապահպանական պետական տեսչության կողմից ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքների տեսքով:
Դեկտեմբեր 13, 2010
