ԿԱՊԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ԿԱՊԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

News.am

Կապանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով` թույլ չտալ Կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հաղորդեց Կապանի ‹‹Խուստուփ›› բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:

«4-5 բնապահպանական հկ-ներով` «Խուստուփ», «Մեղու», «Կիմի» եւ «Ազատամարտ» կոմիտեով կդիմենք նախագահին ու վարչապետին, կբացատրենք, որ դա կործանարար ազդեցություն կունենա ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության վրա եւ որպեսզի թույլ չտան, արգելեն հանքավայրի բաց եղանակով շահագործումը»,-ասաց Մարիտիրոսյանը` հավելելով, որ մեկ շաբաթվա ընթացքում նամակը կուղարկեն:

Բնապահպանը նաեւ նշեց, որ իրենք պահանջելու են հասարակական լսումներ ու քննարկումներ կազմակերպել հարցի առնչությամբ:

«Ժողովրդից չհարցնե՞ն, որ այդպիսի բան են անում, վերջիվերջո, մենք ենք այդ օդը շնչում, մենք ենք այստեղ ապրում»,-վրդովված նշեց Վլադիկ Մարտիրոսյանը:

«Խուստուփի» նախագահը չբացառեց, որ հնարավոր է Կապանում  հանքավայրի բաց եղանակով շահագործման դեմ հանրահավաքներ կազմակերպվեն:

Նշենք, որ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռ չի տվել, սակայն բնապահպաններն արդեն իսկ անհանգստացած են:

«Մենք փորձում ենք կանխարգելել այդ նախագծի իրագործումը։ Փորձը ցույց է տալիս, որ քննարկումների ժամանակ արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել են երեւանյան բնապահպանական կազմակերպությունների ղեկավարը:

Հունվար 19, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր