

ԱրմԻնֆո
Բնապահպանները շարունակում են վախենալ, որ շրջանցելով օրենքը` «Գեգամետ պլյուս» ընկերությանն, այնուամենայնիվ, կանաչ լույս կտրվի:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է Սեւանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության բացում: Չնայած այն հանգամանաքին, որ այդ գործունեությունն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով` այս տարի արտադրությունը ոչ միայն կառուցվել է, այլև հաջողությամբ գործել է, ընդ որում` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացակայության ֆոնի վրա: Ըստ երևույթին, հասարակայնության ակտիվ միջամտության պատճառով «Գեգամետն», այնուամենայնիվ, որոշեց նախագիծը ներկայացնել փորձաքննության: Առաջին անգամ ընկերությանը մերժեցին, սակայն երկրորդ փորձին «Գեգամետը» որոշեց խորամանկության դիմել` փաստաթղթերում «վերամշակում» բառը փոխարինելով «մանրում և տեսակավորում» բառերով:
«Ես միայն մեկ բան գիտեմ. նրանք չպետք է ստանան այդ լիցենզիան: Հակառակ դեպքում, մենք ականատես կդառնանք «Սևանի մասին» օրենքի ուղղակի խախտման, ըստ որում`Բնապահպանության նախարարության կողմից: Դա անհեթեթություն կլինի, քանի որ հենց նախարարությունը պետք է պաշտպանի օրենքը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: «Ինչպես և շատ դեպքերում, մեր փորձաքննությունն անկախ չէ, և, անշուշտ, մեծ կախվածություն ունի քաղաքական անձից`նախարարից: «Գեգամետ պլյուս» ընկերությունն իրականացնում է ապօրինի գործունեություն, սակայն մենք հուսով ենք, որ ընկերության հիմնադիրների և Բնապահպանության նախարարության ղեկավարության կուսակցական պատկանելիությունը, այնուամենայնիվ, թույլ չի տա, որպեսզի այդ գործարքն իրողություն դառնա»,- ասել է նա: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ, վերջիվերջո, նախարարության ղեկավարությունը ճիշտ գնահատական կտա Սևանում «Գեգամետ պլյուսի» գործունեությանը: «Ընկերության գործունեությունն ապօրինի է և խիստ վտանգ է ներկայացնում լճի էկոհամակարգի համար, և մենք մի քանի անգամ դիմել ենք նախարարությանը` մատնանշելով դա: Ավելին, Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը նույնպես նշել է, որ «Գեգամետ պլյուսի» նախագիծը հակասում է օրենքին: Նախարարությունը պետք է ստուգի և փակի ձեռնարկությունը, ինչը, ցավոք, չի անում արդեն 2 տարի»,- նշել է Զարաֆյանը:
Հունվար 19, 2011
