

Սամվել Ալեքսանյան, Սյունաց Երկիր
Լարված օրեր են Քաջարան քաղաքում. ասպատակախմբի երբեմնի սպասավորներից մեկը` քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ապստամբության դրոշ է բարձրացրել: Ինչպես նշել ենք մեր թերթի նախորդ համարներից մեկում, քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հրաժարվել է այլեւս պարել ասպատակախմբի դուդուկի տակ: Ստեղծված աննախադեպ իրավիճակում մայիսյան ձյունի պես արագորեն հալհլում է Մաքսիմի ամենազորության մասին հնարանքը: Վերջինս, իհարկե, ձեռքերը ծալած չի նստել: Ձեռնարկվող հակաքայլերը, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս: Առայժմ թեժանում է քաղաքում ամիսներ շարունակ թեւածող խոսակցությունն առ այն, որ շուտով գործող քաղաքապետը թախտընկեց է արվելու, եւ նրան փոխարինելու է Մաքսիմի նազիրներից մեկի եղբայրը:
Զուգահեռաբար զրոյացվել է քաղաքապետարանին ավանդաբար ցույց տրվող ֆինանսական օգնությունը, ինչի արդյունքում կարող է եւ փուլ գալ (եթե արդեն փուլ չի եկել) քաղաքապետարանի անհարկի ուռճացված աշխատակազմը: Մաքսիմը կարողացել է սառեցնել նաեւ Վարդանի նախաձեռնությունը` սոցիալական նշանակության մի քանի օբյեկտներ (քաղաքի մշակույթի տուն, մանկապարտեզ եւ այլն) կոմբինատի հաշվեկշռից համայնքի հաշվեկշիռ փոխանցելու վերաբերյալ: Ավելի վաղ` վարդանյան բունտի հենց սկզբում, Երեւանում կալանավորվել է քաղաքապետի քենակալը (միգուցեեւ պատահաբար է համընկել այդ դեպքը բունտին): Նա, մեր ունեցած տեղեկություններով, մեղադրվել է կոմբինատի հետ ունեցած առնչություններում 40 մլն դրամ պետությանը չվճարելու համար, ինչի արդյունքում եւ ազատազրկվել է: Վարդան Գեւորգյանը, այդ բոլորով հանդերձ, չի ընկրկում: Վերջերս անգամ արժանացել է պետական բարձր պարգեւի` «Արիության մեդալի», որը, ըստ Քաջարանում տարածված ասեկոսեների, տրվել է Մաքսիմի դեմ ապստամբության դրոշը բարեհաջող ծածանելու համար: Իսկ երկրի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը բացառում է նժույգից Վարդանին իջեցնելու մաքսիմյան «պրոյեկտի» կենսագործումը: Ավելին` նույն աղբյուրը հավատացնում է, որ Վարդանը, բունտի տեւականությունը պահպանելու պարագայում, կարող է եւ թիվ 38 ընտրատարածքում Վահեի փոխարեն ԱԺ պատգամավորի իշխանական թեկնածու լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Քաջարանյան կլանի մերձավորները մինչդեռ չեն բացառում, որ Վարդանին «ֆուկ» անելու գործընթացը ձգձգվելու դեպքում Մաքսիմը կարող է եւ ուրիշի ձեռքով տնտղել քաղաքապետարանի գործունեությանն առնչվող մի քանի ֆինանսական ղալաթներ, մասնավորապես քաղաքապետարանի հաշվից ժամանակին գողացված 32.1 մլն դոլարի հարցը (այդ փողն անհետանալուց հետո Վարդան Գեւորգյանն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալի), որը կոմբինատի սեփականաշնորհման արդյունքում փոխանցվել էր Քաջարանի քաղաքապետարանի արտարժութային բանկային հաշիվ` մինչեւ 2002թ. հոկտեմբերի 1-ը քաջարանցիների ծախսած հոսանքի վարձի պարտքը մարելու համար: Քաղաքապետի թիմակիցներն էլ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեսիջ են ուղարկել Մաքսիմին` հիշեցնելով, որ նախ` Քաջարանում հնարավոր չէ որեւէ գողություն գլուխ բերել առանց Մաքսիմի: Երկրորդ` 32.1 մլն դոլարը նույնպես չէր կարող ջրվել առանց Մաքսիմի, առանց երկրի` այդ օրերի նախագահի ու վարչապետի գործուն մասնակցության: Այնուհետեւ` սպառնացել են, որ այդ մեքենայության փաստը տնտղելու դեպքում Մաքսիմի ու նրա կլանի ֆինանսական հեքիաթային խարդախությունների մասին ծանրակշիռ փաստեր կնետվեն հրապարակ:
Միմյանց վրա «բոչկաներ» գլորելու այս գործընթացին, կարծեք, լծվել են շահագրգիռ այլ ուժեր եւս: «Բոչկաների» մի մասը, ինչպես եւ սպասվում էր, գլորվում է Վահեի ուղղությամբ: Շեշտն առայժմ դրվում է Վահեի պատգամավորական մանդատի լեգիտիմության խոցելի կողմերի վրա: Ագարակից խմբագրությունում ստացված տեղեկությունների համաձայն, օրինակ, Վահեի վերջին ընտրության նախօրեին Մաքսիմը 15 մլն դրամ է փոխանցել Ագարակի կոմբինատի արհկոմին` դեռեւս անհասկանալի նպատակով: Արհկոմի այդ ժամանակվա ղեկավարը գումարը ծախսել է ոչ արհմիութենական նպատակների համար: Ագարակցիները պահանջում են, որ արհկոմի նախկին նախագահ Արկադի Սարգսյանը բացատրություն տա այդ գումարի ճակատագրի վերաբերյալ, այլապես իրենք կենթադրեն, որ գումարը ծախսվել է Վահեի նախընտրական գործերին ստվերային աջակցություն ցույց տալու ուղղությամբ:
Օրեցօր ահագնացող հակամարտության ֆոնի վրա Քաջարանում կրկին օրակարգ է մտել 2004թ. դեկտեմբերին պղնձամոլիբդենային ընկերության մասնավորեցման ժամանակ մոտ 2000 լեռնագործից գողացված 20 տոկոս բաժնեմասերի հարցը: Քաջարանցի լեռնագործների պատվիրակների հետ այդ խնդրի շուրջ մեր զրույցն ու դրանից ստացած տպավորությունները` մեր հաջորդ հրապարակման մեջ: Իսկ առայժմ այն մասին, թե ինչպես է, այնուամենայնիվ, հակամարտություն առաջացել քաջարանյան երկու բեւեռի միջեւ: Բանն այն է, որ դեռեւս ամիսներ առաջ Վարդան Գեւորգյանը համարձակվել է Քաջարան քաղաքին առնչվող մի հարցով կոնկրետ դիրքորոշում որդեգրել, ինչի համար եւ կլանի կողմից հայտարարվել է հերետիկոս, ուրացող, կոմբինատի «անառակ զավակ»… Քաղաքապետը, մեղա Աստված, հանդգնել է, թեեւ շատ երկչոտ, դեմ գնալ Մաքսիմին, ինչը քաջարանյան մեծամասնության ընկալմամբ աստվածապղծության պես մի բան է: Եվ դրանից հետո հասցրել են Վարդանին հիշեցնել իր ամբողջ կենսագրությունը` բոլոր մանրամասներով:
… 2004-ի դեկտեմբերին, երբ Քաջարանի կոմբինատը «սեփականաշնորհում» անվան տակ ավարառության ենթարկվեց` սելջուկների միջնադարյան նվաճումների հանգույն, խլվեց ոչ միայն 2000 լեռնագործի հասանելիքը: Սոցիալական նշանակության օբյեկտները եւս բիրդան սեփականատերերը կուլ տվեցին ու ոչինչ չհանձնեցին Քաջարանի քաղաքային համայնքին (ի դեպ, ինչպես նշել ենք բազմիցս, հանրապետությունում սեփականաշնորհված խոշոր ձեռնարկություններին երբեմնի պատկանող սոցիալական օբյեկտները որպես կանոն հանձնվել են համայնքներին): Քաջարանն այս դեպքում եւս բացառություն եղավ հետխորհրդային Հայաստանում: Քաջարանի համայնքին չհանձնվեցին կոմբինատի պրոֆիլակտորիան, երբեմնի պիոներական ճամբարի համալիրը, մանկապարտեզը… Իր զգուշավորությամբ ի սկզբանե աչքի ընկնող Վարդան Գեւորգյանը, ով այդ ժամանակ նույնպես Քաջարանի քաղաքապետն էր, միայն ուշացումով հասկացավ տվյալ բացթողման լրջությունը, ինչի պատճառով համայնքը մեծ վնաս կրեց: Եվ դիմեց կառավարություն` սխալը շտկելու խնդրանքով: Կառավարությունը սկզբնական շրջանում դեմ չեղավ դրանք օրինական տիրոջը` համայնքին, հանձնելու հարցում: Սակայն, անցած վեց տարում կոմբինատի բիրդան սեփականատերերն այդպես էլ դրանք չհանձնեցին համայնքին: 2010թ. տարեսկզբին հարցը կրկին մտավ օրակարգ: Ոմանց կարծիքով դա արվեց Վարդան Գեւորգյանի, մեկ այլ կարծիքով` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նախաձեռնությամբ: Վերջինս, իբր, մոնիտորինգի է ենթարկել կառավարության անցած տասը տարվա որոշումների, կարգադրությունների, գրությունների կատարման ընթացքը եւ, ի շարս բազմաթիվ հարցերի, արձանագրել Քաջարանին առնչվող այդ հարցի չլուծված լինելը (կառավարությանը մերձ մեր աղբյուրը վկայում է մինչդեռ, որ Արմեն Գեւորգյանն այդ հարցի քննարկումը նախաձեռնել ու խորացրել է ոչ թե Քաջարան քաղաքի դարդերից դրդված, այլ Մաքսիմին իր ազդեցության ոլորտ գցելու համար, ինչը, կարծեք, հաջողվել է): Եվ ահա փոխվարչապետը, մինչեւ Մաքսիմին շողուլի բերելը, հատուկ գրությամբ նորից է բորբոքել կռիվը: 2010թ. ապրիլի 20-ին Սյունիք կատարած այցի ընթացքում փոխվարչապետն իբր հետաքրքրվել է հարցով ու հանկարծ (այդքան բզբզելուց հետո) մտահոգություն հայտնել` պատրա՞ստ է Քաջարանի համայնքային բյուջեն հոգալու սոցօբյեկտների կարիքները, եթե դրանք հանձնվեն համայնքին (Արմեն Գեւորգյանն այդ հարցը կարող էր տալ վերոնշյալ հանձնարարականը տալուց առաջ, բայց…):
Մարզպետարանում 2010թ. ապրիլի 20-ին կայացած խորհրդակցությունում Վարդան Գեւորգյանը դրականորեն պատասխանեց փոխվարչապետի հարցին. «Այո՛, կարող ենք հոգալ այդ օբյեկտների ծախսերը»: Վարդանի սույն պատասխանն ակնհայտորեն դուր չեկավ փոխվարչապետին. վերջինս, ըստ էության, արդեն հասցրել էր Մաքսիմին ապացուցել, որ ինքը Հայաստանում հարց լուծողներից է, եւ պետք է դա նկատի ունենալ…
Սովորական այս քննարկմանը հաջորդեցին Մաքսիմի գաղափարական գրոհները ու հոխորտանքը: Եվ տեղական հեռուստաընկերությամբ 2010թ. ապրիլի 22-ին խնդրո առարկայի վերաբերյալ հանդես եկավ պարզաբանումներով: Արտահայտած մտքերից մի քանիսը, որոնցից ամեն մեկն առանձին վերցրած բանահյուսական մի «շեդեվր» է, ներկայացնում ենք ստորեւ:
ա) «Տարիներ առաջ, երբ կոմբինատի 100 տոկոս սեփականատերը պետությունն էր, կառավարությունն առաջարկեց եւ թույլ տվեց, որ վերոհիշյալ երեք հաստատություններն օտարվեն համայնքին: Իշխանությունները, կառավարությունը, թե ՏԻՄ ղեկավարները զգացել են, որ դա ճիշտ չէ, եւ որոշումը չի կայացվել: Այսինքն` ինձ ասել են, որ թույլատրում են, դու որոշի՛ր: Վերջնական արդյունքում բոլորը եկան մի եզրակացության ու ճիշտ էլ արեցին»:
բ) «Չորս տարվա ընթացքում 300 մլն դրամի կապիտալ ներդրումներ են արվել: Ամսական 13-16 մլն դրամ է պետք այդ երեք կառույցներն աշխատեցնելու եւ պահպանելու համար: Եվ կան շահագրգռող այլ միջոցառումներ: Օրինակ` կոմբինատի աշխատողների երեխաները պետք է լինեն ապահով տեղ` թե՛ սննդի, թե՛ դաստիարակչական գծով, որ երիտասարդների հավատը մեծանա դեպի ձեռնարկություն, որ համոզված լինեն` իրենց հետեւում կա ձեռնարկություն, կա մարդ, որ զբաղվում է հոգսերով»:
գ) «Մշակույթի պալատը նորոգման կարիք ունի: Բավականին միջոցներ են պետք, եւ ճգնաժամի պայմաններում հանեցինք ծրագրից, մինչեւ վիճակը կայունանա: Բավական է մեկ ամիս, որպեսզի այդ տնտեսությունները քայքայվեն: Մեկ ամիսը շատ եմ ասում, ու նաեւ տեսնելով այսօրվա մեր քաղաքապետարանի աշխատանքը մյուս հարցերում… Ինքնուրույն մի հարց չեն լուծում քաղաքի միջոցներով, ինչի՞ մասին է խոսքը»:
դ) «Ժողովուրդը թույլ չի տա, որ թոզ փչեն իր աչքերին ու խառնեն թացն ու չորը: Համենայնդեպս ես թույլ չեմ տա` վերցնեն այդպիսի կառույցները, որոնք այսօր էլ լավ ծառայում են իրենց նպատակին, վերցնեն եւ թողնեն բախտի քմահաճույքին` ու ոչ իրավական հիմքերով: Ես դեմ եմ, որպեսզի ձեռնարկության աշխատող առաջին հերթին… Եվ հետո որպես տնօրեն, որպես բաժնետեր` ես բացարձակապես դեմ եմ»:
… Չէ՛, մեծագույն սխալ է գործում Անուշավանիչը, որ հարցազրույցներ է տալիս. մոնտաժով, թարսի պես, հնարավոր չէ անկապ ու անմիտ բառակույտերն անընդհատ ու ամբողջապես կապել եւ նախադասություններ դարձնել: Ամեն մի հեռուստազրույցից հետո, քանիցս ենք անկեղծորեն նշել, նրա կերպարի, նրա էության վրա ծանրացած քաշաթուխպն ավելի է խտանում: Չէ՛, խոսքը նրա լեզվի ու ոճի մասին չէ. այդ առումով որեւէ ակնկալիք չունենք: Կարեւորը մտածելակերպն է, որի մեջ ընկղմվել է մեր օլիգարխը: Երբեմն նույնիսկ լացացնող մտքեր է արտահայտում` «Իրավական հիմքեր չկան», «Ժողովուրդը թույլ չի տա, որ թոզ փչեն իր աչքերին, որ խառնեն թացն ու չորը» եւ այլն: Բա որ հանկարծ մեկնումեկը հարցնի` Մաքսիմ Անուշավանիչ, ո՞ր ժողովրդի մասին է Ձեր խոսքը, քաջարանցիները, կապանցիները, Քաջարան գյուղի բնակիչները, մենք` բոլորս, մտնո՞ւմ ենք այդ ժողովուրդ ասվածի մեջ, թե՞ ժողովրդի մեջ միայն Ձեր գամփռներն ու սպասավորներն են:
Շատ տարօրինակ է նաեւ, որ Վարդան Գեւորգյանին քաղաքապետ դարձրած, ուրիշ թեկնածուների ներկայությունը ՏԻՄ բոլոր ընտրություններում բացառած Մաքսիմը տասը տարի ուշացումով քննադատում է քաղաքապետի գործունեությունը: Ինչպիսի՜ սկզբունքայնություն, Քաջարանի հանդեպ ինչպիսի՜ սրտացավություն, պետական մտածելակերպի ինչպիսի՜ փայլատակում:
Մի քանի ամսվա վաղեմության այս պոլեմիկային չէինք անդրադառնա, եթե քաղաքապետ-Մաքսիմ կռիվն ավարտված լիներ: Իրականում, ցավոք, այդ կռիվը, ինչպես նշեցինք, թեժանում է եւ նորանոր դրսեւորումներ ստանում:
Թե ինչ զարգացումներ կունենա քաջարանյան կոնֆլիկտը, կտեսնենք: Առայժմ, ինչպես նշեցինք, Քաջարանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք աննախադեպ են, որոնք վկայում են քաջարանյան կլանին համակած ճգնաժամի մասին: Կոնֆլիկտը միգուցեեւ այդքան խոցեր չպատճառեր կլանին, եթե չլիներ մեկ այլ` ավելի լուրջ կռիվ` կռիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնեմասերի վերաբաժանման համար, որը խոսակցության այլ թեմա է:
Հ.Գ.1 Այս պատմության մեջ, սակայն, Վարդանի ու Մաքսիմի կռիվը չէ գլխավորը: Գլխավորը նույնիսկ այն չէ, որ միեւնույն քաղաքում երկու բեւեռ ենք հնարել ու միմյանց դեմ հանել: Գլխավորն այն է, որ բարձր իշխանությունները նրանց թեւից չեն բռնում ու փողոց շպրտում, եթե, իհարկե, քաղաքացիական համերաշխությունն ու համագործակցությունը նրանց համար մեկ լումայի արժեք ունեն, եթե, իհարկե, նրանց բարի հորդորը տեղ չի հասնում: Բոլորիս աչքի առաջ հերթական համայնքն է թշնամական բանակների բաժանվել, ինչից, ինչպես միշտ, տուժում են շարքային մարդիկ, այս դեպքում` քաջարանցիները:
Հ.Գ.2 Օրումեջ Սյունիք այցելող փոխվարչապետը, կարծում ենք, ժամանակ պետք է գտնի եւ պատասխանի հարցին` եթե կոմբինատի սոցօբյեկտները չէին հանձնվելու համայնքին, ինչո՞ւ բզբզվեց այս հարցի քննարկումը: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու խնդրո առարկա հարցը:
Հ.Գ.3 Ընթերցողի համար բացենք «պլուտոկրատիա» բառը, որը օգտագործեցինք վերնագրում: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի» (2-րդ հատոր, էջ 1217)` բառն ունի այսպիսի բացատրություն` «Պետության քաղաքական կառուցվածք, որի ժամանակ պետությունը ղեկավարում է տիրող դասակարգին պատկանող հարուստների մի խումբ` աշխատավորության լրիվ իրավազրկության պայմաններում»:
Փետրվար 01, 2011
