ԻՆՉՈՒ ԱՆՆԿԱՏ ՄՆՄՆԱՑԻՆ ՉԻՆԱԿԱՆ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ»

ԻՆՉՈՒ ԱՆՆԿԱՏ ՄՆՄՆԱՑԻՆ ՉԻՆԱԿԱՆ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ»

Էդիկ Բաղդասարյան, Հետք

Հունվարի 12-ին Հոնգկոնգում տեղակայված չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը: Լոնդոնի բորսայի www.londonstockexchange.com կայքի տեղեկացմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 24 մլն դոլար: Այս գործարքին Հայաստանի Կառավառությունը չարձագանքեց: Եթե հաշվի առնենք, որ նման դեպքերում մեր Կառավարության արձագանքը շատ բուռն է լինում, ապա առնվազն տարօրինակ է, որ ոչ միայն չեն արձագանքում, այլ նաեւ գործարքից անտեղյակ են ձեւանում: Պատճառը, հավանաբար, այն է, որ այս գործարքում նշված գումարը որեւէ կերպ Հայաստանի հետ կապ չունի: Այն պատկանում է ԱԺ երկու պատգամավորների` Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին:

Տիգրան Արզաքանցյանին գտնելու համար գուցե շուտով հարկ լինի դիմել Ինտերպոլին: Այս պատգամավորն ընդհանրապես չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, երբեմն հրապարակումներ են լինում նրան այս կամ այն քաղաքում ծեծելու մասին, իսկ ԱԺ-ի նրա օգնականն ասում է, թե բուժման է մեկնել, ուր՝ անհայտ է: Բայց հաշվի առնելով չինական այս գործարքի «ոլորապտույտները»՝ կարելի է ենթադրել, որ Տ. Արզաքանցյանը զբաղված էր հենց այս գործարքով՝ զանազան ընկերություններ գրանցելով եւ ամեն ինչ խճճելով:

Փորձենք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչու են լոնդոնյան բորսայի, Fortune Oil-ի կայքերի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ներկայացրած տեղեկությունները հակասական:

Bounty Resources Armenia Limited-ին են պատկանում Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերը: Fortune Oil-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այդ հանքավայրերի լիցենզիան տրվել է «Նագին» ՍՊԸ-ին, որի 72% բաժնեմասը պատկանում է Caspian Bounty Steel Limited ընկերությանը, իսկ 28 տոկոսը պատկանում է Սուրեն Այվազյանին` Վարդան Այվազյանի որդուն: Caspian Bounty Steel Limited-ը գրանցված է օֆշորային գոտում` Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում: «Նագինը» Caspian Bounty Steel Limited ընկերության դուստր ձեռնարկությունն է: Caspian Bounty Steel Limited ընկերության 83.3% բաժնեմասը պատկանում է Bounty Resources Armenia Limited ընկերությանը, իսկ մնացած 16.7% բաժնեմասը (շուրջ 2 մլն դոլար) պատկանում է Fortune Oil-ին: Caspian Bounty Steel Limited-ն էլ Bounty Resources Armenia Limited-ի դուստր ձեռնարկությունն է: Ըստ համաձայնագրի՝ Fortune Oil ընկերությունը հնարավորություն ունի Bounty Resources Armenia Limited ընկերությունում իր մասնաբաժինը հասցնել 50%-ի` վճարելով 16 մլն դոլար:

Իսկապես խճճված գործարք է, որի նպատակը բաժնետերերին գաղտնի պահելն է եւ պետությունը շրջանցելը: Ովքե՞ր են օֆշորային գոտում գրանցված ընկերությունների բաժնետերերը՝ հայտնի չէ: Նրանց մասին գիտեն Վարդան Այվազյանը, Տիգրան Արզաքանցյանը եւ այն պաշտոնյաները, ովքեր գաղտնի են մնում: Բայց, հաշվի առնելով Կառավարության լռությունը` նրանք պատահական մարդիկ չեն:

Մեր հարցմանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել է, որ «համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի կոնսեսիոն գործակալության կողմից վարվող կենտրոնացված գրանցամատյանի` «Բաունթի ռեսուրսիս Արմենիա» ընկերությանը երկաթի հանքավայրի շահագործման հանքային իրավունք չի փոխանցվել: Պարզաբանում ենք նաեւ, որ Հրազդանի հանքավայրը պատկանում է «Նագին» ընկերությանը, Աբովյանը եւ Սվարանցը` «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում նշված հանքավայրերի մասով հանքային իրավունքները այլ ընկերությունների չեն փոխանցվել: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերությունների բաժնետերերի փոփոխությանը, ապա նախարարությունն այդ մասով որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել»:

Ահա այսչափ տեղեկատվության է տիրապետում Հայաստանի ընդերքով զբաղվող նախարարությունը: Չինական խոշոր մի կազմակերպություն Հայաստանում պատրաստվում է գործունեություն ծավալել, իսկ նախարարությունը տեղյակ չէ կամ անտեղյակ է ձեւանում: Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի ընդերքի վիճակը…

«Նագին» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդուն` Սուրեն Այվազյանին եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետերերն են դարձյալ Սուրեն Այվազյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Fortune Oil-ի կայքում նշված է նաեւ, որ Caspian Bounty Steel Limited եւ Bounty Resources Armenia Limited ընկերություններում կատարվող ներդրումները ֆինանսավորվում են ընկերության կանխիկ պահուստային միջոցներից:

Սա ենթադրում է, որ մեր պատգամավորները 24 մլն դոլարը կանխիկ են վերցրել, իսկ բաժնեմասերի վաճառքից նրանք որեւէ հարկ չեն վճարում: Տեսնում եք՝ Հայաստանի ընդերքի առուվաճառքով ինչպիսի գումարներ են աշխատում՝ առանց որեւ լումա պետությանը տալու: Փոխարենը պատգամավորները հաստատ «մուծվում» են մեկ ուրիշին: Սա պատգամավոր դառնալու եւ պատգամավոր մնալու բանաձեւերից մեկն է: Այդ պատճառով էլ աննկատ մնացին չինական «ներդրումները»:

Հ.Գ. Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը, «Նագին» ՍՊԸ-ի հիմնադիրների եւ բաժնետերերի մասին մեր հարցմանն ի պատասխան, ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել: Ի դեպ, այդ տեղեկությունների համար վճարել ենք 4 հազար դրամ, մինչդեռ դրանք անվճար են եւ պետք է գործակալության կայքում հասանելի լինեն բոլորին: Իսկ կայքը բավականին երկար ժամանակ չէր աշխատում: Անհասկանալի է՝ գործակալությունը դա միտումնավո՞ր է արել, թե՞ անփույթ աշխատանքի արդյունք է: Նրանց տրամադրած տեղեկանքի եւ արդեն գործող կայքում առկա տեղեկությունները տարբեր են: Գրավոր տեղեկանքում «Նագին» ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են, իսկ կայքում նշված է 7 հոգու անուն (տես նկարները):

 


Տրամաբանական կլինի, որ դիմենք դատարան եւ հետ ստանանք մեր 4 հազար դրամը, իսկ սխալ տեղեկություն տալու համար դատարանից պահանջենք պատժել Արդարադատության նախարարությանը: Բայց հաշվի առնելով, որ այդ դատական գործընթացը կարող է տարիներ տեւել, իսկ մեր հայցապահանջը՝ չբավարարվել` այս մասին պարզապես ի գիտություն տեղեկացնում ենք Արդարադատության նախարարին:

Փետրվար 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր