ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԵ՞Վ ՄԵՏԱՂԸ

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԵ՞Վ ՄԵՏԱՂԸ

Գրիշա Բալասանյան, Հետք

Պատգամավորը չհերքեց, որ չինական ներդրումների հետ կապ ունի

Վարդան Այվազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր մասնակցությունը խոշոր հանքային գործարքին, որին անդրադարձել էինք «Հետք» շաբաթաթերթի նախորդ համարում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հոնգկոնգում տեղակայված չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը: Այն պատկանում է ԱԺ երկու պատգամավորների` Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին:

«Թող դա էլ գաղտնի մնա, ինչի՞ եք անպայման ուզում իմանալ՝ ունե՞մ, թե՞ չունեմ: Քեզ դա ի՞նչ է տալիս: Եթե քեզ բան չի տալիս, առավել եւս ընթերցողին բան չի տա: Ի՞նչ կապ ունի՝ ես եմ, թե ինչ-որ մեկը»,- ասաց Վ. Այվազյանը:

Պատգամավորի խոսքով` ինքը կողջուներ, որ Տիգրան Արզաքանցյանի հետ հանք շահագործեր:

«Ընդհանրապես կողջունեի ցանկացած շահագործվող հանքի համար: Չինական կազմակերպությունը, որ այստեղ ուզում է մոտ 100 մլն դոլարի չափ ներդրում կատարի եւ աշխատացնի մոտ 2000 մարդ, ինձ թվում է` սրանից լավագույն բան ոչ մեկը չի անի: Չինաստանից թողնում գալիս է, սա լավագույն բանն է: Դեռ ընթացքի մեջ է, քննարկվում է: Երեւի շատ շուտով ներդրողները կգան, նախնական պայմանավորվածություններ կլինեն, որ շահագործեն: Պետական բյուջեի միջոցները դրանից կավելանան 50 մլն-ով, վա՞տ բան է: Ես չեմ տեսել, որ արտասահմանցի որեւէ մեկը այստեղ գործարան սարքի, գործարանը դնի թեւի տակ ու տանի իրա հոր տուն, ոնց որ մի քանի լրագրողներ ուշաթափվում են»,-ավելացրեց պատգամավորը եւ խոստովանեց, թե գաղտնիք չէ, որ ինքը նույնպես հետաքրքրված է հանքարդյունաբերությամբ, սակայն անտարբեր է ոսկու, մոլիբդենի եւ գունավոր մետաղների նկատմամբ:

Վարդան Այվազյանի ասելով` իրեն հետաքրքրում է միայն սեւ մետաղը:

«Իսկ ինչո՞ւ պիտի հետաքրքրություն չունենամ: Մի՞թե Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելը հանցագործությունն է: Ես կողջունեմ ցանկացած մեկի, ով կարող է ինքը ներդրում բերել եւ Հայաստանը զարգացնել: Օրենքով ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, ի՞նչ են թուլացել, ջղաձիգ շարժումներ անում»,- ավելացրեց Վ. Այվազյանը:

Վերադառնալով Տիգրան Արզաքանցյանի հետ համատեղ բիզնեսին` Վ. Այվազյանը նշեց, թե նրա հետ շատ «մոտիկ է»: «Արզաքանցյանի հետ ընդհանուր է միայն ընկերությունն ու բարեկամությունը: Նորմալ անձնավորություն է, ինքն իր բիզնեսն ունի, եւ մեր բիզնեսները որեւէ ձեւով իրար հետ չեն խաչվում»,- ասաց Վ. Այվազյանը եւ սրբագրեց իր իսկ խոսքերը, թե ներկա պահին ինքը բիզնեսով չի զբաղվում, պարզապես բաժնետեր է Չարենցավանի «Գործիքաշինական» գործարանում:

«Այնտեղ իրականացնում եմ մետաղների մշակում եւ գործիքների պատրաստում, ապրանքն առաքվում է բացառապես արտասահման: Հայաստանում չի վաճառվում»,- նշեց պատգամավորը:

Քանի որ բիզնեսի եւ իր հետաքրքրությունների մասին շատ խոսվեց, պատգամավորին խնդրեցինք թվարկել իր բիզնեսները: Վարդան Այվազյանի պատասխանը մեկն էր. «Կարող եք ծանոթանալ իմ հայտարարագրից»:

Դիտարկմանը, թե լրագրողներին տրամադրվող հայտարարագրի տեղեկանքից հնարավոր չէ պաշտոնյայի բիզնեսի մասին տեղեկություններ ստանալ, Վարդան Այվազյանը ժպտաց. «Բա ինչի՞ չեն տալիս: Դա նշանակում է, որ կոռեկտության սահման կա, չէ՞: Պաշտոնյան էլ է մարդ: Ձեզ կարող եմ ասել, որ իմ զբաղեցրած պաշտոնը իմ բիզնեսի հետ որեւէ կերպ չի առնչվում»:

Թե ինչու էր պատգամավորն այդքան վստահ մատնացույց անում իր հայտարարագիրը, որից իբր պետք է տեղեկություններ ստանայինք իր եկամուտների մասին, անհասկանալի է: Բանն այն է, որ 2009 թ. Վարդան Այվազյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն 147 հազ. 700 դրամ եկամուտ, որը պատգամավորի աշխատավարձն է:

Իսկ որտե՞ղ են Չարենցավանի «Գործիքաշինական» գործարանից ստացված եկամուտները. այդ մասին գիտեն միայն Վ. Այվազյանն ու հարկային մարմինները:

Փետրվար 15, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր