ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ՕՐԵՆՍԳԻՐՔ

www.zhamanak.com

«Օրենսգիրքը ինչ-որ քայլ առաջ է կատարել ընդերքի մասին նախկին օրենսդրությունից, ձեռնարկողների համար որոշ չափով հստակեցվել են ընթացակարգերը: Դրական քայլեր կան, բայց շատ կիսատ-պռատ են»,- Բնօգտագործման և բնական պաշարների մասին և մի շարք այլ օրենքներում կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը գնահատելով՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

Այվազյանը նշեց, որ իրենք ժամանակին հնչեցրել են իրենց կարծիքը և առաջարկությունները` մի շարք խնդիրների վերաբերյալ, մասնավորապես օգտակար հանածոների ռացիոնալ կառավարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության ոչ պատշաճ գնահատման, թափոնների համար չվճարման, սոցիալական խնդիրների ոչ պատշաճ արտացոլման վերաբերյալ:

«Մեր բարձրացրած խնդիրներին անդրադարձ չի կատարվել, և դրանց լուծում տրված չէ: Միգուցե այս օրենքը օրինապահ երկրում բավարար իրավական ակտ կլիներ, բայց քանի որ մենք իրավապահ չենք, և սովորաբար թե՛ ձեռնարկատերերը, թե պետական կառույցները փորձում են օրենքի տարբեր թերություններն օգտագործել` այն իրենց ցանկությամբ կիրառելու համար»,- նկատեց Ս. Այվազյանը:

Սոնա Այվազյանը տեղեկացրեց, որ արդեն քանի ամիս է` փորձում են իրենց առաջարկություները ներկայացնել, սակայն կառավարությունը դրանք չի ընդունում:

Ընդերքօգտագործման հասույթից պետբյուջե վճարվող գումարների դրույքաչափերի սահմանումը կառավարությանը հանձնելու փոփոխությանն անդրադառնալով` Սոնա Այվազյանը նշեց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ցածր կլինեն, քանզի պետական պաշտոնյաներից շատերը հենց իրենք են հանքատերեր կամ հովանավորում են հանքատերերին և նրանք հակված չեն պետբյուջե հանքերի շահագործման համար մեծ գումարներ մուծելու:

Այվազյանի գնահատմամբ, այս օրենսդրության ամենալուրջ բացթողումներից մեկն այն է, որ ընդհանրապես սահմանված չէ թափոն հասկացությունը, և որևէ վճարում չի կատարվում թափոնների դիմաց.

«Տպավորություն է ստեղծվում, որ ընդերքն օգտագործվում է առանց թափոնների գոյացության, ինչը պարզապես հնարավոր չէ»:

Փետրվար 17, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր