

Էդիկ Բաղդասարյան, Հետք
2011թ. փետրվար 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Խումբն այսօր մասնակցում է մարտի 6-9-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին:
Վարչապետի որոշման մեջ նշված է. «Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների իրականացման և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց ֆինանսական միջոցների հաշվին»:
Հիմա տեսնենք` ովքեր են տնտեսվարող սուբյեկտները, որոնք պետք է ֆինանսապես օգնեն մեր պատվիրակությանը: Caldera resources, Dundee Precious Metals inc., GPM GeoProMining, Lydian international: Միայն նշենք, որ այս խմբի երկու ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն: Վերահսկիչ պալատը GeoProMining-ում ստուգումներ կատարելուց հետո, հայտնաբերել է բազմաթիվ չարաշահումներ եւ դիմել է կառավարությանը` ընկերությանը լիցենզիայից զրկելու առաջարկով: Կառավարությունը դեռեւս որոշում չի կայացրել:
Dundee Precious Metals inc.-ը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության սեփականատերն է: «Դինո Գոլդը» նախատեսում է սկսել Շահումյանի բաց հանքի շահագործման ծրագիրը:
Բնապահպանները պայքարում են ընկերության այս նախաձեռնության դեմ: Այստեղ առաջանում է մի «անմեղ» հարց. Հայաստանի կառավարությունը ինչպե՞ս պետք է անաչառ որոշումներ կայացնի, երբ այս միջոցառման ծախսերը հոգում են նաեւ նշված կազմակերպությունները:
Մարտ 09, 2011
