

ԷկոԼուր
Սոտք գյուղի վարչական տարածքում արդեն մի քանի օր է, ինչ «GeoProMining Gold» ընկերությունը սկսել է Սոտքի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման համար ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: Գյուղի բնակիչներն անհանգիստ են. «Ինչպես դա կարող է անդրադառնալ մեզ վրա, մենք չգիտենք: Մեզ ոչ ոք ոչինչ չի բացատրել»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Սոտքի ավագանու ներկայացուցիչը: Ինչպես պարզվեց, ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչու նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության դիտարկմանը, ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը պատասխանեց, որ չի կարծում, որ ջարդող եւ մանրացնող սարքի համար ինչ-որ թույլտվություն է անհրաժեշտ: Նշենք, որ հանքանյութի մանրացումը վերամշակման գործընթացի նախնական փուլն է, որը Սեւանի ավազանում արգելվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով: Հաշվի առնելով այն, որ ամեն ամիս ընկերությունն արդյունահանում է թունավորության առաջին դասի տարրեր պարունակող 60-70 հազար տոննա հանքանյութ, ինչպես նաեւ հանքանյութը պարունակում է ռադիոակտիվ տարրեր, օրինակ` թորիում, կարելի է անմիջապես ասել, որ Սոտքի բնակիչների անհանգստությունն ունի բոլոր հիմքերը, քանի որ մանրացման արդյունքում առաջացող փոշին անմիջապես կնստի նրանց տարածքների վրա,Սոտք գետի վրա, տեղումների հետ կներթափանցի ստորգետնյա ջրերի մեջ, իսկ այնուհետեւ` Սեւանա լիճ: Զարմանալի է միայն այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սեւան» ազգային պարկը, բնապահպանական պետական տեսչությունն անհանգստության ոչ մի հիմք չեն տեսնում:
Մարտ 10, 2011
