

Ֆելիքս Եղիազարյան, hraparak.am
Կապույտ ավազ կոչվածը եւ դրա մշակումից առանձնացվող խիճը, որոնք օգտագործվում են շինարարական նպատակներով եւ հատկապես լայն կիրառություն ունեն Արարատյան դաշտում ու Երեւանում, արդյունահանվում են Արաքս գետի հովտից, հենց Արարատ մարզի տարածքում: Շինարարության համար օգտակար այդ արդյունաբերությունը, ինչպես ասում են՝ բնական պաշարների օգտագործումը, պարզվում է, բնապահպանական առումով խիստ վտանգավոր է:
«Սկզբունքորեն գետի հունից ավազ հանելը նախ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի բնապահպանությանը վնասներ չհասցվեն»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Սակայն ավազի հանքի վերածված Արաքսի գետահովտի հողերի շահագործումը նման չէ ձկնագողության, այս դեպքում՝ ավազագողության, որ օրվա մեջ մեկ-երկու բեռնատար թաքուն թռցնեն: Այլ բացահայտ է, մշտապես գործող արդյունաբերություն եւ, բնականաբար, օրենքով թույլատրված է ու կառավարության իրազեկմամբ է իրականացվում:
Եթե գետի հունից կարելի է որոշակի քանակությանբ ավազ հանել՝ թույլատրելիի սահմաններում, ապա այդ թույլատրելին այն աստիճան է չարաշահվել, որ Արաքս գետը փոխել է հունը: «Ես որքան տեղյակ եմ՝ գետի հունը խորացել է Հայաստանի տարածք,- ասում է տիկին Դանիելյանը,- եւ Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Միհրանիչն (Վլադիմիր Մովսիսյան) իր բերանով ասաց:
Իսկ հիմա չգիտեմ, թե ինչու չի ուզում այդ մասին խոսել: Ես մինչ այդ լսել էի՝ մոտ քսան մետր, բայց Վլադիմիր Միհրանիչը շատ ավելի մեծ թիվ նշեց: Իսկ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը ժխտեց, ասելով, թե հնարած է: Ասեմ, որ ես այդ մասին ոչ թե մեկ, այլ մի քանի տեղից եմ լսել: Բացի այդ, պնդում էր, թե գետի հունը փոխելը չի նշանակում, թե սահմանն է փոխվում, քանի որ սահմանն իր նշաններն ունի, եւ մենք իբր տարածք չենք կորցնում: Բայց դա առանձին ուսումնասիրության հարց է, եւ, որքան ես եմ լսել, մենք հենց այդպես էլ տարածք ենք տալիս Թուրքիային»:
Այն տարածքում, որտեղ ավազի հանքն է գործում, սահմանամերձ գյուղեր են, գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքներ, խաղողի եւ պտղատու այգիներ: Գետի հունի թեքվելու դեպքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: «Փոխվում է գետի հոսքի ամբողջ ռեժիմը, սելավավտանգությունն է ակնհայտ աճում, եւ հողերի ջրային էրոզիան կարող է շատանալ, նաեւ գետի առափնյա հողերի ռեժիմն է փոխվում: Վնասներ կարող են հասցվել եւ կենսաբազմազանությանը, եւ առհասարակ ցանկացած տիպի: Ինչ վնասներ, որ հնարավոր է պատկերացնել, բոլորը կարող են լինել: Ակնհայտ է, որ այդ գործընթացն առհասարակ չպետք է ծավալվի կամ, ծավալվելու դեպքում էլ, խիստ հսկողության տակ պետք է լինի: Դա ուղղակի աղետ է, բնապահպանության նախարարությունը պարտավոր է վերահսկել»,- նշում է Կարինե Դանիելյանը:
Արաքսը ոչ միայն հայ-թուրքական սահմանն է գծում, այլեւ համատեղ օգտագործման համար է, գետից օգտվում է եւ հայկական, եւ թուրքական կողմը: Եվ պարզվում է, որ Հայաստանի կողմից ավազի հանքի շահագործումը կարող է բնապահպանական առումով անհանգստացնել նաեւ թուրքերին: «Քանի որ Արաքսը սահմանային գետ է,- շարունակում է տիկին Դանիելյանը,- խնդիր է առաջանում անդրսահմանային վնասների մասին, եւ որեւէ գործունեություն ծավալելիս մենք նաեւ պարտավոր ենք էկոլոգիական խնդիրներին նայել երկու երկրների տեսանկյունից: Պատահական չի, որ թուրքերը բողոքում են»:
Թուրքական կողմի բողոքի մասին մեր հարցին ի պատասխան՝ արտգործնախարարությունը հավաստիացնում է, որ Թուրքիայից պաշտոնական բողոք չի ստացել: Սակայն այլ աղբյուրներից տեղյակ ենք, որ «թուրքերը Ժնեւում երեսներին շպպացրել են»: Փորձեցինք տեղեկություն ստանալ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանից: Վերջինս մեր հեռախոսազանգին պատասխանեց. «Տանը հիվանդ պառկած եմ եւ ի վիճակի չեմ որեւէ հարցի պատասխանել»: Իսկ պարոն Մովսիսյանի առողջական վիճակը, ասում են, օրեր առաջ Արաքսի գետահովտում բնապահպանական աղետը տեսնելուց հետո է կտրուկ վատթարացել:
Ապրիլ 18, 2011
