Ընդերքից հառնած ստվերը

Ընդերքից հառնած ստվերը

Ջեյմս Հակոբյան, Lragir.am

Հանքարդյունաբերության ոլորտի տնօրենների եւ սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձ կատարեց կառավարության օրերս կայացրած մի որոշման, ըստ որի հարկային պարտավորություններ ունեցող ձեռնարկություններին առաջարկվում է հարկայինի հետ կազմել պարտավորությունների մարման ժամանակացույց, ինչի դեպքում նրանք կազատվեն դրանց կուտակման հետեւանքով առաջացած տույժերից եւ տուգանքներից:
 
Հանքարդյունաբերողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը դա համարել է ճիշտ որոշում: Բայց, արդյոք ճիշտ է այդ բնորոշումը: Եթե խոսքը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ապա միարժեք է, որ այդ որոշումը ճիշտ է: Ավելին, գուցե ավելի ճիշտ կլիներ փոքր ու միջին բիզնեսին ընդհանրապես հարկային համաներում հայտարարել եւ ոչ միայն պարտքի հետեւանքով գոյացած տույժ ու տուգանքից ազատել, այլ նաեւ հարկային կուտակված պարտավորություններից: Գուցե իհարկե պայմանով, որ այդ ձեռնարկությունն ասենք առնվազն մեկ տարի պետք է աշխատի ու հարկ վճարի պետությանը, իսկ եթե փակվելու կամ լուծարվելու լինի, պետք է նախկինում կուտակած պարտքը մարի` էլի առանց տույժ ու տուգանքի:
 
Բայց արդյոք կուտակված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի դիմաց արժե խոշոր ձեռնարկություններին էլ ազատել տույժերից ու տուգանքներից: Եթե Սերժ Սարգսյանն այդ թեման արծարծում է հանքարդյունաբերող ձեռնարկությունների հետ հանդիպմանը, ուրեմն պետք է ենթադրել, որ դա առնչվում է նաեւ այդ ոլորտին: Այսինքն, թերեւս կան հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Դա շատ հավանական է, առավել եւս, որ անգամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների մակարդակով է նշվում, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կան հարկահավաքման, հարկային արդյունավետ վարչարարության խնդիրներ:
 
Եվ ահա կառավարությունը թերեւս փորձում է լուծել այդ խնդիրը, հանքարդյունաբերողներին առաջարկել տույժերի եւ տուգանքների ներում, եթե նրանք մոտ ժամանակամիջոցում կազմեն պարտքի մարման ժամանակացույց եւ սկսեն մարել հարկային կուտակված պարտավորությունը: Ահա այդ դեպքում, որոշումը հազիվ թե հնարավոր լինի համարել ճիշտ: Բանն այն է, որ հանքարդյունաբերությունը ներկայում այն ոլորտն է, որտեղ զգալի, գրեթե շեշտակի աճ է նկատվում: Դա պայմանավորված է իհարկե միջազգային շուկայում գունավոր մետաղների գների աճով: Անշուշտ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում գների կտրուկ անկում եղավ, եւ Հայաստանի ձեռնարկությունները տուժեցին: Բայց, նախ մինչ այդ գները բավական բարձրացել էին, եւ Հայաստանի ձեռնարկությունները գերշահույթ էին ստանում` բավական է հիշել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի դեպքը, երբ ձեռնարկությունը վաճառվեց մասնավորին, եւ աշխատանքի առաջին իսկ տարում սեփականատերը ստացավ այնքան շահույթ, ինչ գնով որ ձեռք էր բերել կոմբինատը: Այսինքն, կարելի է պատկերացնել, թե ճգնաժամից առաջ շահութաբերության ինչ գերբարձր մակարդակով է աշխատել ոլորտը: Հետեւաբար մոտ մեկ տարի տեւած ճգնաժամային գնանկմանը ոլորտը շատ հանգիստ կարող էր դիմադրել, որպես ռեսուրս օգտագործելով մինչ այդ ստացած բարձր շահույթը:
 
Մինչդեռ չգիտես ինչու Հայաստանի կառավարությունը որոշեց ճգնաժամային վարկավորում անել ոլորտի համար, փող տալով մի ոլորտի, որը չպետք է ունենար դրա կարիքը, եթե այն տնօրինում են բարձրակարգ, պրոֆեսիոնալ մենեջերներ, որոնք ունակ են գերշահույթը օգտագործել ձեռնարկության դիմադրունակությունը հզորացնելու համար: Հետեւաբար, եթե ճգնաժամային տարում ոլորտը կուտակել է հարկային պարտավորություններ, ապա թերեւս դրա համար պատասխանատու է այդ ձեռնարկությունների կառավարման որակը:
 
Եվ այժմ, երբ ոլորտը գտնվում է շահութաբերության այդպիսի վերելքի վրա, առնվազն տարօրինակ կլինի ոլորտի ձեռնարկություններին ազատել հարկային պարտավորությունները չկատարելու տույժերից ու տուգանքներից, առավել եւս այն դեպքում, երբ անգամ իշխանության մակարդակով է ընդունվում այն փաստը, որ ընդերքի օգտագործման ոլորտում կան օրենսդրական բացեր, որոնք ընդերք օգտագործողներին հնարավորություն են տալիս խուսափել համարժեք հարկեր եւ տուրքեր վճարելուց:
 
Թեեւ այստեղ կարող է լինել նաեւ հարցի մյուս կողմը: Կան ոլորտներ, այդ թվում գուցե եւ հանքարդյունաբերությունը, որ զգալիորեն գտնվում են ստվերի դաշտում: Հիմա իշխանությունը թերեւս որոշել է նրանց բերել հնարավորինս շատ լույսի տակ, քանի որ իրավիճակը երկրում բավական ծանր է, ու պետությունը կարող է կանգնել անգամ իր սոցիալական պարտավորությունները ժամանակին եւ լիարժեք կատարելու բարդության առաջ` աշխատավարձ, թոշակ, նպաստ: Սերժ Սարգսյանը հենց հանքարդյունաբերողների հետ հանդիպմանն էլ շեշտում էր այդ հանգամանքը, ասելով, թե նրանք պետք է ըմբռնումով մոտենան իրենց հարկային պարտավորություններին, քանի որ պետությունը չի կարող ուշացնել կամ չվճարել աշխատավարձերը կամ թոշակները:
 
Ընդ որում, իրավիճակը գուցե այնքան ծանր է, որ իշխանությունը հարկ է համարում հավաքել նախկինում չհավաքած հարկերը: Իսկ դա երեւի թե պետք է որեւէ կերպ ձեւակերպել: Բնականաբար կձեւակերպվի որպես հարկային կուտակված պարտավորություն: Բայց, քանի որ այդ պարտավորությունը կուտակված կլինի ոչ թե հանքարդյունաբերողների անբարեխղճության, այլ իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների հետեւանքով` երբ փողը գուցե ոչ թե պետական, այլ երեւի այսպես ասած իշխանության ստվերային բյուջե է գնացել, ապա իշխանությունը պարտավորվում է հանքարդյունաբերողներին ազատել հարկային պարտավորությունների կուտակման համար սահմանված տույժերից եւ տուգանքներից, քանի որ ներիշխանական, ներհամակարգային արդարությունն է դա պահանջում:

Ապրիլ 29, 2011 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր