

ԷկոԼուր
5000 բնակիչ ունեցող Մեղրիից 2382 մեղրեցիներ ստորագրահավաքի միջոցով դեմ են արտահայտվել Մեղրիում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը և հանքերի հետագա շահագործմանը: Այս մասին տեղեկացնում է www.meghrinews.com կայքը: Ստորագրահավաքն իրականացվել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն», «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների աջակցությամբ: Ստորագրհավաքի հիման վրա «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է. «…Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը»:
Հիշեցնենք, որ Մեղրու տարածաշրջանում շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու,Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի /Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր/ հանքավայրերը: Երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում:
Հունիս 13, 2013 at 14:48
