Թումանյանում արտադրված գյուղմթերքում թունավոր նյութեր են հայտնաբերվել

Թումանյանում արտադրված գյուղմթերքում թունավոր նյութեր են հայտնաբերվել

Նաիրա Բուլղադարյան, Ազատություն ռադիոկայան

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնակիչները շարունակում են մշակել այգիներն ու հողամասերը, թեեւ դրանք հարուստ են թունավոր նյութերով:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից նախաձեռնած հետազոտությունը ցույց է տվել, որ Դեբեդ գետի ավազանի այն բնակավայրերը, որոնք մոտ են հանքարդյունաբերական կենտրոններին, աղտոտված են ծանր մետաղներով:

Այս տարածաշրջանում հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերություններ են գործում` ACP-ն եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն անցած տարվա մարտ ամսից մինչեւ այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածը մտահոգիչ փաստեր է արձանագրել:

Ծանր մետաղներ` սնդիկ, կադմիում, արսենիում, կապար, նիկել, պղինձ, ցինկ է հայտնաբերվել ջրում, հողում եւ գյուղմթերքներում: Դրանց պարունակությունը հետազոտված15 մշակաբույսերում, այդ թվում՝ ազնվամորու, թթի, բալի, թզի, կարտոֆիլի, լոբու եւ եգիպտացորենի մեջ, սահմանված չափորոշիչները գերազանցում է 1.5 մինչեւ 10 անգամ:

Ուսումնասիրությունն անց է կացվել Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Նեղոց, Քարկոփ, Ճոճկան գյուղերի տարածքներում:

«Վտանգավոր գյուղմթերքը սպառվում է ոչ միայն արտադրողի կողմից, այլեւ թափանցում է տեղական շուկա, ինչը հանդիսանում է ռիսկի գործոն բնակչության առողջության համար», - ասում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվյոյանը:

Նա նշում է, որ Հայստանում չկա համապարփակ հետազոտություն մարդկանց առողջության վիճակի վերաբերյալ ու պարզ չէ, թե Թումանյանի տարածաշրջանի հիանդությունները որքանով կապ ունեն գյուղմթերքներում հայտնաբերված ծանր մետաղների առկայության հետ:

Հետազոտությունն անցկացրած մասնագետները առաջարկել են դադարեցնել ծանր մետաղներով հարուստ հողերում մշակաբույսերի աճեցումը եւ տարբեր մեթոդներով բարելավել հողերի վիճակը, ինչպես նաեւ հրաժարվել Ալավերդի քաղաքի մոտակայքում վայրի հատապտուղների հավաքումից:

Մինչդեռ այս առաջարկին ոչ ոք չի հետեւում:

Թեեւ այս շրջանի բնակիչները տեղյակ են իրենց հողերում թունավոր նյութերի առկայության մասին, գյուղատնտեսական տարին սկսել են անցած տարիների նման: Ասում են, թե այլընտրանք չունեն՝ ապրուստի միակ միջոցը հողագործությունն է:

Գյուղացիները պատմում են, թե հաճախ Դեբեդ գետից հոսող ոռոգման ջուրը ողողված է լինում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թափոններով` «դեղին գույնի է լինում ջուրը»:

Մայիս 17, 2011 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր