

Aysor.am
Հայաստանում նախատեսվում է վերսկսել նավթի ու գազի պաշարների հետախուզումը: Այս նապատակով մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում Էներգետիկայի և բնական պաաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կներկայացնի մի նախագիծ, որով առաջարկվում է երկրի տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրել մրցութային կարգով: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մրցույթները կկազմակերպվեն արդեն 15-օրյա ժամկետում:
Նախարարությունում նշում են, որ ռազմավարական նշանակություն ունեցող պինդ օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները ներկայում տրամադրվում են աճուրդային կարգով, որտեղ աճուրդի առարկա է հանդիսանում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածո պարփակող ընդերքի կոնկրետ տեղամասը: Երկրաբանական ուսումնասիրության նպատակով աճուրդների անցկացման դեպքում՝ լոտի մեկնարկային գին է սահմանվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կոնցեսիոն վճարի չափը: Սակայն 2003 թ. կառավարության որոշմամբ կոնցեսիոն վճարի չափը սահմանվել է միայն պինդ օգտակար հանածոների համար, իսկ հեղուկ և գազային օգտակար հանածոների համար այն չի սահմանվել, քանի որ հնարավոր չէ հստակ սահմանազատել հեղուկ և գազային օգտակար հանածոներ պարփակող երկրաբանական կառուցվածքները:
Նավթն ու գազը համարվում են Հանրապետության համար ռազմավարական նշանակության հումք, ուստի նավթագազաբեր տարածքների տրամադրումը նպատակահարմար է իրականացնել մրցութային կարգով, հաշվի առնելով, որ մրցույթի ժամանակ դիտարկվում են ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերը և տնտեսական ներուժը: Մրցութային կարգով լիցենզիայի տրամադրումը կնպաստի ավելի հուսալի, առաջատար և առավել ներդրում իրականացնող կազմակերպության ընտրությանը:
Պաշտոնյաները վստահ են, որ լիցենզիանների մրցութային կարգով տրամադրումը կնպաստի ավելի հուսալի, առաջատար և առավել ներդրում իրականացնող կազմակերպության ընտրությանը:
ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը Aysor-ի հետ զրույցում նշեց, որ սկզբունքորեն` որպես ինժեներ ու երկրաբան, դեմ է այդ բոլոր խոսակցություններին. «Այստեղ խնդիրն այն չէ, որ «եկեք հանքավայրեր չշահագործենք կամ չփնտրենք»: Խնդիրն այն է, թե ինչքանով ճիշտ պետք է ապահովվի և՛ շահագործումը, և՛ որոնողական, և՛ հետախուզական աշխատանքները: Մենք պետք է մաքսիմալ օգտագործենք մեր բնական ռեսուրսները: Դրանք դրա համար էլ տրված են, և պատերազմները տարվում են տարածքի համար, քանի որ տարածքը ռեսուրսների կրողն է»:
Ա. Սաղաթելյանի համաձայն` առկա է մեկ այլ խնդիր` որքանով են պետական լիազորված մարմինները կատարում իրենց վրա դրված պարտավորությունները, ինչքանով են հսկում, որ չաղտոտեն, ճիշտ շահագործեն, որքանով են լուրջ վերահսկվում շահագործող ընկերությունների եկամուտները, ուր են գնում այդ գումարները, քանի որ ընդերքը մեր ժողովրդի հարստությունն է, ոչ թե` ընկերությունների:
«Ե՛վ որոնել, և՛ գնահատել հարկավոր է, սա ունի տնտեսական ու քաղաքական նշանակություն: Իսկ եթե առաջարկվում է, ապա ինչ-որ նախադրյալներ կան, քանի որ դա շատ թանկ հաճույք է»,- նկատեց Ա. Սաղաթելյանը:
Հավելենք, որՀայաստանում նավթի և գազի հետախուզում իրականացվել է դեռ խորհրդային տարիներին: Շուրջ 10 տարի առաջ բնական պաշարների այս բաղադրիչների հանդեպ ակտիվորեն հետաքրքրություն դրսևորեցին արտասահմանյան ընկերությունները, սակայն մինչև օրս որևէ լուրջ արդյունքներ չեն արձանագրվել:
Մայիս 20, 2011 at 18:10
