Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կարծում է, որ սոցիալական եւ էկոլոգիական ռիսկեր պարունակող նախագծերի վարկավորման ընթացակարգը խստացնելը բյուրոկրատիա է

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կարծում է, որ սոցիալական եւ էկոլոգիական ռիսկեր պարունակող նախագծերի վարկավորման ընթացակարգը խստացնելը բյուրոկրատիա է

ԷկոԼուր 

Մայիսի 20-21-ին` Աստանայում (Ղազախստան), տեղի ունեցավ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) 20-րդ տարեկան համաժողովը:

Ի թիվս բազմաթիվ մասնակիցների` բանկիրների, ընկերությունների, կառավարությունների ներկայացուցիչների, համաժողովին մասնակցում էին նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ այդ թվում «ԷկոԼուր»-ը Հայաստանից: Փակ ձեւաչափով կազմակերպվեցին քննարկումներ սոցիալական եւ էկոլոգիական ռիսկեր պարունակող հարցերի շուրջ:

EBRD-ն հայտարարեց այն մասին, որ բանկը հետեւում է սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության քաղաքականությանը: Սակայն CEE Bankwatch միջազգային մոնիտորինգային ցանցի  եւ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի նրա գործընկեր կազմակերպությունների տվյալները վկայում են այն մասին, որ բանկը հեռու է իր կողմից ֆինանսավորվող նախագծերի ռիսկերի նկատմամբ պատասխանատվությունը կիսելուց: «Վերլուծությունը ցույց է տալիս, որ EBRD-ի կողմից իրականացվող շատ նախագծեր, որոնք նպաստում են մասնավոր բիզնեսի զարգացմանը, խնդիրներ են ստեղծել տեղական բնակչության կամ շրջակա միջավայրի համար: Օրինակ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակատարը, կամ Մոնղոլիայում քարածխի արդյունաբերությունում ներդրումները»,- նշված է CEE Bankwatch-ի մամլո հաղորդագրության մեջ

Այսպես, ՀԿ սեկտորի հետ հանդիպման ժամանակ` մայիսի 21-ին, Տնօրենների խորհուրդը գնահատեց Մոնղոլիայի հետ համագործակցությունը որպես հաջողված, եւ որ հանքարդյունաբերության մեջ աշխատող մարդիկ արդեն կարող են օգտվել ժամանակակից քաղաքակրթության բարիքներից, էլեկտրականությունից եւ այլն: Սակայն Մոնղոլիայի ՀԿ-ի ներկայացուցիչ Ու. Կ-ն պատմեց, որ բանկի հետ համագործող իշխանությունների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ հսկայական տարածություններ, որոնք հարյուրավոր տարիներ օգտագործվում էին քոչվոր բնակչության կողմից, մարդկանցից օտարվեց հանքարդյունաբերության համար: «Մեզ մոտ Մոնղոլիան արդեն սկսել են ասել Մայնինգոլիա: Իսկ մարդկանց հասցրել են նրան, որ նրանք կրակում են սարքավորումների վրա»,- ասաց Ու. Կ-ն` նշելով, որ այդ մարդկանց չեն հարցրել` ուզում են նրանք փոխել իրենց կենսակերպը, թե ոչ:

ՀԿ սեկտորի պահանջն այն է, որ EBRD-ի գործունեությունը լինի թափանցիկ, մասնավորապես նախագծերի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի եւ ռիսկերի վերացման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության մուտքն ու հասանելությունը` բաց:

Իր հերթին բանկը, թեպետ հայտարարում է սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության մասին, բայց նախագծերի օերատորների նկատմամբ իր պահանջներում իրականում հետեւում է ներկայացված փաստաթղթերի միայն ֆինանսական կողմին: Որպես մեկնաբանություն կարող է ծառայել ՀԿ-ների հետ հանդիպման ընթացում EBRD-ի նախագահ Թոմաս Միրովի պատասխանը, որ նա ընթացակարգերի ուժեղացման կողմնակից չէ, որոնք ավելացնում են բյուրոկրատիան:

Փաստացիորեն դա նշանակում է, որ բանկը մտադիր չէ խստացնել վարկի ստացման ընթացակարգերը այդ թվում եւ սոցիալական եւ էկոլոգիական բարձր ռիսկերով նախագծերի համար: Մեր կողմից նշենք, որ զարգացած երկրների մեծ մասը, որոնք EBRD-ի հիմնադիրներն են, մշտապես խստացնում են պահանջները հանքարդյունաբերության ոլորտի կամ էներգետիկայի ոլորտի օպերատորների նկատմամբ` ներառյալ ատոմակայանները, այսինքն այնտեղ, որտեղ կան ռիսկեր: Պահանջները ներառում են` եւ բնակչությանը փոխհատուցելը, եւ նախագծի ազդեցության գոտում ապրող բնակչության համաձայնությունը ստանալը, եւ ռիսկերի կառավարման համար հատուկ հիմնադրամներ ստեղծելը եւ այլն: Դրանով զարգացած երկրները պահպանում են իրենց շրջակա միջավայրը, սոցիալական բարիքները բնակչության համար: Իսկ մեր երկրներում գործունեության համար այդ պահանջները կոչվում են բյուրոկրատիա: Չէ որ երկրների մեծամասնությունում, որտեղ գործում է EBRD-ն, միլիոնների շահույթ կարելի է ունենալ միայն այն պատճառով, որ ոչ ոք ոչնչի համար չի վճարում: Դա ձեռք է տալիս նաեւ անցումային շրջանի երկրների մեծամասնության տեղական իշխանություններին:

Մայիսի 21-ին` Ասատանայում, Հայաստանի պանելային նստաշրջանի ժամանակ «ԷկոԼուր»-ի խնդրանքին` մեկնաբանել  բանկի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության հարցը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ազգային օրենսդրությունն առանց այդ էլ շատ խիստ է, եւ լրացուցիչ վերահսկողություն չի պահանջվում:

EBRD-ին ուղղված իր առաջարկություններում CEE Bankwatch-ը կոչ արեց մշակել հստակ չափորոշիչներ` չափելու բանկի ներդրումների իրական ազդեցությունը հասարակ մարդկանց վրա, այլ ոչ թե արդարացնել նախագծերը շուկայի զարգացման անհրաժեշտության մասին մոգական բանաձեւի օգնությամբ:

Մայիս 25, 2011 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր