«Ալռոսան» բացահայտել է պաշարները

«Ալռոսան» բացահայտել է պաշարները

Կապիտալ

Բնական ալմաստների խոշոր արդյունահանող ռուսական «Ալռոսա» ընկերությունը նախօրեին առաջին անգամ հրապարակել է իր պաշարների մասին տվյալները. շուրջ 1,23 մլրդ կարատ` ռուսական դասակարգմամբ (1,014 մլրդ կարատ` հետախուզված և 0,211 մլրդ կարատ` հավանական): Սա Ռուսաստանի ալմաստների ընդհանուր պաշարների (1,3 մլրդ կարատ) «առյուծի բաժինն» է: «Ալռոսայի» գլխավոր մրցակիցը` հարավաֆրիկյան De Beers-ը, իր ռեսուրսների մասին տվյալներ չի հրապարակում:

Նշենք, որ այս ցուցանիշով «Ալռոսան» գերազանցում է ալմաստային շուկայի մյուս առաջատարներին` բրիտանա-ավստրալական Rio Tinto-ին, BHP Billiton-ին և բրիտանա-ամերիկյան Petra Diamonds-ին: Նրանց ընդհանուր պաշարները գնահատվում են 735 մլն կարատ (սակայն ավելի խիստ դասակարգմամբ` JORC):

Rough&Polished ընկերության փորձագետ Սերգեյ Գորյաինովի կարծիքով` այսպիսի առաջատարությունը լրացուցիչ բոնուս է «Ալռոսայի» համար IPO-ի նախաշեմին: Ընկերությունը մտադիր է իր բաժնետոմսերը տեղաբաշխել 2012թ. գարնանը: Ըստ ընկերության ներկայացուցիչների` տեղաբաշխման վերջնական որոշումը կախված կլինի ֆինանսական արդյունքներից:

2010թ. «Ալռոսայի» հասույթը կազմել է 113,4 մլրդ ռուբլի (+45% 2009թ. համեմատ), ինչը առավելագույն ցուցանիշ է 2001-ից ի վեր: Զուտ շահույթն ավելացել է 3,4 անգամ` կազմելով 11,8 մլրդ ռուբլի:

«Ալռոսայի» հաջող ցուցանիշների արձանագրմանը, ըստ ընկերության նախագահ Ֆյոդոր Անդրեևի, օգնել է ալմաստի գների աճը: 2010թ. քարերը թանկացել են 27%-ով և դեռ շարունակում են թանկանալ: Ըստ Անդրեևի` սա կարճաժամկետ երևույթ չէ: Նրա խոսքով` 2010թ. ալմաստի պահանջարկը գերազանցել է $14 մլրդ-ը, իսկ դրանց արտադրությունը կազմել է մոտ $12 մլրդ: Այդպիսով արձանագրվել է $2 մլրդ-ի դեֆիցիտ: Գորյաինովի կարծիքով` «Ալռոսան» դեռ նոր ռեկորդների հնարավորություն ունի. 2011թ. ընկերության հասույթը կարող է աճել մինչև $5 մլրդ: Այս դեպքում ընկերության գումարները կբավարարեն պարտքի սպասարկման և ստորգետնյա հանքերի շինարարության համար` առանց IPO-ի անցկացման:    

Վերջին երկու տարում «Ալռոսան» կարողացել է կրճատել իր պարտքի մակարդակը մեկ չորրորդով` մինչև 101,9 մլրդ ռուբլի (2011թ. սկզբի դրությամբ): Ըստ Անդրեևի` ընթացիկ տարում «Ալռոսան» մտադիր է մարել կարճաժամկետ պարտքի մոտ 700 մլն ռուբլին, և նոր փոխառություններ չեն լինի: Ընկերության նախագահը սակայն չի հստակեցրել IPO-ի անցկացման հարցը:     

Անդրեևի խոսքով` տեղաբաշխումից առաջ «Ալռոսան» պետք է որոշի իր զարգացման ռազմավարությունը. զարգացնել ուղղահայաց ինտեգրումը, ինչպես De Beers-ը, դառնալ դիվերսիֆիկացված արդյունահանող ընկերություն, ինչպես Rio Tinto-ն է, թե կենտրոնանալ միայն ալմաստի արդյունահանման ուղղությամբ: Փորձագետների կարծիքով` նման ռազմավարության բացակայության պայմաններում շուկան չգիտի, թե ինչպես գնահատի ընկերությունը:

Նշենք, որ «Ալռոսան» ստեղծվել է 1992թ. և գլխավորապես զբաղվում է ալմաստի հանքավայրերի հետախուզմամբ, բնական ալմաստի արդյունահանմամբ, ալմաստի հումքի և ադամանդի վաճառքով: Ընկերության արտադրական հզորությունները տեղակայված են Արևելյան Սիբիրում: Ընկերության բաժնետերերն են Ռուսաստանի կառավարությունը` ի դեմս «Ռոսիմուշչեստվոյի» (Ռուսաստանում պետական գույքի կառավարման դաշնային գործակալություն) (50,92%), Յակուտիայի Պետական գույքի կառավարման հանրապետական նախարարությունը (32%), Յակուտիայի ութ ուլուսները (8%), «Ալռոսայի» աշխատակիցներն ու ֆիզիկական անձինք (4,1521%), ինչպես նաև իրավաբանական անձինք (4,7807%):

Մայիս 30, 2011 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր