Միլիոն-միլիարդները` ոմանց, թույն ու աղբը` ժողովրդին

Միլիոն-միլիարդները` ոմանց, թույն ու աղբը` ժողովրդին

Հ. Ավագյան` Երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, Հայոց Աշխարհ

«Աշխարհը դմակ է, տղան՝ դանակ, կտրեցեք, տարեք, ով որքան կարող է»,- այս ժողովրդական ասացվածքը տեղին է այժմյան Հայաստանի համար։
  
Մեր ընդերքի հարստությունները հայրենի կառավարությունը տվել է օտարներին եւ անհատ ձեռներեցներին, չնայած դրա անհրաժեշտությունը՝ առանձնապես խոշոր հանքավայրերի եւ խոշոր շահույթ ապահովող ձեռնարկությունների գծով, չկար եւ չպետք է լիներ։
  
Տնտեսագիտական առումով Հայաստանի նման երկրներում պետք է ապապետականացվեին այն ձեռնարկությունները, որոնք կամ գործում էին վնասով, կամ՝ շատ չնչին շահույթով (դրանք պետք է մասնավորեցվեին, որպեսզի «մասնավորը» իր ներդրումների եւ ունակությունների սահմաններում արդյունավետ դարձներ տվյալ ձեռնարկությունը)։ Բայց եթե ձեռնարկությունն աշխատում է մեծ շահույթով, եւ ապագան խոստանում է ավելի մեծ շահույթ, ապա այդպիսի ձեռնարկության ապապետականացումը լավագույն դեպքում հիմարություն է։
  
Խոսքը վերաբերում է լեռնահանքային արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք մշտապես աշխատել եւ աշխատում էին բավականաչափ մեծ շահույթով։ Դրանցից կցանկանայի նշել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, որոնք շահագործում են աշխարհի մասշտաբով խոշորագույն Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ու Հայաստանի մասշտաբով ոսկու ամենախոշոր՝ Սոթքի հանքավայրը։
  
Մինչեւ 2006-2007թթ. Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որին տիրացել էին կանադացիներն ու հնդկաստանցիները, հարստացվում եւ ոսկի էին կորզվում նաեւ Մեղրաձորի հանքավայրից, որն էլ շահագործվեց բարբարոսաբար, թալանված ու ապականված հանձնվեց «Գեոպրո Մայնինգ» ռուսական ընկերությանը։ Վերջինս հրաժարվեց Մեղրաձորի մնացած պաշարների շահագործումից՝ պատճառաբանելով, որ դրա շահագործումը տնտեսապես ձեռնտու չէ։
  
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ապապետականացման հարցը պարոն Ճշմարիտյանի կողմից բարձրացվեց 2003 թվականին, այն ժամանակ, երբ ձեռնարկությունը, աշխատելով իր կարողությունից ցածր հզորությամբ, ուներ բավական խոշոր շահույթ՝ 20 մլն դոլար։ Այդ ձեռնարկության ապապետականացման հենց առաջին տարում՝ 2005թ., պղնձի, մոլիբդենի եւ ոսկու գների աննախադեպ աճի պայմաններում, ձեռնարկության շահույթն էլ աճեց բազմակի։
  
Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի անցած տարիներին, մետաղների գների նվազման հետ կապված, փոքր-ինչ նվազեց Զանգեզուրի կոմբինատի շահույթը, այժմ արդեն դա թռիչք է ապրում։ Որքան մեծանում է նշված ձեռնարկության շահույթը, այնքան բացվում է դրա տիրոջ ախորժակը։ ԽՍՀՄ օրոք Քաջարանի հանքավայրի ընդերքից նախագծված էր արդյունահանել եւ մշակել 9 մլն տ հանքաքար, որն էլ ապահովում էր լավագույն արդյունք, սակայն այդ քանակը այժմ չի բավարարում Քաջարանի «տիրոջ» անհագ ախորժակը։ Որոշվել է հանքաքարերի արդյունահանման քանակը մեծացնել եւ առաջիկա երկու տարիներին հասցնել 20 մլն տոննայի։
  
Նույնպիսի ագահության մոլուցք է պատել նաեւ Սոթքի հանքավայրի շահագործողներին, որոնք ծրագրել են այդ հանքավայրի ընդերքից արդյունահանել եւ մշակել 2 մլն տ հանքաքար (ոսկու կորզումը դրանք մոտ ապագայում կհասցնեն 150 հազ. ունցիայի (4800 կգ))։
  
Ստացվում է, որ մեր հանքավայրերի հետ ոմանք կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են. մի տեղ հանքաքարի արդյունահանումն ու մշակումը կմեծացնի 2,2 անգամ, մեկ այլ տեղ՝ 4-5 անգամ, եւ ոչ մի արգելք ու խոչընդոտ։
  
Ինչո՞ւ է այդպես։ Չէ՞ որ այդ հանքավայրերը բնության կողմից մեր ժողովրդին տրված բարիքներն են, որոնց ընդերքի հարստությունները պատկանում են ողջ ժողովրդին եւ ոչ թե ինչ-որ մեկին։ Ինչո՞ւ է թույլատրվում մի քանի տարվա ընթացքում թալանի ու փոշիացման ենթարկել մեր ընդերքի հարստությունը, առանց հաշվի առնելու ապագա սերունդներին հասանելիքը։
  
Այսօր արդեն Զանգեզուրի կոմբինատի պոչանքների թափման տեղեր չեն ճարվում դրանք անվտանգ ամբարելու համար, իսկ վաղը՝ 20 մլն տ-ի պարագայում, Կապանի ժողովրդի կյանքը կախված կլինի բարակ թելից։
  
Նույն վիճակն է տիրում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի շրջակայքում, թափոններն ահագնացող վտանգի տակ են պահում շրջակայքի բնակիչներին, իսկ մի քանի տարի հետո պոչամբարի պարունակությունը հսկողության տակ պահելն անհնար կդառնա։
  
Դեռեւս մի քանի տարի սրանից առաջ Արարատ քաղաքի հարավարեւելյան ծայրամասի բնակչությունը ոտքի էր ելել ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարի վերացման պահանջով։ Նույնպիսի պահանջով, արդեն 6 տարուց ավելի, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակչությունն է ոտքի ելել։ Վերջերս էլ արծվանիկցիներին է միացել Գեղանուշ գյուղի բնակչությունը։ Ի՞նչ է լինելու նշված տարածքների բնակչության վիճակը տասը տարի հետո։ Ինձ, համենայն դեպս, հայտնի է, թե ինչ է լինելու։
  
Իսկ հայտնի՞ է դա կառավարությանը, որի լուռ համաձայնությամբ թալանվում ու փոշիացվում են մեր ընդերքի հարստությունները, միլիոնները դուրս են տարվում կամ մտնում են մի քանիսի գրպանները, իսկ թույնն ու աղբը թափվում է մեր ժողովրդի «գլխին»։

Հունիս 08, 2011 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր