Հանքարդյունաբերության ոլորտից ավելի շատ հարկեր կհավաքագրվեն

Հանքարդյունաբերության ոլորտից ավելի շատ հարկեր կհավաքագրվեն

1in.am

ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ փոփոխություններ է նախաձեռնել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, որոնց արդյունքում բնօգտագործման վճարը և ռոյալթին կմիավորվեն միասնական հարկատեսակի մեջ: Այս մասին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը։

Իսկ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը նշում է, որ քննարկվող նախագծով առաջարկվող փոփոխությունները որոշակիորեն հղկում են հարկային մեխանիզմները, սակայն չեն վերացնում դրանցում առկա անարդարացի մոտեցումները: Գործող օրենսդրության խնդրահարույց կողմերից մեկը, որը պահպանվել է նաև առաջարկվող նախագծում, ըստ Գագիկ Արզումանյանի, վերաբերում է ծախսերի նվազեցումների մեխանիզմներին, որոնք սահմանված են ռոյալթիների հաշվարկման կարգով. «Շահութաբերությունը որոշելիս, ի զարմանս մեզ, հաշվի չեն առնվում հանքարդյունահանող ընկերության համար կենսական նշանակություն ունեցող ծախսերը, ինչպիսիք են, մասնավորապես, ամորտիզացիոն մասհանումները, ֆինանսական ծախսերը, նախորդ տարիների հարկային վնասները և այլն, մի բան, որի տրամաբանությունը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ: Մենք փոխանցել ենք մեր մտահոգությունը կառավարությանը և հուսով ենք, որ այն հաշվի կառնվի», - ասել է Գագիկ Արզումանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

Մյուս խնդրահարույց կողմը, ըստ Գագիկ Արզումանյանի, այն է, որ հասույթի որոշման ժամանակ պետությունը հիմք է ընդունում ոչ միայն հանքարդյունահանմամբ ուղղակիորեն պայմանավորված գործունեությունը: «Եթե որևէ հանքարդյունահանող ձեռնարկություն իրականացնում է նաև հետագա վերամշակման բազմաթիվ փուլեր, ապա, որքան էլ դա տարօրինակ չհնչի, պետությունը ռոյալթիների հաշվարկման համար հիմք է ընդունում վերջնական արտադրանքի արժեքը: Թե՛ գործող օրենքով, թե՛ առաջարկվող նախագծով պետությունը, ըստ էության, պատժում է տնտեսվարողին՝ ավելի մեծ ավելացված արժեք ապահովելու համար, և դա, մեր համոզմամբ, խիստ անարդարացի է, քանի որ հետագա վերամշակման գործունեությունը բուն հանքարդյունահանման հետ ուղիղ առնչություն չունի, և չի կարելի, օրինակ, մետաղ ձուլելը, զտելը կամ վերամշակման խորացում ենթադրող այլ գործողությունները դիտել որպես ավելի մեծ չափերով բնօգտագործման վճար գանձելու հիմք: Պետության դիրքորոշումն այս հարցում, պետք է լինի հանքային հումքի հետագա վերամշակման խորացմանը հնարավորինս նպաստելը, ոչ թե հակառակը», - ասում է Գագիկ Արզումանյանը:

Կառավարության համոզմամբ՝ նախատեսվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկայի հետ: «Միջազգային փորձում հարկման համար հիմք է ընդունվում հենց վաճառքի արժեքը. գների բարձրացման դեպքում հարկի դրույքաչափը պրոգրեսիվ կերպով աճում է: Նույնը նախատեսվում է մեզ մոտ», - ասում է Վախթանգ Միրումյանը:

Մինչդեռ, Գագիկ Արզումանյանը կարծում է, որ միջազգային լավագույն փորձից շեղումներ այդուհանդերձ ունենք: Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե ինչպես է գործընթացը կազմակերպվում ոլորտի առաջատար երկրներում, օրինակ, Ավստրալիայում՝ Գագիկ Արզումանյանը նշեց, որ այնտեղ ռոյալթիները, իր տվյալներով, գանձվում են ընկերությունների շահույթից, այլ ոչ թե ընդերքում եղած մետաղի միջազգային գնից, որը հարկման հնարավոր ամենամեծ բազան է: «Ձեր նշած պետությունում դրույքաչափը կիրառվում է շահույթի նկատմամբ, այլ ոչ թե ընդերքում եղած մետաղի, որը դուք դեռ պետք է արդյունահանեք, վերամշակեք, ունենաք որոշակի կորուստներ, վաճառեք, ի դեպ, բորսայականից ավելի ցածր գնով, որովհետև այն դեռևս վերջնական արտադրանք չէ, հանեք բոլոր ծախսերը և վճարեք պետությանը շահույթի 5-7%-ը», - ասում է Գագիկ Արզումանյանը:

Այս առնչությամբ Վախթանգ Միրումյանը ասաց հետևյալը. «Դեռևս չկան ճշգրիտ հաշվարկներ, թե որքանով կավելանա հանքարդյունաբերության հարկումը, սակայն ակնհայտ է, որ արդյունքում մենք ավելի շատ հարկեր ենք հավաքագրելու ոլորտից: Ներկայումս ոլորտից հավաքագրվող հարկերի ծավալը չի համապատասխանում իրական ներուժին: Իսկ թե որքանով կաճեն հարկման ծավալները, կպարզվի միջազգային փորձագետների հետ աշխատանքի ընթացքում»:

Գագիկ Արզումանյանն իր հերթին նշում է, որ տեղյակ չէ հարկային բեռի հնարավոր ավելացումից, քանի որ կողմերը դեռևս ձեռնպահ են մնում հարկային դրույքաչափերի վերաբերյալ քննարկումներից: «Դա քաղաքական որոշման խնդիր է, և պետության որոշելու հարցն է, թե ինչ դրույքաչափով պետք է ոլորտը հարկվի, սակայն մեզ համար ամենասկզբունքայինը բեռի չափը չէ, այլ այն, որ հարկման մեխանիզմները լինեն արդարացի սահմանված»,- ամփոփել է «Վալլեքս» խմբի փոխնախագահը:

Հունիս 21, 2011 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր