

Tert.am
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի Արդյունաբերության հարցերով ենթահանձնաժողովի արտահերթ նիստում հունիսի 30-ին առաջարկվեց փոփոխություններ մտցնել Ընդերքի օգտագործման մասին օրենքում։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական բյուջետային հարցերի հանձնաժողովի Արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ, հանձնախմբի ղեկավար Գագիկ Բաբուրյանը նշեց, որ օրենքում նշված է, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է, սակայն նույն օրենքի շարունակության մեջ նշվում է, որ արգելվում է փոխանցել իրավունքը. «Նախ սա վերաձևակերպման կարիք ունի,- ասաց նա,- բացի դրանից ընդերքօգտագործման իրավունքի փոխանցելիությունը սպեկուլյացիոն ռիսկերի հիմք է»։
Էներգետիկայի նախարարության բնական պաշարների վարչության պետ Վարդան Վարդանյանը նախ տեղեկացրեց, որ հանքօգտագործման իրավունքն այլևս չի կարող փոխանցվել ժառանգաբար. «Ֆիզիկական անձը չի կարող լինել շահագործող, պիտի գրանցվի՝ որպես իրավաբանական անձ, իսկ իրավաբանական անձը ժառանգներ չի ունենում»,- նշեց նա։
Անդրադառնալով իրավունքի փոխանցման հարցին՝ Վարդանյանը նշեց, որ իրավունքի փոխանցման մասին դիմումը իրավատերը ուղարկում է համապատասխան լիազոր մարմնին, սակայն եթե 30 օրում չի ստանում պատասխան, իրավունքը համարվում է փոխանցված։
«Եթե աղջկան առաջարկություն ես անում, տասը օրում չի պատասխանում, ավտոմատ դառնում է կինդ»,- պարզաբանեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Աղջիկը լիազոր մարմին չէ»,- հակառակեցին հանձնաժողովում։
Հունիս 30, 2011 at 17:14
