Fortune Oil-ը «յուղ է այրել»

Fortune Oil-ը «յուղ է այրել»

Անահիտ Մնացականյան, Հրազդան, Lragir.am

Մարտի 31-ին Հրազդան քաղաքում երկաթի հանքի շահագործման դեմ կայացած բողոքի ակցիայից հետո ստեղծված նախաձեռնող խումբը պարտավորություն է վերցրել հետևողականորեն պայքարել միայն  չարիք խոստացող այդ ծրագրի դեմ:
 
Հիշեցնենք, որ հանքավայրը գտնվում է բնակելի տներից 650 մ հեռավորության վրա: Ապագա հանքավայրի հարևանությամբ գտնվում են աղբյուրներ, պոմպակայաններ, Սևան-Հրազդան ջրանցքը, ինչպես նաև «Աթարբեկյան» ՀԷԿ–ը, որոնց վրա այն անպայման բացասական ազդեցություն կունենա:
 
«Աթարբեկյան» ՀԷԿ-ի` հանքավայրին մոտ գտնվելու կապակցությամբ նախաձեռնող խումբը գրավոր հարցում է կատարել «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ին, որի ենթակայության տակ է գտնվում ՀԷԿ-ը: Նամակում ասվում էր, որ հանքի շահագործումը մասնավորապես կուղեկցվի պայթեցումներով, և որն անկասկած կվտանգի ՀԷԿ-ի գործունեությունը: Տվյալ կապակցությամբ հարց է ուղղվել, թե` արդյոք կազմակերպությունը պատրաստվում է համապատասխան քայլեր ձեռնարկել: Ի պատասխան հարցման, ընկերությունը տեղեկացրել է, որ իրենք ևս անհանգստացած են այդ խնդրով: Նրանք էլ իրենց հերթին հարցում են արել Fortune Oil չինական ընկերությանը, որն էլ բացառել է բացասական ազդեցությունը ՀԷԿ-ի վրա:
 
Տարօրինակն այն է, որ դեռևս երկու ամիս առաջ Հրազդան կատարած այցի ժամանակ Fortune Oil ընկերության ներկայացուցիչները նշել են, որ մինչև ընթացիկ տարվա վերջ կանցկացվի փորձաքննություն, որից հետո միայն կներկայացվի եզրակացություն: Տրամաբանական հարց է առաջանում` ինչպե±ս է հանք շահագործող ընկերությունն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման` նման պատասխան տվել: Եվ արդյոք այս ամենի հետևում թաքնված չեն տհաճ անակնկալներ, որոնք անպայման համարժեք արձագանք կունենան նախաձեռնող խմբի կողմից: Եվ` ոչ միայն:

Հուլիս 06, 2011 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր