

ԷկոԼուր
«GeoProMining Gold» ընկերությունը ներկայացրել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերազինման գործընթացը: Ընկերության ղեկավար Սիման Պովարենկինը «ԱրմԻնֆո»-ին հայտնեց, որ ««Ալբիոն» իննովացիոն տեխնոլոգիան ֆաբրիկայի արդիականացման մասշատաբային ծրագրի մի մասն է, որը թույլ կտա զգալիորեն լավացնել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը`հետեւելով բարձր էկոլոգիական չափանիշներին»: Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ուշադրություն դարձնենք ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի` «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի մերձակա տարածքի հողի, բույսի եւ ոռոգման ջրի տոքսիկոթյան վերաբերյալ» 1999թ. հունիսի 10-ի եզրակացությանը:
Եզրակացության համաձայն` Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի շրջանում հողի` մկնդեղով եւ քրոմով աղտոտվածությունը ՍԹԿ-ն գերազանցում է 10-ից 166 անգամ: Ոռոգելի ջրում մկնդեղի, կապարի եւ պղնձի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցում է 127, 100 եւ 40 անգամ:
Ջրի եւ հողի միջոցով տոքսիկ տարրերը փոխանցվում են այդ հողերում աճեցվող գյուղմթերքին: Կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն` հացահատիկային մշակաբույսերում մկնդեղի,կապարի եւ կադմիումի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 7, 8 եւ 3 անգամ:
Թվարկված տարրերը պատկանում են ամենից տոքսիկների թվին: Այսպիսով, իր եզրակացության մեջ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ուշադրություն է դարձրել նրան, որ, օրինակ, մկնդեղը դասված է 1-ին դասի վտանգավորության քիմիական տարրերի շարքում: Թույն է, կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ, սրտի աշխատանքի արատներ, խոցում է մարդու նյարդային համակարգը:
Հետազոտությունների անցկացումից անցել է 12 տարի, իսկ թվարկված խնդիրները չեն վերացվել, այլ սրացել են, քանի որ ծանր տարրերը կուտակման եւ շրջակա միջավայրում տարածման հատկություն ունեն: Այսինքն, արդեն իսկ առկա աղտոտվածությանը ավելացել է նորը:
«GeoProMining» ընկերությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ակտիվները ձեռք բերեց 2007թ.: Մենք չենք կարող ասել, թե աղտոտվածության որ բաժնի համար է պատասխանատու ընկերությունը, քանի որ օրենսդրության համաձայն` ընկերությունները արտադրական թափոնների համար չեն վճարում: «Մեր խմբի մեջ ընդգրկված Սոտքի հանքավայրը հարուստ է սուլֆիդային հանքանյութով, որը նախկինում գործնականորեն հնարավոր չէր վերամշակել: «Ալբիոն»-ի յուրահատկությունն այն է, որ այն թույլ կտա վերամշակել հենց այդ հանքանյութը: Այդպիսով, կարելի է ասել, որ մեր նախագիծը Սոտքի հանքավայրի նոր կյանքի սկիզբն է: Ծրագրում ենք, որ «Ալբիոն» տեխնոլոգիայի օգտագործմամբ կառուցված նոր գծի գործարկումից հետո արտադրության ծավալը տարեկան կկազմի մինչեւ 150 000 ունցիա ոսկի»,-«ԱրմԻնֆո»-ի հետ հարցազրույցում ասաց Սիման Պովարենկինը: Այսինքն, ստացվում է, որ «Ալբիոն» մեթոդիկան թույլ կտա ոսկի կորզել նախկինից ավելի շատ քանակությամբ` ավելացնելով ընկերության եկամուտը: Սակայն ոսկու կորզումից հետո վերոնշյալ տարրեր պարունակող արդյունաբերական թափոնները մնում են մեզ:
Եթե նույնիսկ արարատցիները ծանոթ չեն գիտական ուսումնասիրություններին, բայց իրենց խնդիրների մասին լավ տեղեկացված են: Հուլիսի 10-ին` Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում Արարատի բնակիչներն իրենց անհանգստությունը հայտնեցին Արարատի էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ:
«...Արարատյան դաշտավայրում շատացել են ուռուցքային հիվանդությունները, մեզ մոտ է եւ ցեմենտի գործարանը, եւ ոսկու կորզման ֆաբրիկան»», «Ես, օրինակ, իմ երեխայի համար ապրելու տեղ չեմ գտնում, քանի որ առողջության հետ կապված խնդիրներ կան...»:
style="height: 390px; width: 640px">
Հուլիս 11, 2011 at 12:07


