

News.am
Հանքարդյունաբերության ոլորտը կարգավորելու համար պետք է փոխել տնտեսական մոտեցումները: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկոլուր» Հ/Կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով` հանքարդյունաբերության ոլորտում առաջացած թափոնները երկրորդական հանքավայր են, սակայն դրանց համար «ոչ ոք ոչինչ բյուջե չի վճարում»:
«Պետք է հարկերի վճարում նախատեսել աղտոտվածության համար: Եթե շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողերը, անտառները, ջրերը, պետք է գնահատել, թե ինչ արժե այդ վնասը եւ պետք է ստիպել ընկերություններին այդ վնասը փոխհատուցել»,- ասաց Զառաֆյանը, հավելելով, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընդերքի մասին» օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը կպարտավորեցնի հանքարդյունահանողին փոխհատուցել բնությանը հասցված վնասը:
Բնապահպանը ներկայացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հրապարակած ցանկը, ըստ որի՝ Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, կա 706 ոչ մետաղական հանքավայր, 30 մետաղական եւ բազմամետաղական հանքավայր, որից 22-ը շահագործման մեջ է, այդ թվում` 7 պղնձամոլիբդենային, 4` պղձային, 14` ոսկե հանքավայրեր եւ այլն:
«Մեր երկրում եղած հանքային հարստությունը մի քանի ընկերությունների ձեռքում է, այդ ցանկը դուք էլ կարող եք նայել»,- ասաց Զառաֆյանը:
Բաց եղանակով հանքերի շահագործումը վատ ազդեցություն ունի հողի եւ ջրի վրա. Ինգա Զարաֆյան
News.am
Աբովյանի եւ Հրազդանի հանքերի շահագործման դեպքում Երեւանի խմելու ջրի 35 տոկոսը աղտոտված կլինի: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկոլուր» Հ/Կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով` հանքարդյունաբերության վերաբերյալ մտավախություն են հայտնել տարբեր մասնագետներ: Մասնավորապես, երկրաբան Ռուբեն Յադոյանն իրենց ասել է, որ եթե Հրազդանի հանքը շահագործվի, ապա Երեւանում ջրի 35 տոկոսը կվտանգվի:
«Հրազդան քաղաքը ծածկվում է տարբեր վտանգավոր օբեյեկտներով, այնտեղ այժմ կառուցվում է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, որը կունենա պոչամբար, ինչը եւս վտանգավոր է»,- ասաց բնապահպանը` հայտնելով իր մտավախությունը, որ հանքերում ոսկին լինում է խառնուրդով կամ թունավոր նյութերով, որոնք կմնան Հրազդանում:
Նա նշեց, որ բոլորն, ովքեր տեղեկանում են, թե ինչ եղանակով են մեզ մոտ հանքերը շահագործվում, զարմանում են, քանի որ բաց եղանակով հանքերի շահագործումը վատ ազդեցություն ունի հողի եւ ջրի վրա:
Բնապահպանը համոզված է, որ ոսկու արդյունահանման ֆաբրիկան կաղտոտի միջավայրը
Կարլեն Ասլանյան, «Ազատություն» ռադիոկայան
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է Արարատում ոսկու արդյունահանման նոր ֆաբրիկայի կառուցել:
2013 թվականին շահագործվելիք ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությանը չորեքշաբթի օրը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, որ արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին: Մինչդեռ «Էկոլուր» հասակարական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը համոզված է, որ Սոտքի հանքավայրի շահագործումն արդեն իսկ հանգեցրել է միջավայրի աղտոտմանը:
«Արդեն Սոտքի բաղադիչը կամաց-կամաց անցնում է գետերին, գետերի միջոցով Սեւանին: Եթե Սեւանը մեզ համար նշանակություն չունի, ապա մենք ինչո՞ւ ենք ասում, որ մենք ունենք «Սեւանի մասին» օրենք եւ, իմիջիայլոց, օրենքի պահպանման համար Սեւանի ազգային պարկի գործունեության եւ միջոցառումների համար բավականին մեծ գումարներ են գնում բյուջեից», - ասաց Զարաֆյանը հինգշաբթի օրը կայացած ասուլիսում:
Բնապահպանի համոզմամբ` հանքավայրի շահագործման հետեւանքով շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական հողերը, ջրային աղբյուրները, անտառային տարածքները: Միակ ելքը, ըստ Ինգա Զառաֆյանի, վնասը գնահատելն է եւ ստիպելը, որ ընկերությունները փոխհատուցեն այն: Մինչդեռ փոխհատուցում չի նախատեսում նաեւ օրերս Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ ընդունված «Ընդերքի մասին» օրենսգիրքը:
«Ոչ մի նման կարգ մենք չունենք ոչ այդ օրենսգրքում, ոչ կառավարական որոշումներում: Ոչ մի բան: Աղտոտում ես, լավ ես անում: Փոխահատուցումը հենց այնպես չի արվում, եթե ընկերությունը պետք է մեծ գումար մուծի աղտոտվածության համար, ինքը երեւի ամեն ինչ կանի, որ աղտոտվածությունը չլինի եւ արդեն ուրիշ տեխնոլոգիա կօգտագործի, որպեսզի չաղտոտի, օրինակ, գետը», - ասաց բնապահպանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով` Հայաստանի ավելի քան 670 հանքավայրերից շահագործվում է շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Գերակշռողը հենց ոսկու հանքավայրերն են` թվով 14-ը:
«Հայաստանում ոսկու տենդ է», - ասում է Ինգա Զառաֆյանը` ընդգծելով, որ բնական ողջ հարստությունը մի քանի մարդկանց ձեռքում է, ովքեր միայն ձգտում են ավելացնել արտադրությունը, իսկ հանքավայրերին վերաբերում են որպես զավթիչներ:
«Էկոլուր»-ի ղեկավարի խոսքով` քանի որ Հայաստանում մաքուր ոսկի չի հանդիպում, հանքարդյունահանումից հետո թունավոր բաղադրիչները մնում են տարածքում: Բնապահպանը վկայակոչում է մասնագետների հաշվարկները, համաձայն որոնց միայն Աբովյանի եւ Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործումը հանգեցնելու է Երեւանի խմելու ջրի 35 տոկոսի աղտոտմանը:
«Զարմանում եմ, թե ինչպես են այդ նախագծերը ստացել փորձաքննության դրական եզրակացություն, որովհետեւ նույնիսկ չինացիները, որոնք եկել եւ իրենց աչքերով տեսել են, թե որտեղ է այդ հանքը եւ ինչպես պետք է պայթեցնեն այն, տեսնելով, որ այնտեղ աղբյուրներ կան, զարմացել են: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից», - ասաց Զարաֆյանը:
Նրա խոսքով` Արծվանիկի պոչամբարի մոտ Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում թունավոր տարրերի` այդ թվում սնդիկի պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այս համայնքում գործարարներից մեկը կովեր է բուծում:
«Բայց քանի որ մարդիկ գիտեն, որ այդպիսի աղտոտվածություն կա, հարց են տվել եւ ինքը [բուծարանի սեփականատերը] հրապարակային ձեւով պատասխանել է` մեր կովեր չեն սնվում ոչ այդ խոտերով, որ աճում Սյունիք համայնքի տարածքում, ոչ էլ այդ ջուրն են խմում, մենք բերում ենք ուրիշ համայքներից: Պատկերացնո՞ւմ եք` կովերը էկոլոգիապես մաքուր ուտելիք են ստանում, իսկ այնտեղ ապրող մարդիկ, սնվում են սնդիկով», - ասաց բնապահպանը:
Հրազդանի երկաթի և ոսկու հանքերը կաղտոտեն Հրազդանը և Երևանը սնող ստորգետնյա ջրերը
1in.am
«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերության կողմից շրջակա միջավայրին պատճառած վնասների մասին: Զարաֆյանը մասնավորապես խոսեց Հրազդանի երկաթի հանքի մասին, նշելով, որ արդեն սկսվել են երկաթի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ 2011 թ. չինական Fortune Oil ընկերությունը հայկական «Նագին» ընկերությունից գնել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող երկաթի հանքը, որի հումքը բարձրորակ է՝ մոտ 40 տոկոս երկաթ պարունակող:
Զարաֆյանը նշեց, որ երկաթի արդյունահանման դեպքում բազմաթիվ վտանգավոր թափոններ մեծ վնաս կահսցնեն Հրազդան քաղաքին, ինչպես նաև այդ տարածքով անցնող ստորգետնյա ջրերին, որոնք հասնում են նաև Երևան:
Ինգա Զարաֆյանը նաև տեղեկացրեց, որ Հրազդանում կա նաև ոսկու հանք, որի արդյունահանման աշխատանքները ևս սկսվել են: Զարաֆյանի փոխանցմամբ, Հրազդանի ոսկու հանքի արդյունահանման նախագիծը կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2009 թ.-ից:
«Նախապատրաստական աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, սակայն դա դեռ չի նշանակում, թե հանքը չի արդյունահանվելու: Վաղ թե ուշ Հրազդանում մենք վտանգավոր օբյեկտ ենք ունենալու»,- մանրամասնեց Զարաֆյանը և նշեց, որ չնայած ոսկին արդյունահանվելու է ֆլոտացիոն կարգով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մաքուր վիճակում ոսկի չկա, այն իր հետ պարունակելու է բազմաթիվ խառնուրդներ և թունավոր նյութեր, որոնք էլ արդյունահանման դեպքում կմնան Հրազդանի տարածքում: Զարաֆյանը տեղեկացրեց, որ ոսկու հանքը գտնվում է Հրազդանից 5 կմ հեռավորության վրա, իսկ Կաքավաձոր համայնքից՝ 3 կմ:
«Ոսկե տենդի» փուլ Հայաստանում
Lragir.am
Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, այսօր անդրադառնալով Fortune Oil ընկերության կողմից Հրազդանում երկաթի հանքի շահագործմանը, ասել է, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են, իսկ դրա վտանգը սպառնում է ոչ միայն Հրազդան քաղաքին, այլ նաև Երևանին:
Անդրադառնալով Հրազդանում հանքարդյունաբերության ոլորտին` Ինգա Զարաֆյանը նշել է, որ Հրազդանում կառուցվում է ոսկի արդյունահանող ֆաբրիկա, որը պետք է պոչամբար ունենա: Ու չնայած ֆլոտացիոն ձևով պետք է ոսկի արդյունահանվի, բայց, Ինգա Զարաֆյանի խոսքով, ոսկի մեզանում «մաքուր ձևով» չեն արդյունահանում, միշտ հանդիպում է տարբեր խառնուրդների ծանր և տոքսիկ երևույթների հետ: Հանքը Հրազդանից գտնվում է մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա: Եվ սա ոչ միայն Հրազդանի, այլ նաև Երևանի ջրերին է վտանգ սպառնում, քանի որ եթե այդ երկու հանքը շահագործվի, ապա Երևանի խմելու ջուրը աղտոտված կլինի:
Ինգա Զարաֆյանը հանքարդյունաբերության ոլորտի մասին նշել է, որ այն անհանգստանալու տեղիք է տալիս, բացի այդ, նա լրագրողներին է ներկայացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալները` հանքարդյունաբերության հետ կապված: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում կան 706 ոչ մետաղական հանքավայրեր (տուֆեր, բազալտներ և այլն), որոնք ինտենսիվ շահագործվում են, 30 մետաղական, բազմամետաղական հանքավայրեր, որից արդեն 22-ը շահագործման մեջ են, 7 պղնձամոլիբեդենային հանքավայրեր, 4 պղնձի, 14 ոսկու և 2 բազմամետաղական հանքավայրեր, 2 երկաթի և մեկ ալյումինի հանքավայրեր:
Այս պահին 9 ոսկու և բազմամետաղական հանքավայրեր արդեն իսկ շահագործման մեջ են: Ինգա Զարաֆյանը նաև նշել է, որ 171 լիցենզավորված ընկերությունների իրավունք է տրված երկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար , որոնցից 38 լիցենզիա տրված է ոսկու համար: Ինգա Զարաֆյանի խոսքով, հիմա «ոսկե տենդի» փուլում ենք:
Զարաֆյան. Այս փոքր տարածքում բոլորը հանքավայրեր են որոնում, սա փոքր Հայաստանն է
Panorama.am
Եթե գործեն Հրազդանի և Աբովյանի երկաթահանքերը, ապա Երևանի խմելու ջրի 35 տոկոսը վտանգված կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը, նշելով, որ դա փաստել է երկրաբանը: Այսօր բանախոսը մտահոգություն հայտնեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, նշեց, որ Հրազդան քաղաքը ծածկվում է հանքարդյունաբերության վտանգավոր օբյեկտներով:
«Զարմանում եմ, թե ինչպես են հանքերի փորձաքննության արդյունքում ստացվել դրական եզրակացություն: Չինացիները զարմացել էին այդ տարածքներում ջրաղբյուրներ տեսնելով: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից »,-ասաց նա:
Բնության ու շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ այս ՀԿ-ի անդամների անհագստությունն էլ ավելի է մեծացել, երբ բնական պաշարների և էներգետիկայի նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն, Հայաստանում կա 706 ոչ մետաղական և 30 մետաղական հանքավայր, որից 22-ն արդեն շահագորվում է:
Վկայկոչելով իր ձեռքի տակ եղած տվյալները, Զարաֆյանը նաև հայտնեց, թե 171 լիցենզավորված ընկերություններ իրավունք ունեն երկրաբանական հետազոտական աշխատանքներ իրականացնել: Այդ 171-ից 38 ընկերությանը լիցենզիան տրամադրված է միայն ոսկու համար:
«Այս փոքր տարածքում բոլորը հանքավայրեր են որոնում: Եթե ինչ-որ տեղ ոսկու հետք կա, սկսում են որոնողական աշխատանքները: Ի՞նչ է, այդ փոքր ոսկու համար պետք է ամբողջ տարածքը պայթեցնե՞նք: Սա ԱՄՆ-ի հսկայական տարածքները չեն, սա փոքր Հայաստանն է»,-ասաց բանախոսը:
Նա դժգոհեց, որ հանքավայրերն այժմ բաց համակարգով են շահագործվում, որն էլ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա` հատկապես հողի և ջրի վրա:
«Եթե մեզ մոտ շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողերը, անտառային տարածքները, ջրային աղբյուրները, պետք է գնահատել վնասը: Այնուհետև պետք է ստիպել վնասը հասցրած ընկերություններին, որ նրանք վնասը փոխահատուցեն»,-եզրափակեց նա:
Նոր հանքավայր` մայրաքաղաքի խմելաջրի հաշվին
Aysor.am
Եթե շահագործվի Հրազդանում կառուցվող երկաթի արդյունահանող ֆաբրիկան, որը պետք է ունենա պոչամբարներ, վտանգի մեջ կհայտնվի Հրազդանի և Երևանի խմելաջուրը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զառաֆյանը:
Նրա խոսքով մայրաքաղաքի ջրի աղտոտման վտանգի մասին ասել է նաև հայտնի երկրաբան Ռուբեն Յադոյանը: Ի.Զառաֆյանին զարմացնում է փաստը, թե ինչպես են հանքարդյունաբերող ընկերությունների նախագծերը դրական եզրակացություն ստացել համապատասխան մարմինների կողմից, եթե կա խմելու ջրի հարցը:
«Պետք է փոխել տնտեսական մոտեցումները և ստիպել`աղտոտման համար հարկ վճարել: Եթե շարքից դուրս են գալիս մեր գյուղատնտեսական նշանակության հողերն ու անտառային տարածքները, ջրային աղբյուրները, պետք է գնահատել` ինչ արժե այդ վնասը ու ստիպել ընկերություններին, որ փոխհատուցեն»,- առաջարկեց Ի.Զառաֆյանը` Aysor.am-ին պարզաբանելով, որ եթե շահագործող ընկերությունը շատ փող մուծի, նաև շահագրգռված կլինի քիչ աղտոտելու:
Բանախոսը օրինակ բերեց Սյունիք համայնքը, որն աղտոտվում է Շահումյան ոսկեբազմամետաղական հանքից դուրս եկած թափոններից, որոնք Նորաշենիկ գետի միջոցով հասնում են Արծվանիկի պոչամբար և աղտոտում համայնքը: Համայնքում, ըստ Ի.Զառաֆյանի, էկոլոգենոսֆերային հետազոտությունը ցույց է տվել, որ տոքսիկ մարմինների` սնդիկի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանային գիծը:
«Մի անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը բացահայտ ասաց, որ իրենց կովերը չեն սնվում այդ աղտոտված ջրով ու կերով, այլ ջուրն ու սնունդը ուրիշ`մաքուր տեղից են բերում, բա հիմա պատկերացնո՞ւմ եք, այնտեղ ապրող մարդիկ սնվում են կադրիով ու սնդիկով, իսկ կովերը` ոչ»,- ասաց Ի.Զառաֆյանը:
Նրա խոսքով` արդյունաբերական թափոններով տարածքները երկրորդային հանքեր են, օրինակ` սնդիկի, ռենիումի, տալիումի, վանադիումի պարունակությամբ թափոնները, որոնց բարձր տեխնոլոգիաներով մշակելու ու շահագործելու դեպքում բնությանն ավելի քիչ վնաս կարող է հասցվել:
Ըստ հ/կ նախագահի` եթե հանքարդյունաբերությունն այսպիսի տեմպերով ու սկզբունքներով շարունակվի ու, օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանն ու Զանգեզուրի կոմբինատն ավելի շատ հանքանյութ արտահանեն տարեկան, քան հիմա (ներկայում տարեկան արտահանում են 14 միլիոն տոննա), ապա արտադրական թափոններնն ու աղտոտումըն ավելի շատ կլինեն:
«Մաստրիկ գետը կդառնա թափոնատար, ինչպես դարձել է Աղթալայի գետը: Այդ գետը դարձել է իսկական կիսլատա: Մնք ձեռք ենք տվել գետին, մեր ձեռքը վառվել է թթվի պարունակությունից»,-օրինակ բերեց Ի.Զառաֆյանը` վստահեցնելով, որ ամենածար միգրացիան էկոլոգիական միգրացիան է:
Ըստ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալների` Հայաստանում կան 706 ոչ մետաղական հանքավայրներ, որոնք շահագործվում են և 30 մետաղական, բազմամտեղական հանքավայրեր: 30 հանքավայրից 22-ը շահագործման մեջ են, դրանցից 7-ը պղնձամոլիբդենային են, 7-ը` պղնձի, 14-ը`ոսկե, 2-ը բազալտի, 2-ը`մետաղական, երկու երկաթի , երկու ալյումինի:
Ինգա Զառաֆյանի ներկայացրած մեկ այլ ցուցակում կան 171 լիցենզավորված ընկերություններ, որոնք իրավունք ունեն երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու: Լիցենզիաներից 38-ը տրված է ոսկու համար:
Հուլիս 11, 2011 at 18:19
