ՀՀ-ում ընդերքի նախարարության անհրաժեշտության մասին

ՀՀ-ում ընդերքի նախարարության անհրաժեշտության մասին

Հ.Ավագյան` երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, Հայոց Աշխարհ

Հայաստանում մինչեւ 2006թ. շահագործվել են մետաղական օգտակար հանածոների 14 հանքավայրեր, որոնցից 3-ը այժմ պահածոյացված է։ Հետախուզվել, գնահատական են ստացել եւ պատրաստվում են շահագործման եւս 4 հանքավայրեր։ Հետախուզվում են շահագործվողներից 3-4 անգամ ավելի (56) հանքաերեւակումներ։ Հետախուզվող հանքավայր-հանքաերեւակումների կես մասը շահագործման մեջ ներգրավելուց հետո Հայաստանի այս փոքրիկ տարածքում կգործեն 4 տասնյակից ավելի մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր։
  
Շահագործվում են մի քանի հարյուր ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր, որոնց գերակշիռ մասը գտնվում է Արարատյան գոգահովտի եւ Արագածի նախալեռնային գոտու տարածքում։
  
Նշենք, որ ներկայումս լեռնահանքային արդյունաբերությունը ամենամեծն է՝ երկրի բյուջեում իր մասնաբաժնի առումով։
  
Մի քանի խոսք այն մասին, թե ինչպես են շահագործվում մեր հանքավայրերը։
  
Մետաղական օգտակար հանածոների գծով. այժմ շահագործվող բոլոր հանքավայրերը՝ պղնձամոլիբդենային, պղինձ-հրաքարային, ոսկի-բազմամետաղային, ոսկեբեր՝ ոսկի-սուլֆիդային կազմավորման բոլոր հանքավայրերը, առանց բացառության, շահագործվում են շատ ցածր արդյունավետությամբ։
  
Նախ՝ թողարկվում են միայն ու միայն կիսաարտադրանքներ (չհաշված մաքուր երկաթի գործարանում վերամշակվող մոլիբդենի խտանյութերը), որոնց պարունակած հիմնական մետաղները խտանյութերի վաճառքի ժամանակ գնահատվում են համարյա կես գներով (55-56-ով)։
  
Երկրորդ՝ խտանյութեր անցած հիմնական տարրերի հետ հարակից տարածված շատ ու շատ եւ խիստ արժեքավոր տարրերը վաճառքի ժամանակ չեն գնահատվում եւ դրանց արժեքները չեն փոխհատուցվում (փաստորեն նվիրվում են օտար գնորդներին)։ Չեն գնահատվում նույնիսկ այնպիսի արժեքավոր տարրեր, որպիսիք են մոլիբդենի հետ սերտորեն կապված եւ մոլիբդենից մոտավորապես 125-130 անգամ թանկ ռենիումը։ Չեն գնահատվում եւ նվիրվում են խտանյութեր անցած սելենը, տելլուրը, բիսմուտը, կադմիումը, գալիումը, գերմանիումը, ինդիումը, ծծումբը, երկաթը եւ այլն։
  
Երրորդ՝ հանքաքարերի մշակման նախնական՝ հանքահարստացման փուլում տեղի են ունենում զգալի (մինչեւ 30-40) կորուստներ ոչ կատարյալ տեխնոլոգիաների պատճառով։ Հիմնական օգտակար տարրերի կորզումները կազմում են 60-70, լավագույն եւ բացառիկ դեպքերում 80-82)։
  
Չորրորդ՝ հանքավայրերում, կարելի է ասել բոլոր կազմավորումների հանքավայրերում, հանքաքարերի հարստացման գործընթացներում չեն կորզվում եւ պոչամբարներ են թափվում առատորեն տարածված պիրիտ, իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում նաեւ մագնետիտ հանքանյութերը, որոնց հետ սերտորեն կապված են ոչ միայն դրանց հիմնական երկաթ եւ ծծումբ տարրերը, այլեւ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, տելլուր, վանադիում, տիտան եւ այլ տարրեր։
  
Չի կորզվում նաեւ Քաջարանի հանքավայրում տարածված սկանդիում մետաղը, եւ, երբ այդ բոլորը, ինչպես նաեւ դրանց 30-40 տոկոսի թերկորզման հետեւանքով պոչամբարներ են թափվում հարյուրավոր եւ հազարավոր տոննաներով ծանր մետաղներ եւ թունավոր տարրեր, դրանք առաջացնում են էկոլոգիական աղետներ։
  
ԽՍՀՄ օրոք հանքավայրերի շահագործման հանքահարստացման փուլում պարտադիր պայման էր օգտակար տարրերի կորզումների պահպանումը տեխնոլոգիական մշակումների արդյունքով նախագծով նախատեսված չափաքանակների գծով։ Սակայն շատ հաճախ հանքահարստացնող ձեռնարկությունները, ի վիճակի չլինելով ապահովելու այդ կորզումները, դիմում էին խաբեության՝ արդյունահանում ու մշակում էին ավելի շատ հանքաքարեր եւ դրանց կորզումները վերագրում էին նախագծով նախատեսված քանակներին։ Ստացվում էր, որ խաբեությամբ կատարվում էր կորզումների պլանը, որի համար էլ աշխատողներից ոմանք պարգեւ էին ստանում։
  
Չի բացառվում, որ այժմ եւս այդպես է կատարվում որոշ ձեռնարկություններում։ Այժմ դա ավելի դյուրին է եւ ձեռնտու լեռնահանքային ձեռնարկությունների տերերին, քանի որ նրանք ընդերքօգտագործման համար վճարներ են կատարում (որքան քիչ ցույց տրվի հանքաքարի արդյունահանումը, այնքանով քիչ կվճարվի բնօգտագործման եւ բնապահպանության վճարները)։
  
Հարց է առաջանում. ո՞վ է վերահսկում հանքաքարի արդյունահանումն ու օգտակար տարրերի կորզումները։ Կարծում ենք, դեռեւս ոչ ոք։ Այդ շատ կարեւորագույն գործը կարող է եւ պետք է կատարի կառավարությունը ընդերքի նախարարության միջոցով։ Բնականաբար այդ նախարարությունը պետք է ունենա ինչպես փորձառու եւ որակյալ երկրաբան մասնագետներ, այնպես էլ նույնքան փորձառու եւ որակյալ գեոդեզիստ-մարկշեյդերներ, որոնք էլ հսկողության տակ պետք է պահեն բոլոր լեռնահանքային ձեռնարկությունների աշխատանքները։ Հետեւապես առաջարկում ենք կառավարությանն առընթեր ստեղծել ընդերքի նախարարություն։
  
Մետաղական օգտակար հանածոների հանքահարստացման աշխատանքների վերաբերյալ նախարարությունը յուրաքանչյուր աշխատանքային տարվա ավարտին լեռնահանքային ձեռնարկություններից պետք է ստանա «5rp» ձեւի (խորհրդային իշխանության կողմից մշակված) տարեկան հաշվետվություններ, ստուգման ենթարկի դրանց ճշմարտացիությունը եւ լիարժեքությունը։
  
Լեռնահանքային եւ մետալուրգիական ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման նպատակով նախարարության ենթակայության տակ պետք է գործի հանքահարստացման տեխնոլոգիական լաբորատորիան, որի կողմից մշակումներ պետք է կատարվեն հանքահարստացման ընթացքում կորզելի օգտակար բոլոր տարրերի կորզումների բարելավման (կորզումների տոկոսների գերագույն աստիճանի բարձրացման, համաշխարհային չափաքանակներին համապատասխանեցման եւ բնական միջավայրի անվտանգ պահպանման) առումով։
  
Նախարարության հաջորդ կարեւորագույն գործը պետք է լինի խթանիչ դեր ունենալը խտանյութերի վերամշակման մետալուրգիական գործընթացների ներդրման (մետալուրգիական գործարանների կառուցման), կորզված օգտակար տարրերի մաքրման ու զտման, մետաղարտադրանքների արտադրական ցեխերի կառուցման գործում։
  
Ներկայումս լեռնահանքային ձեռնարկությունները ստանում են սպասվող հասույթի հազիվ 25 տոկոսը, իսկ մետալուրգիական գործարաններ ունենալու պարագայում դրանց հասույթը կարող է կրկնապատկվել ու եռապատկվել։

Հուլիս 18, 2011 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր