Հանքարդյունաբերությունը որպես Հայաստանի ազզգային անվտանգության սպառնալիք

Հանքարդյունաբերությունը որպես Հայաստանի ազզգային անվտանգության սպառնալիք

ԱրմԻնֆո

Հայ էկոլոգները իշխանություններին կոչ են անում մորատորիում հայտարարել հանքարդյունաբերության նոր արտոնագրերի տրամադրման նկատմամբ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով` մորատորիումը պետք է մտցնել 5 տարի ժամկետով: «Այսօրվա դրությամբ Հայաստանը բախվել է ծանր էկոլոգիական խնդիրների հետ: Բավական է ասել, որ հանրապետությունում 15 պոչամբար կա, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար: Այս ֆոնի վրա կառավարությունը շարունակում է ընդերքօգտագործման արտոնագրեր տալ` անտեսելով այնպիսի ոլորտների զարգացումը, ինչպիսին են տուրիզմը եւ մաքուր գյուղատնտեսությունը»,- նշեց Դանիելյանը մամլո ասուլիսի ժամանակ:

Փորձագետը մասնավորապես ուշադրություն դարձրեց Սվարանցի հանքավայրի շահագործման նախագծի վրա, որը գտնվում է Տաթեւի վանական համալիրի անմիջական հարեւանությամբ: Տաթեւի ռեստավրացիայի եւ ճոպանուղու կառուցման համար ծախսվել են միլիոնավոր դոլլարներ, սակայն հիմա զբոսաշրջիկները կանգնել են ոչ թե մշակութային հուշարձաններով հմայվելու հեռանկարի առաջ, այլ հանքի շահագործումից փոշի շնչելու առաջ: Դանիելյանը նշեց, որ այդ տարածքով է անցնելու Սվարանցի հանքավայր տանող ճանապարհը, այնպես որ զբոսաշրջիկների համար լրացուցիչ «բոնուս» կլինի հանքանյութ տեղափոխող ծանր տեխնիկան:

Ավելի մեծ խնդիրներ է սպառնում Հրազդանի հանքավայրի շահագործումը, որը տեղակայված է քաղաքի վերեւում: Հանքից ընդամենը 2-3 կմ-ի վրա գտնվում են բնակելի տներ եւ դպրոցներ, իսկ ոչ հեռվում հոսում է Հրազդան գետը, որը հետո ոռոգում է Արարատյան դաշտավայրը:

Վտանգն այն է, որ Հրազդանի երկաթահանքի տակով անցնում են Սեւանի ավազանի ջրերը: Եթե հանքանյութի արդյունահանման համար կատարվող պայթեցման աշխատանքները դիպչեն ստորգետնյա ջրերի մակարդակին, ապա նրանք դուրս կհորդեն եւ ուղի կգտնեն դեպի հանք: Արդյունքում կցամաքի Մաքրավան-2 աղբյուրը, որը ջրով ապահովում է Հրազդան, Աբովյան, Չարենցավան եւ Ծաղկաձոր  քաղաքներին:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է վերանայել արտոնագրերը, որոնք տրամադրվել են Սվարանցի, Հրազդանի եւ Աբովյանի հանքավայրերի համար: Այսօր հանքարդյունաբերությունը իսկական վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը»,- ընդգծեց Դանիելյանը:

Հուլիս 25, 2011 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր