Ի՞նչ է Հայաստանից Չինաստան տեղափոխելու Հարավկովկասյան երկաթուղին

Ի՞նչ է Հայաստանից Չինաստան տեղափոխելու Հարավկովկասյան երկաթուղին

ԷկոԼուր

Վերջին տարվա ընթացքում ամրացել են Չինաստանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Չինաստանն անվանեց արտաքին առեւտրի խոշոր գործընկեր, ընդ որում, առեւտրային շրջանառության մեջ 2010թ. ծավալն աճել է 44%-ով առավելապես ներմուծման շնորհիվ: Ինչպես հայտնի է, 437 միլիոն դոլլարի   տարեկան շրջանառությունից արտահանումը կազմել է ընդամենը 31 միլիոն դոլլարի:

Չինաստանից ներմուծված ապրանքը մենք տեսնում ենք խանութներում` հագուստ եւ կոշիկ, կենցաղային եւ էլկտրատեխնիկական ապրանքներ, սպասք, խաղալիքներ, գրենական պիտույքներ ... Չինացիների ծրագրերում ընդլայնումն է ու ընդլայնումը: Օրինակ, չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման նկատմամբ: Երեւանի եւ Պեկինի քաղաքապետերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, եւ լուծվեց վարկի հիման վրա Երեւանին 400 ավտոբուս տրամադրելու հարցը: Իսկ ի՞նչ ենք մենք արտահանելու Չինաստան: Եթե հետեւենք ներկայիս տրամաբանությանը, ապա արտահանելու ենք այն, ինչ արտահանում ենք հիմա`գունավոր մետաղներ եւ հանքանյութ: Պատահաբար չէ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլին հայտարարեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստ է ապահովել երկաթի հանքանյութի եւ կոնցենտրատի տեղափոխումը Հայաստանից Չինաստան, եւ համապատասխան համաձայնագիրը չինական կողմի հետ արդեն ստորագրված է, քննարկվել է մատակարարման շղթայի աշխատանքային հնարավորությունները, ինչպես նաեւ հայկական Հրազդան քաղաքում լեռնահանքային կոմբինատի կառուցման տեխնիկական պայմանների հարցերը:

Այստեղ խոսքը Հրազդանի երկաթահանքի շահագործման մասին է, որը մտադիր է սկսել չինական «Fortune Oil» ընկերությունը, եւ եւս երկու հանքավայրերի մասին` Աբովյանի եւ Սվարանցի: Ընկերությունը հայտարարեց, թե մտադիր է այդ նախագծում ներդնել 500 միլիոն դոլլար: Իսկ վերջերս ասեկոսեներ եղան, որ չինացիները մտադիր են ձեռք բերել նաեւ այլ հանքավայրերի ակտիվներ, եւ բանակցություներ են տարվում ոսկու երկու հանքավայրերի համար: Թեպետ դրանք դեռ լուրեր են, բայց մեր փորձից ելնելով կարող ենք ասել, որ նման լուրերը բավականին մեծ հիմք ունեն: Պարզ է մի բան, որ ոսկու երկրաբանահետախուզական աշխատանքների համար տեղական ընկերություններին տրամադրված 38 արտոնագրերն իրական տերերին` նաեւ չինացիներին, երկար սպասեցնել չեն տա:

Օգոստոս 12, 2011 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր