Հայկական ընդդիմությունը որոշեց իր ուշադրության ոլորտում ներգրավել նաեւ էկոլոգիական անվտանգության հարցերը

Հայկական ընդդիմությունը որոշեց իր ուշադրության ոլորտում ներգրավել նաեւ էկոլոգիական անվտանգության հարցերը

ԷկոԼուր

Շուտով Հայ ազգային կոնգրեսը հանրության քննարկմանը կներկայացնի էկոլոգիական անվտանգության համապարփակ հայեցակարգ, ինչպես նաեւ շրջակա միջավայրի յուրաքանչյուր ինքնաբավ ոլորտների կարգավորմանը վերաբերող գործողությունների ծրագիր: Այս մասին նշված է ՀԱԿ-ի բաց դիմումում, որը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Դիմումում մասնավորապես նշված է. «Վերջին տարիներին կատարված համատարած ու անվերահսկելի ծառահատումները, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, բնական պաշարների վրա տոտալ ու գիշատիչ հարձակումը ամբողջությամբ հյուծել է հայրենի բնությունը` հանգեցնելով էկոլոգիական պայթյունավտանգ իրավիճակի:

Ներկայումս Հայաստանում գործունեություն են ծավալում շուրջ 500 հանքարդյունահանող ձեռնարկություններ, եւս շուրջ 300-ը գտնվում են լիցենզավորման փուլում: Դժբախտաբար, հանքերի զգալի մասը գտնվում են երկրի ամենագողտրիկ եւ անտառածածկ հատվածներում: Հանքերի՝ հատկապես բաց եղանակով շահագործման պատճառով բնությանը հասցվում են անվերականգնելի կորուստներ: Ոչնչացված բնությունը վերակենդանացնելու համար կպահանջվի երկար տարիների համառ եւ հետեւողական աշխատանք:

Որոշ հանքարդյունահանող կազմակերպություններ հանքի ենթակառուցվածքները տեղակայում են երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնական համալիրների հետ անթույլատրելի հեռավորության վրա կամ ուղղակիորեն բնության սրտում: Անօրինական եւ հանցավոր մի ձեռնարկում է Սեւանա լճի անմիջական հարեւանությամբ կառուցվող Սոթքի ջարդիչ-տեսակավորող կայանի կառուցումը: Դրա գործունեության հետեւանքով լճին կարող է հասցվել այնպիսի վնաս, որ անդառնալիորեն կորստյան կմատնի Սեւանը: Այդ վայրում արդեն իսկ արձանագրվել են մուտացիոն ծնունդներ:

Հանքային անվերահսկելի բիզնեսը չի շրջանցում նաեւ առողջարանային եւ հանգստի գոտիները: Իշխանություններն աղմկում են տուրիզմի զարգացման մասին, հսկայական գումարներ են ծախսում Տաթեւում ճոպանուղի կառուցելու համար` միաժամանակ Տաթեւին անմիջապես հարակից տարածքում նախատեսում են Սվարանցի երկաթահանքի շահագործում, որի արտանետած փոշու եւ թույների պատճառով այլեւս ոչ մեկը չի համարձակվի գնալ Տաթեւ: Ամուլսարի հանքի բաց շահագործման պարագայում մենք կորցնելու ենք Ջերմուկի առողջարանը: Հրազդանի երկաթի հանքի շահագործման հետեւանքով տոքսիկ թափոններով թունավորվելու են հանքավայրից 700-800 մետր հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրները` Հրազդան գետի ջրահավաք ավազանը, որտեղից էլ ապահովվում է Երեւանի խմելու ջրի շուրջ 40 տոկոսը: Այսպիսի պայմաններում Հայաստանում ոչ միայն չի մնալու հանգստի եւ առողջարանային գոտի, այլեւ գյուղմթերք արտադրելու համար պիտանի հողատարածք եւ խմելու համար պիտանի ջուր:

Հատկապես աղաղակող են Թեղուտի հանքավայրը կոնցեսիոն կառավարման հանձնելու ընթացում թույլ տրված վայրենի իրավախախտումները: Հանքը շահագործելու համար բնական միջավայրի այսօրինակ անխիղճ ոչնչացումը սկզբունքորեն անթույլատրելի է` անկախ տնտեսական օգուտի չափից: Թեղուտի, ինչպես նաեւ Հայաստանում շահագործվող հարյուրավոր հանքավայրերի շահագործումը իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան բնական պաշարների բացահայտ թալան: Բնառեսուրսների ոչնչացման համար շահագործող կազմակերպությունները վճարում են ծիծաղելի ցածր գներ:

Հանք շահագործողները, ոլորտի պատասխանատու պաշտոնյաների եւ տարբեր ֆինանսավարկային կառույցների հետ հանցավոր համագործակցության պայմաններում, որդեգրել են նոր, ամոթալի գործելակերպ` խուսափելով բնապահպանների դիմադրությունից, նրանք գաղտագողի ֆինանսավորվում եւ սկսում են իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն` օրենքի կոպիտ խախտումներով: Այս կերպ է սկսվել թե Սոթքի ջարդիչ-տեսակավորող կայանի կառուցումը, եւ թե Թեղուտում այժմ իրականացվող շինարարությունը:

Անօրինական է Հրազդանի, Սվարանցի, Աբովյանի երկաթահանքերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման եւ դրանք չինական «Fortune Oil» ընկերությանը փոխանցման գործընթացը, որի համար պատասխանատու անձինք պետք է պատժի ենթարկվեն: Անթույլատրելի է նաեւ այդ հանքերի բաց շահագործման ծրագիրը, քանի որ այն հանգեցնելու է ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների աղտոտման, հարակից տարածքի բնակչության զանգվածային տեղահանման: Անտառների հատումը, ջրային ռեսուրսների թունավորումն ու անբարեխիղճ կառավարումը, հողի աղտոտումը, քաղաքային այգիների եւ պուրակների «սրճարանացումը», կանաչ գոտիների հաշվին երկնաքերների կառուցումը, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի` տրամվայի վերացումը հանգեցրել են էկոլոգիական ճգնաժամի, որն արտահայտվում է մարդկանց առողջության եւ հոգեկան հավասարակշռության վրա:

Հայաստանում այլեւս գրեթե չեն մնացել տարածքներ, որտեղի գյուղմթերքը առողջության համար վնասակար չլինի: Մարդիկ սնվում են թունաքիմիկատներով եւ ծանր մետաղներով հարստացված մրգով եւ բանջարեղենով: Մթնոլորտի եւ շրջակա միջավայրի այսօրինակ աղտոտման հետեւանքով վերջին շրջանում կտրուկ ավելացել են սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդությունները: Այդ հիվանդություններից մահացության թիվը կազմում է մահացության ընդհանուր կառուցվածքում մինչեւ 70 տոկոսը:

Ունենալով համալիր բնույթ` ոլորտին վերաբերող խնդիրներն անմիջականորեն ազդում են մարդու` առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող բոլոր հիմնահարցերին: Էկոլոգիական քաղաքականության տիրույթում են գտնվում առողջապահության, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, ներքին եւ արտաքին միգրացիայի հիմնախնդիրները: էկոլոգիայի առջեւ ծառացած եւ Հայաստանի բնակչության համար հրատապ կարեւորություն ներկայացնող խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տրամագծորեն փոխել շրջակա միջավայրի տոտալ ոչնչացման բերող գործելաոճը: Այդ խնդիրները անհասանելի ու անհասկանալի են ժամանակավորության ենթագիտակցությամբ եւ թալանի հոգեբանությամբ ապրող այսօրվա ավազակապետական իշխանության համար»:

Սեպտեմբեր 02, 2011 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր