«Սագամար» հարստացուցիչ ֆաբրիկան պատրաստվում է ստարտի, սակայն դա չի ուրախացնում տեղաբնակներին

«Սագամար» հարստացուցիչ ֆաբրիկան պատրաստվում է ստարտի, սակայն դա չի ուրախացնում տեղաբնակներին

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյան, www.aarhus.am

2011թ. երկրորդ կիսամյակում նախատեսվում է հարստացուցիչ կոմբինատի շահագործումը: «Սագամար» հանքավայրը, որի ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 1,8քառ. կմ., գտնվում է Արմանիս գյուղի հարևանությամբ և Ստեփանավանի թաղամաս է, առայժմ չի շահագործվում: Մի քանի տարի կատարվում էր որոնման և գնահատման աշխատանքներ: Այժմ այդ բոլոր աշխատանքները ավարտվել են և սպասվում են գործողություններ: Այսինքն, կոմբինատը որի կառուցումը սկսվել է 2008 թ. պետք է սկսի գործել:

Հարկ է նշել, որ այս ծրագիրը ամենախոստումնալից ներդրումներից է, որը իրականացվում է Հայաստանում ռուսական “НЕВА-РУСЬ” ընկերության կողմից: Սպասվում է, որ նոր ձեռնարկությունը յուրաքանչյուր տարի կարող է վերամշակել 500-600 հազար տոննա հումք: Վերամշակումից կստացվի ոչ միայն ոսկի, այլ նաև արծաթ, պղինձ, ցինկ և այլ մետաղներ:

Ամբողջ ծրագրի արժողությունը կազմում է 62 միլլիոն ԱՄՆ դոլլար, որից 26 միլիոնի սահմանում նախատեսվում է ստորերկրյա շինություններ կառուցել, 7-8 միլիոնը օպերացիոն աշխատանքների համար և 24 միլիոնը վարչական տարածքների կառուցման համար:

Ձեռնարկության գործադիր տնօրենի խոսքերով, ներկայումս աշխատում է 300 մարդ, իսկ երբ կոմբինատը աշխատի մարդկանց քանակը կգերազանցի 500-ից: Նոր ձեռնարկության տարբերիչ հատկանիշներից է ` ժամանակակից լաբորոտորիան, որը հերթափոխային կարգով կգործի գիշեր և ցերեկ: Ըստ կոմբինատի տնօրենի այդպիսի լաբորատորիան թույլ կտա ժամանակին հայտնաբերել ամենաաննշան շեղումները թույլատրելի սահմանից և լրջորեն մոտենալ էկոլոգիական հարցերին:

Այնուամենայնիվ այս ամենը չի ոգևորում տեղաբնակներին, այլ ավելի շուտ տագնապ է առաջացնում նրանց մոտ: Վերջիններս վախենում են կոմբինատի շահագործումից առաջացած վտանգաբեր հետևանքներից: Էկոլոգները իրենց հերթին տեսնում են Չքնաղ գետի անխուսափելի աղտոտումը, որը Ձորագետի վտակն է: Վտանգը սպառնում է նաև մարդկանց առողջությանը, որոնք ապրում են Արմանիսում հանքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, և ստեփանավանցիներին որոնք հանքից գտնվում են 7,5 կմ հեռավորության վրա: Ավելացնենք, որ պայթյունների արդյունքում Արմանիսի շատ տներ դարձել են վթարային: «Սագամար» ընկերությունը, օգտվելով այն փաստից, որ տեղաբնակները տեղյակ չեն եղել հողի կադաստրային գներից, տեղաբնակներից հողը գնել է քառակուսի մետրը 25-դրամով` 25 դրամով հող որտեղ ոսկի կա: Ով է տալու դրա պատասխանը:

Մի տխուր փաստ ևս, հանքի տնօրինությունը էկոլոգներին արգելում է մտնել հանքի տարածքը, որը նույնպես մտահոգութուն է առաջացնում:

Այս ամենը հնարավոր է դարձնում փաստել, որ այս բիզնեսի ընդլայնման հիմնական խթաններից են հանդիսանում անօրինականությունների արդյունքում ապահովվող էժանագին հողային պաշարները և արտադրական ծախսերի վերաբաշխումը հասարակության և բնության վրա, որոնք էլ թույլ են տալիս այս ընկերություններին խնայել զգալի նյութական միջոցներ` մի բան, որն անհնարին կլիներ թափանցիկության և օրինականության պայմաններում

Այնուամենայնիվ «Սագամարը» շուտով կսկսի գործել, սակայն դա չի ուրախացնում ստեփանավանցիներին:

Սեպտեմբեր 29, 2011 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր