

Հակոբ Բադալյան, Lragir.am
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է հարկային բազան ընդլայնելու նախաձեռնության մասին, որ լրացուցիչ եկամուտներ հավաքագրվեն 2012 թվականի բյուջեի նախագծում հարկային եկամուտների ավելացման ավելի քան 100 միլիարդ դրամ ցուցանիշը ապահովելու համար: Պարզ է, որ կառավարությանը փող է պետք, քանի որ թե տարին է ընտրական, թե Տիգրան Սարգսյանն ի վերջո պետք է միջազգային ֆինանսական կառույցներին ցույց տա իր գործունակությունը, քանի որ նրանք տեւական ժամանակ է մատնանշում են հարկերի հավաքագրման ցածր մակարդակի խնդիրը:
Սակայն այստեղ հետաքրքրական է մեկ այլ կարեւոր խնդիր` արդյոք Տիգրան Սարգսյանը կկարողանա բացել հանքային ոլորտը հարկայինի առաջ: Միջազգային ֆինանսա-տնտեսական կառույցները այդ ոլորտի հանդեպ հարկային վարչարարության արդյունավետության խնդիրն արդեն տեւական ժամանակ է բարձրացնում են Հայաստանի իշխանության առաջ: Հանքային ոլորտը գերշահույթներ էր արձանագրում նախաճգնաժամային տարիներին, որոնք սակայն բավարար չափով կամ ընդհանրապես չէին հարկվում: Բայց երբ ճգնաժամը հասունացավ, եւ մետաղների դները համաշխարհային շուկայում ընկան, կառավարությունը ոչ թե այդ ընկերություններին հորդորեց այսպես ասած ապրել գերշահույթների հաշվին, այլ տասը միլիոն դոլար վարկ տվեց ոլորտին: Հետո այդ վարկն իհարկե ոլորտը արագ վերադարձրեց, երբ միջազգային շուկայում գներն աճեցին, բայց հատկանշականն այստեղ կառավարության քաղաքականությունն է:
Իսկ այդ հոգատարության պատճառը գուցե այն է, որ ոլորտը բաժանված է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Հայկական մամուլը բազմիցս գրել է, որ հանքային ոլորտում գերակա մասնակցություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ այդ հրապարակումների պաշտոնական հաստատում չկա: Տարբեր այլ պաշտոնյաներ չեն էլ թաքցնում ոլորտում իրենց սեփականատիրության փաստերը: Օրինակ, բնապահպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Մամուլը գրում է հանքային ոլորտում Հովիկ Աբրահամյանի եւ էլի այլ պաշտոնյաների ներգրավվածության մասին:
Թերեւս պարզ է, թե ինչու է առաջանում հանքային ոլորտի արդյունավետ հարկման խնդիրը եւ ինչու է այն բարձրանում Հայաստանի տնտեսական գոյատեւման եւ բարեփոխումներ իրականացնելու վարկեր տվող միջազգային կառույցների մոտ էլ:
Մի քանի ամիս առաջ հանքային ոլորտի հարկման խնդիրների մասին խորհրդակցություն էր հրավիրել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց դժվար է ասել, թե արդյոք ոլորտում դրանից հետո էապես փոխվել է պատկերը: Հարց է նաեւ, թե արդյոք հարկային բազան հաջորդ տարի կընդլայնվի մինչեւ հանքերը, թե հանքերը կմնան հետագայի համար, երբ վիճակը շատ նեղ դառնա, եւ միջազգային կառույցների պահանջներն էլ արդեն ուղեկցվեն վարկավորումը դադարեցնելու հետ:
Հոկտեմբեր 14, 2011 at 11:15
